
Դատարանն արձանագրեց, որ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու որոշմամբ խախտվել է նրա իրավունքը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, քիչ առաջ մասնակի բավարարեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը:
Դատարանն արձանագրեց, որ Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու 2018 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ խախտվել է նրա իրավունքը, սակայն վարույթն իրականացնող մարմնին չպարտավորեցրեց վերացնել խախտումը:
Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք է դրվել Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ, բայց նրա վերաբերյալ գործն այլևս ՀՔԾ-ի վարույթում չէ, ուղարկվել է առաջին ատյանի դատարան:
Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու դեմ բողոքով նրա պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Վարգգես Գևորգյանը պահանջում էին արձանագրել ու վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնել վերացնել Գևորգյանի իրավունքների և ազատությունների խախտումը:
Նշենք, որ Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու որոշումը կայացվել է 2018 թվականի օգոստոսի 21-ին, երբ նա մեղադրվում էր արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ: Ամիսներ շարունակ որոշումը չի ուղարկվել ի կատար ածվելու, և միայն այն բանից հետո, երբ նրան 2018 թվականի դեկտեմբերի 11-ին նոր մեղադրանք է առաջադրվել, դեկտեմբերի 12-ին գույքի վրա արգելանք է դրվել:
Դատարանի այս որոշումը չի նշանակում, որ Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը կվերացվի: Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում նշեց,որ դատարանն իրենց բողոքը մասնակի բավարարեց, քանի որ դատարանն այս դեպքում պարզապես կարող է արձանագրել իրավունքի խախտում:
«Ամբողջությամբ բողոքը բավարարելը նշանակում է, որ վարույթն իրականացնող մարմնին դատարանը պետք է պարտավորեցներ վերացնել իրավունքների խախտումը»,- նշեց Ալեքսանյանը և բացատրեց, որ գույքի վրա կալանք դնելու որոշումը կայացրել է նախաքննական մարմինը`ՀՔԾ-ն, որն այլևս Գևորգյանի գործով վարույթ իրականացնող մարմին չէ. գործի նախաքննությունն ավարտվել է, և այն ուղարկվել է դատարան:
Թե բուն գործով առաջին ատյանի դատարանի համար ինչ նշանակություն կունենա Ռոբերտ Պապոյանի որոշումը, Ալեքսանյանը դժվարանում է կանխատեսել:
Մեկնաբանել