
Դատավոր Դավիթ Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի վերաբերյալ գործով
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբորտ Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանն այսօր առավոտյան ինքնաբացարկ է հայտնել բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի և մյուսների վերաբերյալ գործը վերաբացելու դեմ ներկայացված բողոքի նիստում:
Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց գործով շահագրգիռ անձ համարվող Վիկտոր Մարտիրոսյանի փաստաբան Հրանտ Անանյանը:
Արամ Հարությունյանը, հիշեցնենք, մեղադրվում է 14 մլն դրամ կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ: Նրա մասնակցությամբ գործը հարուցվել է 2015 թվականին, ապա կարճվել ապացույցների անբավարարության հիմքով: Կարճման որոշումը կայացվել է 2017 թվականի փետրվարին, գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է կարճման որոշումը, սակայն 2018 թվականի հունիսի 7-ին՝ այն ժամանակ, երբ Հայաստանում արդեն իշխանափոխություն էր եղել, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գործարար Սիլվա Համբարձումյանի բողոքի հիման վրա վերացրել է կարճման, մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որոշումը: Այժմ գործի նախաքննությունը շարունակվել է: Հարությունյանը, ինչպես նաև գործով այլ մեղադրյալներ գտնվում են հետախուզման մեջ:
Գործի վերաբացման որոշման օրինականությունը բողոքարկել է մեղադրյալ Արաքս Դիլանյանը, նիստին մասնակցում են նաև շահագրգիռ անձանց՝ Արամ Հարությունյանի պաշտպան Կարեն Հակոբյանը և մեկ այլ մեղադրյալ Վիկտոր Մարտիրոսյանի պաշտպան Հրանտ Անանյանը, Սիլվա Համբարձումյանը:
Նշենք, որ երեկ տեղի ունեցած դատական նիստի ընթացքում քննարկման առարկա է դարձել հանգամանքը, որ գործարար Սիլվա Համբարձումյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանին կաշառք է փոխանցել հանքարդյունաբերության ոլորտում իրեն սատարելու կամ չխոչընդոտոլու համար:
Ստացվում է, Արամ Հարությունյանի ու մյուսների և Ռոբերտ Քոչարյանի գործերը որոշակիորեն առնչվում են միմյանց, քանի որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ինչպես սահմանադրական կարգի տապալման, այնպես էլ գործարար Սիլվա համբարձումյանից կաշառք ստանալու մեջ:
Հրանտ Անանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դատարանի որոշումն ու ինքնաբացարկի վերաբերյալ հիմնավորումները չի ստացել, ուստի հստակ խոսել դրա պատճառների մասին, չի կարող: Պաշտպանը հիշեցրեց, որ Դավիթ Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանի գործը կասեցնելու և սահմանադրական դատարան դիմելու որոշում է կայացրել, որը հասարակության կողմից բուռն է ընդունվել:
Ըստ պաշտպանի՝ Արամ Հարությունյանի և մյուսների գործը վերաբացելու դեմ իրենց բողոքները բավարարման էին ենթակա, սակայն դատավորը չի ցանկացել այն ոչ բավարարելու և ոչ էլ մերժելու որոշում կայացնել, ուստի ինքնաբացարկ է հայտնել:
Մեկնաբանել