
Աքորիի դպրոցի տնօրենի հարցը դեռ լուծում չի ստացել
Այսօր Լոռու մարզպետարանի և Աքորի գուղի միջնակարգ դպրոցի դասադադարի մեջ գտնվող ուսուցիչների երկխոսությունը նորից չկայացավ: Առավոտյան` ժամը 9-ին, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Էդիկ Մացակյանը դպրոցի մանկավարժական կոլեկտիվին ներկայացրել է մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից դպրոցի տնօրենի պաշտոնակատար նշանակված Սիլվա Սիմոնյանին:
Վերջինս Աքորիի դպրոցում պատմության ուսուցչուհի է: Դպրոցի մանկավարժական կոլեկտիվը համաձայնել է մարզպետի նշանակմանը, սակայն ուսուցիչները պահանջել են իրենց աշխատանքում վերականգնել նաև Անահիտ Մուսայելյանի թիվ 1 հրամանով աշխատանքից ազատված դպրոցի տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ Սեդա Խլոպուզյանին և տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ Վանիկ Սիմոնյանին:
«Է. Մացակյանը ուսուցիչներին հայտարարեց, որ պաշտոնակատարը կարող է աշխատանքում վերականգնել ինձ և Վանիկ Սիմոնյանին, սակայն վերջինիս հետ տնօրենի աշխատասենյակում զրույցից հետո Սիլվա Սիմոնյանն անմիջապես հրաժարվեց պաշտոնակատարի պարտականություններից: Իմ տեղեկությամբ, առանձին զրույցի ընթացքում Է. Մացակյանի կողմից առաջարկվել է տնօրենի ուսումնական գծով տեղակալ նշանակել Անահիտ Մուսայելյանին, որին էլ Սիլվա Սիմոնյանը չի համաձայնել»,- հեռախոսով «Հետքին» հայտնեց Սեդա Խլոպուզյանը:
«Թե ինչու է հրաժարվել տնօրենի պաշտոնակատարի պարտականությունից» մեր հարցմանը` Սիլվա Սիմոնյանը պատասխանեց. «Որովհետև ես վստահ չեմ դպրոցի տնօրենի աշխատանքից ազատված տեղակալների` իրենց գործում վերականգնմանը: Ես մտավախություն ունեմ, որ այս դեպքում ես պետք է հակասությունների մեջ մտնեմ իմ աշխատանքային ընկերների և համագյուղացիների հետ, որը ես չեմ ցանկանում».- ասաց Սիլվա Սիմոնյանը:
Այսօր Աքորիի դպրոցում մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Էդիկ Մացակյանի անցկացրած քննարկումից հետո «Հետքին» զանգահարեցին նաև դպրոցի մի խումբ ծնողներ, ովքեր հայտնեցին, որ իրենց երեխաներին դպրոց կուղարկեն միայն դպրոցի տնօրենի տեղակալներին իրենց աշխատանքում վերականգնելուց հետո:
Նրանցից Գայանե Խանդամիրյանն ասաց. «Մեր դպրոցում ստեղծված վիճակը շատ ծանր է, բայց մենք պահանջում ենք տնօրենի անօրինական աշխատանքից ազատված տեղակալներին վերականգնել իրենց աշխատանքում»:
Անահիտ Մուսայելյանի կողմից Աքորիի միջնակարգ դպրոցի տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ Սեդա Խլոպուզյանը և մասնագիտացված աշխատանքների գծով փոխտնօրեն Վանիկ Սիմոնյանը իրենց զբաղեցրած պաշտոնից ազատվել են մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանի` հունվարի 31 –ի Անահիտ Մուսայելյանին տրված գրավոր հանձնարարականով` Էդիկ Մացակյանի` հունվարի 26-ի դպրոցի տնօրենի նշանակման հետ կապված հանձնման-ընդունման և կոլեկտիվին ներկայացնելու մասին զեկուցագրի հիման վրա:
Զեկուցագրի մեջ Էդիկ Մացակյանը հայտնում է. «Հանձնում-ընդունումը կատարվեց մասնակի` միայն դպրոցի գործավարական փաստաթղթերի մասով: Նյութական պատասխանատուներ` դպրոցի գլխավոր հաշվապահ Ա. Խանդամիրյանը, տնտեսվար Ռ. Թոմոյանը, գրադարանավարուհի Թ. Թոմոյանը, ինչպես նաև ուսումնական գծով փոխտնօրեն Սեդա Խլոպուզյանը, մասնագիտացված աշխատանքների գծով փոխտնօրեն Վ. Սիմոնյանը հրաժարվեցին հանձնման-ընդունման աշխատանքներին մասնակցելուց` գործադուլի մեջ գտնվելու պատճառով»:
«Ես ի պաշտոնե նյութական պատասխանատու անձ չեմ: Դասամատյանների մասով օրենքով պատասխանատվությունը դրվում է կամ տնօրենի, կամ էլ ուսմասվարի վրա: Մեր դպրոցի դեպքում դասամատյանների պատասխանատվությունը դրված է եղել դպրոցի տնօրենի պաշտոնակատար Կիմիկ Պետրոսյանի վրա, ով էլ հանձնման-ընդունման ժամանակ դասամատյանները հանձնել է Անահիտ Մուսայելյանին: Նյութական որևէ պատասխանատվություն չի կրում նաև փոխտնօրեն Վանիկ Սիմոնյանը: Ուստի մեզ աշխատանքից ազատելու մասին հրամանները անօրինական են»,- պարզաբանեց Սեդա Խլոպուզյանը:
Փաստն այն է, որ 1,5 ամիս խաթարված է Աքորիի դպրոցի 351 աշակերտների կրթությունը: Ոչ Լոռու մարզպետարանը եւ ոչ էլ կրթության եւ գիտության նախարարությունը, կարծես թե, ի զորու չեն լուծել դպրոցի տնօրենի հարցը: Առ այսօր հայտնի չէ, թե մարզպետարանի եւ կրթության եւ գիտության նախարարության պաշտոնյաներին ինչ շարժառիթներ են ստիպում ամեն գնով հասնել նրան, որ Աքորիի միջնակարգ դպրոցի տնօրեն կամ ուսմասվար նշանակվի Անահիտ Մուսայելյանը: Գուցե խնդիրը հենց այստեղ է:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել