
ԱՄՆ-ից «FedEx»-ի միջոցով թմրանյութ տեղափոխելու գործը դատարանում է
ԱՄՆ-ից «FedEx» բեռնափոխադրման ծառայության միջոցով թմրանյութ տեղափոխելու գործը դատարանում է: Ըստ մեղադրական եզրակացության՝ ամբաստանյալներ Վանիկ Մանուկյանը և Ալեն Շահվալադյանը մեղադրվում են մաքսանենգությամբ ԱՄՆ-ից առանձնապես խոշոր չափի թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր՝ 8,2328 գրամ «մեթամֆետամին», 28,31 գրամ «մարիխուանա», «տենամֆետամին», «ՄԴՄԱ», «ալպրազոլամ» Հայաստան տեղափոխելու, պահելու համար:
Այսօր կայացած նիստի ընթացքում վկայությամբ հանդես եկավ Գևորգ Ազիզյանը, որը «Տրանսիմպեքս» ընկերության սուրհանդակն է: Ընկերությունը «FedEx» (Ֆեդերալ Էքսպրես Կորպորացիա) հայաստանյան գործակալն է, ըստ մեղադրական եզրակացության՝ հենց այս ընկերության միջոցով է թմրանյութերի փաթեթը ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխվել:
Վկան նշեց, որ դեպքի օրը՝ 2017-ի մարտի 7-ին, ինքը փաթեթ է փոխանցել հասցեատիրոջը, իսկ փոխանցելուց հետո ոստիկանության աշխատակիցներն, իր ձեռքերը ոլորելով, տեղափոխել են ոստիկանության բաժին: Վկան պնդեց, որ չի հասկացել, թե ինչ պատճառով են իրեն ոստիկանություն տեղափոխում, ինչպես նաև հավելեց, որ ամբաստանյալներին չի ճանաչում: Ինքն ուղղակի կատարել է իր ամենօրյա աշխատանքը՝ հասցեատիրոջն է փոխանցել մաքսատուն եկած փաթեթը:
Վկայի հարցաքննությունից հետո ամբաստանյալ Վանիկ Մանուկյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը միջնորդություն ներկայացրեց՝ Մանուկյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինելու վերաբերյալ և հայտնեց, որ իր պաշտպանյալը կալանավորման 2 տարիների ընթացքում պատասխանատվությունից խուսափելու վարքագիծ չի դրսևորել: Պաշտպանը միջնորդեց վերացնել խափանման միջոցը կամ կիրառել գրավ՝ որպես այլընտրանքային խափանման միջոց:
Դատախազ Գորիկ Հովակիմյանն առարկեց ներկայացված միջնորդության դեմ և նշեց, որ ամբաստանյալը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ և այդ հանգամանքը հաշվի առնելով՝ կարող է խուսափել պատասխանատվությունից ու թաքնվել: Դատախազը նշեց նաև, որ Վանիկ Մանուկյանը նախաքննության ընթացքում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, որտեղ նշել է, որ թմրամիջոցները գումար աշխատելու նպատակով են Հայաստան բերել:
Ամբաստանյալները մեղադրվում են Քրեական օրենսգրքի 38-267․1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Ալեն Շահվալադյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ վկա Գևորգ Ազիզյանը 2017-ի մարտի 7-ին փաթեթը տվել է Վանիկ Մանուկյանին, ոստիկանության աշխատակիցները նրանց տեղափոխել են բաժին և հայտնաբերել թմրանյութերը, իսկ Ալեն Շահվալադյանին բերման են ենթարկել ոստիկանություն սեպտեմբերին, երբ փորձել է հատել Հայաստանի սահմանը: Ըստ փաստաբանի ՝ իր պաշտպանյալը թմրամիջոցների հետ կապ չունի և չի ընդունում մեղքը: Տիգրան Սաֆարյանը հավելեց, որ անձնական խուզարկության ժամանակ Վանիկ Մանուկյանը պնդել է, որ թմրամիջոցները անձնական օգտագործման համար են եղել, իսկ մեղադրական եզակացության մեջ նշվում է, որ այն վաճառելու համար է եղել:
Այսօրվա նիստը ավարտվեց դատավորի՝ մեկ այլ նիստ ունենալու պատճառով: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը միջնորդության քննությունը տեղափոխեց հաջորդ նիստին, որը նշանակվեց մայիսի 31-ին:
Մեկնաբանել