
Աքորիի դպրոցում վաղվանից դասերը կվերսկսվեն
Այսօր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը իր կողմից Աքորի գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատար նշանակված Սիլվա Սիմոնյանի հրաժարականի հետ կապված «Հետքին» ասաց. «Դպրոցի տնօրենի տեղակալներ նշանակվում են մարզպետարանի համաձայնությամբ` դպրոցի տնօրենի կողմից:
Մեր ուսուցիչները, սակայն, պետք է գիտակցեն, որ իրենց առաքելությունը մեր երեխաների կրթությամբ զբաղվելն է, այլ ոչ թե անձնավորված խնդիրներ առաջադրելը: Ինչ վերաբերում է Անահիտ Մուսայելյանին, նա այսօրվա վիճակով ազատված է Աքորիի դպրոցի տնօրենի պարտականություններից, և նա նույնիսկ փոխտնօրենի պաշտոնում մեր կողմից չի երաշխավորվում: Ես չգիտեմ` նրան ուսմասվար նշանակելու խոսակցությունները որտեղից են գալիս: Համենայնդեպս, խորհուրդ կտամ մեր մանկավարժներին ուսումնական պարապմունքները նորմալ սկսել, որովհետև արդեն մեկ ամսից ավելի է` մեր երեխաները դպրոցում գիտելիքներ չեն ստանում, որը մեզ ավելի շատ է անհանգստացնում»:
Մարզպետը նաև ասաց, որ Ալավերդի գալիս ճանապարհին է իմացել իր կողմից դպրոցի տնօրենի պաշտոնակատար նշանակված Սիլվա Սիմոնյանի հրաժարականի մասին. «Ճանապարհին եմ իմացել, որ այսօր նույնպես Աքորիում դասերը չեն վերսկսվել, եթե նրանք նախկինում պահանջում էին, որ դպրոցում նշանակվի տնօրենի պաշտոնակատար և կառավարման խորհրդի կողմից անցկացվի տնօրենի նոր ընտրություն, երբ այդ պահանջը կատարված է, ինձ համար անհասկանալի է, թե ինչու սրանից հետո դասերը դպրոցում չեն վերսկսվել ինչ-ինչ պատճառներով: Անկեղծ ասած` ես դասերը չվերսկսելու հիմնական պատճառները դեռևս չգիտեմ, վաղը ինձ համար հասկանալի կդարձնեմ և հետևություն կանենք»,- ասաց Արթուր Նալբանդյանը:
Վերջինս նաև փաստեց, որ Աքորիի դպրոցի տնօրենի նոր ընտրությունը կանցկացվի դպրոցի կառավարման խորհրդի հին կազմով, քանի որ գործող օրենքը չի թույլատրում ընտրությունների ընթացքում փոխել խորհրդի կազմը: «Հետքը» մարզպետին տեղեկացրեց, որ դպրոցի տնօրենի պաշտոնակատար նշանակված Սիլվա Սիմոնյանն ասել է, որ նշանակումից հրաժարվել է Անահիտ Մուսայելյանի կողմից աշխատանքից ազատված փոխտնօրենների վերականգնման համար իր վրա եղած ճնշումների պատճառով: Մեր հարցին, թե ինչպես է վերաբերում մարզպետը օրենքով նյութական պատասխանատվություն չկրող երկու փոխտնօրեններին դպրոցի հանձնման-ընդունման աշխատանքներին չմասնակցելու պատրվակով աշխատանքից ազատելուն, Արթուր Նալբանդյանը պատասխանեց. «Նոր եմ իմացել այդ մասին, համենայնդեպս վաղը այդ հարցերը կուսումնասիրենք և հետևություն կանենք: Բայց ո՞վ է ասել մանկավարժներին, որ դասերի վերսկսումը իրենց պահանջներին խանգարում է: Թող դասերը վերսկսեին, հետո մեզ հետ քննարկեին կատարված անարդարացի քայլերը: Վերջ ի վերջո կարգ գոյություն ունի»:
Մարզպետը գտնում էր, որ ստեղծված իրավիճակում այլևս որևէ մեկի քմահաճույքով չի զբաղվելու: Այսօր երեկոյան Աքորիի դպրոցի տնօրենի ուսումնական գծով այս պահին նախկին փոխտնօրեն Սեդա Խլոպուզյանը «Հետքին» տեղեկացրեց, որ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը վաղը առավոտյան իր մոտ է հրավիրել դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պարտականություններից հրաժարված Սիլվա Սիմոնյանին և աշխատանքից ազատված 2 փոխտնօրեններին: Սեդա Խլոպուզյանը նաև հայտնեց, որ վաղվանից Աքորիի միջնակարգ դպրոցում ուսումնական պարապմունքները վերսկսվում են:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել