
Գարունը Ամուլսարի դիրքերում (լուսանկարներ)
Շուրջ 11 ամիս՝ 2018 թվականի հունիսի 22-ից մինչև այսօր, Ամուլսարի պահապանները փակ են պահում դեպի Ամուլսար տանող հիմնական ճանապարհները։
Ջերմուկ համայնքի բնակիչների և նրանց միացած այլ քաղաքացիների պահանջը մնում է անփոփոխ՝ թույլ չտալ հանքի շահագործումը։
Մինչ այսօր Ամուլսարի պահապաններին աջակցող բազմաթիվ ակցիաներ են կազմակերպվել, տարբեր քաղաքացիական նախաձեռնություններ, տեղի և միջազգային կազմակերպություններ, հայտնի գործիչներ, իրավապաշտպաններ և միջազգային բնապահպանական խմբեր իրենց աջակցությունն են հայտնել այս պայքարին։
Այսպես, մայիսի 11-ին տեղի է ունենալու զորակցության ևս մեկ ակցիա՝ Երևանից Ամուլսար ավտոերթ և հանրահավաք։
2018 թվականի դեկտեմբերի 18-ին շուրջ 3000 քաղաքացիների ստորագրած հանրագրի հիման վրա Ջերմուկի ավագանին ընդունել էր որոշում, որով Ջերմուկ համայնքը ճանաչել էր էկոտնտեսական տարածք և արգելել էր համայնքի տարածքում մետաղական հանքարդյունաբերությունը։
Ամուլսարի պայքարը շարունակվում է։
Մեկնաբանել