
Արթուր Վանեցյան. «Ես շարունակում եմ պնդել, որ Արզուման Հարությունյանը ԱԱԾ լավագույն սպաներից է, ազնիվ գեներալներից մեկը»
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը ինչպես և պաշտոնը ստանձնելիս, այնպես էլ հիմա այն կարծիքին է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արզուման Հարությունյանը պրոֆեսիոնալ է։
Այս մասին խորհրդարանում մեր հարցին ի պատասխան՝ ասաց Արթուր Վանեցյանը, երբ հիշեցրինք, որ պաշտոնը ստանձնելիս ասում էր՝ Արզուման Հարությունյանը ոլորտի լավագույններից է, և եթե դա այդպես է, ինչու է աշխատանքից հեռացվել։
«Ես շարունակում եմ պնդել, որ Արզուման Հարությունյանն ԱԱԾ լավագույն սպաներից է, ազնիվ գեներալներից մեկը, նա իր անձնական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից»,- ասաց Վանեցյանը։
Մեր դիտարկմանը, թե հանրապետության նախագահի հրամանագրով է վերջինս ազատվել, Արթուր Վանեցյանն ասաց, որ ընթացակարգն է այդպիսին, և ԱԱԾ տնօրենի դիմումը բավարարվել է։
«Նա դիմում է ներկայացրել երկարաժամկետ ծառայության կապակցությամբ, որը բավարարվել է, և նա ազատվել է պաշտոնից։ Դիմումը բառացիորեն գրված է եղել՝ խնդրում եմ ազատել կենսաթոշակային տարիքիս լրանալու և երկարաժամկետ ծառայության համար»,- ասաց նա։
Երբ հիշեցրինք, որ Արզումյան Հարությունյանի՝ պաշտոնից ազատմանը անմիջապես հետևել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գագիկ Հարությունյանի հրաժարականը, որը ԱԱԾ պետի նախկին տեղակալի եղբայրն է, արդյոք այս դեպքերն իրար հետ կապված չեն, Վանեցյանը չցանկացավ պատասխանել։
Ինչ վերաբերում է ԱԱԾ պետի տեղակալի՝ թափուր մնացած պաշտոնին, Վանեցյանն ասաց, որ այդ պաշտոնում, ըստ օրենսդրության, պետք է նշանակվի ԱԱԾ ոլորտից որևէ պաշտոնատար անձ։
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին հանրապետության նախագահը հրամանագիր էր ստորագրել, որով ԱԱԾ հնաբնակ պաշտոնյա Արզուման Հարությունյանն ազատվել էր պաշտոնից։ Արզուման Հարությունյանը նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանի խնամին է։
Մեկնաբանել