
«Թեղուտ» ՓԲԸ-ի տնօրեն. «Թեղուտի հանքը վերագործարկելու համար 5 մլն դոլար կպահանջվի»
«Թեղուտ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանի հետ մեր հարցազրույցից երկու օր հետո՝ մայիսի 15-ին , «Թեղուտ»-ում դժբախտ պատահարից մահացել է էլեկտրագազաեռակցող, 51-ամյա Լեռնիկ Ռամազյանը: Ընկերությունից խուսափեցին մեզ որևէ տեղեկատվություն տալուց Լեռնիկի մահվան պատճառների մասին: «Թեղուտ» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մարինա Թունյանը մայիսի 17-ին էլեկտրոնային փոստով հայտնեց, որ Լեռնիկ Ռամազյանը մահացել է դժբախտ պատահարից, դեպքի առթիվ ընթանում է հետաքննություն, և ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Լեռնիկ Ռամազյանի մահվան պատճառների մասին հրաժարվեց մեզ որևէ բացատրություն տալ նաև «Թեղուտ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանը: Շնող համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը հեռախոսով հայտնեց, որ ոստիկանության Թումանյանի բաժնից իրեն տված տեղեկատվության համաձայն` մայիսի 15-ին՝ աշխատանքի ժամին, «Թեղուտ» ՓԲԸ-ում բետոնե հենապատի մոտ աշխատող տրակտորը շրջադարձ կատարելիս հարվածել է Լեռնիկ Ռամազյանին, նա մնացել է տրակտորի ու բետոնե հենապատի արանքում և մահացել: «Հետքի» հարցերին պատասխանում է «Թեղուտ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանը:
Այս պահին «Թեղուտ» ՓԲԸ-ն ինչպե՞ս է կառավարվում:
ՎՏԲ բանկի կողմից ձևավորվել է տնօրենների կառավարման խորհուրդ: Խորհրդի նախագահը գործարար Նորիկ Պետրոսյանն է: Տնօրենների խորհուրդը նշանակել է «Թեղուտ» ՓԲԸ-ի ղեկավար կազմ: Այստեղ գլխավոր տնօրեն է նշանակվել Վլադիմիր Նալիվայկոն: Նա աշխատել է Ռուսաստանի հանքարդյունաբերության ոլորտի տարբեր ընկերություններում: Ես նշանակվել եմ ընկերության գործադիր տնօրեն: Մենք աշխատում և ընկերության ստրատեգիական բոլոր հարցերը համաձայնեցնում ենք տնօրենների խորհրդի հետ:
Դուք «Թեղուտ» ՓԲԸ-ի իրավահաջորդ համարվում ե՞ք:
Այո, մենք «Թեղուտ» ՓԲԸ-ի իրավահաջորդն ենք: Դուք գիտեք, որ Շնող համայնքի բնակիչները տարբեր դատական ատյաններում հողի հետ կապված հայցեր ունեն «Թեղուտ» ՓԲԸ-ի դեմ: Այդ բոլոր հայցերի իրավահաջորդը մենք ենք:
Նախկին ղեկավարները դեռ նախորդ տարվա օգոստոսին ասել են, որ ընկերության ձախողման պատճառը միջազգային շուկայում պղնձի գների կտրուկ անկումը և պոչամբարի վթարային վիճակն է:
Ձախողման պատճառը հարկային մեծ բեռն էր, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն չկարողացավ փակել: Պղնձի 2015-2016թթ. միջազգային գինը հիմնականում 4500, 4800 դոլար էր (1 տոննան, հեղ.), հետո բարձրացավ 5,5 հազար դոլարի: Միջազգային շուկայում պղնձի 6 500 դոլար գինը կնպաստեր ընկերության շահութաբերությանը, և այդ գումարները կուղղվեին վարկերի սպասարկմանը: 2017թ. պղնձի միջազգային գինը եղել է միջինը 6 հազար դոլար: Ընկերությունն այդ ժամանակ ոլորտում ունեցել է լավագույն արտադրական և ֆինանսական ցուցանիշները:
Այս պահին շուկայում պղնձի գինը շահավե՞տ է «Թեղուտ» ՓԲԸ-ի վերագործարկման համար:
