
Դատարանը կասեցրել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի և Սեյրան Օհանյանի գործով վարույթն ու դիմել ՍԴ
Դատավոր Դավիթ Գրիգորյանը կասեցրել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործով վարույթն ու դիմել Սահմանադրական դատարան:
Այս մասին «Հետքի» հետ զրուցում ասաց Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
«Դատարանի որոշումը ստացել ենք քիչ առաջ: Խոսքը վերաբերում է 300.1 հոդվածի սահմանադրականության հարցին»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը՝ նշելով, որ որոշմանը դեռևս լիարժեք ծանոթ չէ:
Մեզ հետ զրուցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը նշեց, որ նրա խափանման միջոցի գործով որոշումից իր համար ակնհայտ էր, որ դատավորը պետք է դիմի Սահմանադրական դատարան:
Մասնավորապես, ըստ Ռուբեն Սահակյանի, դատարանը Քոչարյանի խափանման միջոցի գործով որոշմամբ նշել է. «Դատարանը գտնում է, որ առկա են որոշակի կասկածներ Ռոբերտ Քոչարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով վերագրված արարքի սահմանադրականության հարցը և նրան առհասարակ քրեական հետապնդման ենթարկելու անձեռնմխելության իրավունքի առկայությունը կամ բացակայությունը հետագայում ստուգելու առումով»:
Մեզ հետ զրույցում գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ասաց, որ դատախազությունը գործի վարույթը կասեցնելու դատարանի որոշման մասին տեղեկություն չունի:
Աբրահամյանը նշեց նաև, որ դատախազությունը պատրաստվում է բողոքարկել Քոչարյանին երաշխավորությամբ կալանքից ազատելու Դավիթ Գրիգորյանի որոշումը:
Հիշեցնենք, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման և առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու մեջ: Մայիսի 18-ին, դատարանը, քննելով նրա խափանման միջոցի հարցը, որոշել է նրան կալանքից ազատել Արցախի Հանարպետության ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ:
Մեկնաբանել