
Լիլիթ Մակունցի խոսքով՝ դատարանները շրջափակելու ակցիան կապ չունի Քոչարյանի դատավարության հետ
Սահմանադրական դատարանի դիմաց շարունակվում է մի քանի տասնյակ քաղաքացիների ակցիան. նրանք փակել են շենքի մուտքերը՝ թույլ չտալով աշխատակիցներին ներս մտնել: Քիչ առաջ այստեղ եկավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ասելով, որ միանում է ժողովրդի ակցիային:
«Սա ակցիա է ոչ թե դատարանի դեմ, այլ այն հնարավոր միջամտությունների և միջամտողների, որոնք մտածում են, որ դատարանը կարող է խամաճիկ դառնալ որևէ մեկի ձեռքում»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Դիտարկմանը, թե վարչապետի կոչը դատարանները շրջափակելու մասին շատերի գնահատմամբ սահմանադրական կարգի տապալում է, Մակունցը պատասխանեց. «ՀՀ-ում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունը պատկանում է ժողովրդին, և այն, ինչ տեղի է ունենում հիմա, ժողովրդի արձագանքն է այն խորը անվստահությանը, որ կա դատական համակարգի նկատմամբ»:
Իշխող ուժի խորհրդարանական խմբակցության ղեկավարի համոզմամբ՝ հանրությունը վերջին օրերին տարբեր հարթակների միջոցով իր անվստահությունն է հայտնել դատական իշխանության նկատմամբ:
Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն արդյոք ազդեցություն ունեցե՞լ են դատավարության ընթացքի վրա, Մակունցը չցանկացավ պատասխանել:
«Այս բողոքի ակցիան բոլորովին կապ չունի կոնկրետ գործի հետ, ես չեմ ուզում կապենք սա կոնկրետ գործի հետ, սա ընդհանրապես դատական համակարգի նկատմամբ հանրության անվստահության մասին է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր՝ 12:00-ին, սպասվում է վարչապետ Փաշինյանի ելույթը դատաիրավական համակարգի իրողությունների վերաբերյալ:
Մեկնաբանել