Ունենք որոշ վերլուծություն, ըստ որի` երկրի բոլոր հանքարդյունաբերական ձեռնարկությունները միջազգային շուկայում մեկ տոննա պղնձի 6 հազար դոլար գնի դեպքում շատ արդյունավետ կարող են աշխատել, և միջին շահույթը կարող է կազմել 20-30 տոկոս: Այս պահին 6 հազար դոլար պղնձի գինը մեզ համար ձեռնտու է:
Ինչպե՞ս եք գնահատում Թեղուտի հանքի վիճակը: Մասնագետները պնդում են, որ այնտեղ նվազում են հանքային պարունակությունները:
Մեր երկրաբանները նույնպես դա գնահատել են: Թեղուտի հանքը 300-400 մլն տոննա միներալիզացված ռեսուրսներ են: Հանքային զոնան և այդ ռեսուրսները գոյություն ունեն, բայց ըստ խորության` պարունակությունները նվազում են: Եթե առաջին երեք տարիներին ընկերությունը մշակել է 0,55, ապա` 0,50 կամ 0,45 տոկոս պղնձի պարունակությամբ հանքաքար, ապա առաջիկա տարիներին մենք ակնկալում ենք 0,33 - 0,33.5 պարունակությամբ հանքաքար: Ըստ տարիների` հանքավայրի խորության հետ պղնձի պարունակությունն իջնում է, իսկ մոլիբդենի պարունակությունը բարձրանալու է: Ունենք ընդհանուր 300-400 մլն տոննա միներալիզացված հանքանյութ: Կանադացի մեր գործընկերները գտել են, որ այս պահի դրությամբ կարող ենք արտադրել 100-120 մլն տոննա հանքաքար: Այսօրվա շուկայական գների պայմաններում, եթե մենք տարեկան արտադրենք 7 մլն տոննա հանքաքար, մենք կարող ենք խոսել ընկերության 15-20 տարվա գործունեության մասին: Եթե պղնձի միջազգային գները բարձրանան 8 հազար և ավելի դոլար, մենք կարող ենք խոսել ևս լրացուցիչ 15-20 տարվա գործունեության մասին:
Նախորդների կողմից արդյոք հանքի շահագործման չարաշահումներ չեն արձանագրվել:
Այդ մասին շատ է խոսվել, և այդ տվյալները կան: Ընկերությունը 2016 և 2017 թվականներին նախատեսված 7 մլն տոննա հանքաքարի վերամշակման փոխարեն աշխատել է 8 մլն տոննա տարեկան արտադրողականությամբ: Սա կարող է մեկնաբանվել, որ դրանով ընկերությունը փորձել է ստանալ նախատեսվածից առավել հասույթ և զուտ շահույթ՝ վարկի գումարը սպասարկելու համար:
2018թ. օգոստոսի 20-ին «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Վարդան Արամյանը հայտնել է Թեղուտի պոչամբարի վթարային վիճակի մասին: «Մեր հարցերի հարցն է հին պոչամբարն ամրացնելը և նոր պոչամբար կառուցելը»,- ասել է նա: Ձեր մասնագետներն արդյոք ռիսկային չե՞ն համարում վթարային պոչամբարի շահագործումը:
Պոչամբարի հիմնական խնդիրը, ինչպես նշում են մեր մասնագետները, այն է, որ պոչամբարի հայելին, այսինքն` այն ձորակը, որով լցվել է պոչամբարը, եղել է շատ նեղ: Երբ ընկերությունն աշխատել է 6 մլն, հետո 8 մլն տոննա տարեկան արտադրողականությամբ, դրանից շատ արագ լցվել է պոչամբարի ձորակը և չի կատարվել նախագծով նախատեսված ջրի և տիղմի առանձնացում: Այդ պատճառով պոչամբարը բարձրացել է նախատեսվածից շատ բարձր տեմպերով: Մեզ այցելած բազմաթիվ մասնագետներ, այդ թվում` եվրոպական ստանդարտներով աշխատող «Գեոտեխմին» բուլղարական հայտնի ընկերության մասնագետները, իրենց եզրակացությամբ պոչամբարի վթարային վիճակ չեն արձանագրել: Մեզ չեն