
Դժբախտ պատահար «Թեղուտ» ՓԲԸ-ում
Այսօր՝ ժամը 14:00-ի սահմաններում, «Թեղուտ» ՓԲԸ-ում տեղի ունեցած դժբախտ պատահարից մահացել է ընկերության եռակցող, շնողցի Լեռնիկ Ռամազյանը:
Լեռնիկ Ռամազյանը նոր էր աշխատանքի ընդունվել «Թեղուտ» ՓԲԸ-ում: Ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանը դեպքի վայրից «Հետք»-ին հայտնեց, որ եռակցող Լեռնիկ Ռամազյանը մահացել է դժբախտ պատահարից: «Մահվան հանգամանքներն այս պահին ոստիկանությունն ուսումնասիրում է, Ձեզ կհաղորդենք լրացուցիչ»,- հեռախոսով մեզ հայտնեց ոստիկանապետ Լ. Գիգոլյանը:
Լրագրողներին «Թեղուտ» ՓԲԸ-ի անվտանգության աշխատողները չթույլատրեցին մտնել դեպքի վայր: Դեպքի մանրամասների մասին մեզ չհաջողվեց տեղեկատվություն ստանալ «Թեղուտ» ՓԲԸ-ի լրատվական ծառայության պատասխանատու Մարինա Թունյանից: Ժամը 15:00-ի և 17:00-ի սահմաններում լրատվական ծառայության ղեկավարը մեզ հայտնեց, որ դեռևս հստակ տեղեկատվություն չունի դժբախտ դեպքի պատճառների մասին: Ընդամենը հայտնեց, որ դեպքի վայրում դեռ աշխատում են ոստիկանները:
Մեկնաբանել