հայտնել, որ պոչամբարի շահագործումը վտանգներ կարող է ներկայացնել ազդակիր բնակավայրերի բնակիչների համար: Վտանգներն առաջացել են, երբ պոչամբարի մակարդակը նախագծով նախատեսվածից բարձրացել է: Կարող եմ սա մեկնաբանել, որ դրանից է նախկին ղեկավարների մտահոգությունը: Մեզ ասված է, որ պոչամբարն ունեցել է սեյսմիկ նորմերի փոփոխություն: Այդպիսի նախագծի փաթեթ կա կառավարությունում: Ըստ սեյսմիկ քարտեզի` պոչամբարը սեյսմիկ 0,2 ժ նորմերով է կառուցված և կարող է դիմանալ 7 բալ երկրաշարժին: Հիմա սա պետք է խստացվի և սարքվի 0.3ժ՝ 8 բալ ուժգնությամբ երկրաշարժին դիմանալու համար: Մենք խորհրդակցել ենք փորձագետների հետ, եթե այս նոր փաթեթը հաստատվի կառավարության կողմից, էդ դեպքում մենք կմշակենք միջոցառումների ցանկ, կունենանք ժամանակացույց և կտրվի 3-5 տարի՝ պոչամբարն ամրացնելու համար: Այդ ժամանակ պոչամբարի աշխատանքը չենք դադարեցնի, ամբողջ աշխարհում այդպիսի պրակտիկա կա:
Համարյա լցված պոչամբարով ինչպե՞ս եք ապահովելու շրջակա միջավայրի բնապահպանական անվտանգությունը:
Մեզ այստեղ նշանակելիս հանձնարարել են, որ պետք է հետևենք բնապահպանական ամենախիստ նորմերին: Մենք ունենք ջրի շրջանառու համակարգ:
Շրջանառու համակարգ Հայաստանի հանքարդյունաբերական ոչ մի ընկերությունում չի գործում: Չի գործել նաև «Թեղուտ» ՓԲԸ-ում:
Համաձայն եմ ձեզ հետ, որովհետև եղել են դեպքեր, որ խաբել են, բայց մենք աշխատելու ենք մեր նախագծային հզորությունների շրջանակներում: Այս պահին մենք աշխատանքներ ենք կատարում պոչամբարից ելնող՝ տիղմով հագեցած զտարանում: Պոչամբարի ջուրն ամբողջությամբ քաշվել է, դա վերագործարկելիս մեզ ահագին կօգնի: Մենք բնապահպաններին և հանրությանը խոստանում ենք ունենալ մինիմալ ազդեցություն շրջակա միջավայրի վրա: Փորձելու ենք բացառել ցանկացած արտանետում դեպի Շնող գետը: Սա վտանգավոր արտադրական ձեռնարկություն է, հնարավոր է լինեն դեպքեր, բայց այդ դեպքերը մենք փորձելու ենք կանխել:
Վերագործարկման հետ կապված ի՞նչ ներդրումներ են նախատեսված, և ո՞վ է կատարելու ներդրումները` ՎՏԲ բանկը, թե՞ Նորիկ Պետրոսյանը:
Ընկերությունը մոտ 1,5 տարի չի աշխատել, պետք է վերագործարկենք հանքային տեխնիկան, ֆաբրիկայի տեխնոլոգիական սարքավորումները, ունենք վերանորոգման այլ կարիքներ: Այս ամեն ինչը մենք գնահատել ենք մոտ 5 մլն դոլարի շրջանակներում, և այդ ներդրումները մենք ակնկալելու ենք տնօրենների խորհրդից:
Շնող և Թեղուտ բնակավայրերի գյուղացիները պահանջում են ընկերության 60 տոկոս աշխատատեղերում ընդունել իրենց: Ի՞նչ սկզբունքներով եք ընտրելու կադրերին:
Այդպիսի պահանջ մեզ հետ քննարկել է Շնող համայնքի ղեկավարը: Մենք ունենք ընկերությունը արագ և արդյունավետ վերագործարկելու գերնպատակ: Մեզ անհրաժեշտ են որակավորում ունեցող և գործը լավ կատարող մասնագետներ: Մենք ելնում ենք այս սկզբունքից: Այս պահի դրությամբ մեզ մոտ աշխատակիցների գրեթե 45 տոկոսը Շնող, 33 տոկոսը՝ Ալավերդի համայնքից են: Մնացածը Երևանից և այլ մարզերից են:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել