
Երեք ընկերներ Արզնիում մրգային «չիպսեր» են արտադրում
Դանիել Ղևոնդյանը Թեհրանից է՝ Հայաստան է եկել ուսումը շարունակելու, սովորել Հայաստանում Ամերիկյան համալսարանի արդյունաբերական ճարտարագիտություն և համակարգերի կառավարում բաժնում, հետո աշխատել տարբեր գործարաններում որպես արտադրական մասի պատասխանատու, տնօրեն։ Երկու ընկերների՝ Առնե Քալամքարյանի և Արին Դավթյանի հետ Կոտայքի մարզի Արզնի գյուղում հիմնադրել են չրերի արտադրություն՝ «Չրենի» բրենդով: Արտադրության այս ոլորտն ընտրել են` հաշվի առնելով այն, որ ֆինանսական մեծ ներդրումներ չի պահանջում։
Դանիելը մանկուց է չիր սիրել: «Պատուհանի տակ սիրում էի շարել մրգերը, չորացնել, բայց Հայաստանում չէի գտնում իմ սրտի ուզած չիրը, այսինքն` որ այն չլինի քաղցրավենիք, որ կարողանաս ամեն պահի չիր ուտել»,- պատմում է Դանիելը:
Չրանոցում պատրաստում են խնձորի, ծիրանի, թզի, դեղձի չրեր: «Չրենի» ապրանքանիշի չրերի առանձնահատկությունն այն է, որ չորանալուց հետո պարունակում են 10-15 % խոնավություն, չեն մշակվում ծծումբով, շաքարով: «Մեր չրերը ավելի շատ նման են մրգային չիպսերի, չորացնելուց հետո կարծես միայն կաշին է մնում, բայց միևնույն ժամանակ պահպանվում է մրգի համը, ավելի շատ մենք մրգային չիպսեր ենք արտադրում: Չրերի երկար պահպանման գրավականը լավ չորացնելն է, ինչքան չիրը լավ չոր լինի, այնքան լավ կլինի»,- ասում է Դանիելը:
Արզնի գյուղը տարածքով հարմար է եղել չրերի արտադրության համար, ուստի երեք ընկերները որոշել են այդ գյուղում էլ հիմնել արտադրամասը: Չրանոցը գյուղի կենտրոնում է: «Շատերն են հարցնում՝ ինչու եմ Արզնիում չրագործություն հիմնել, եթե այս արտադրության կենտրոնն Արարատում է՝ Արտաշատում: Ասել եմ` եթե այնտեղ են կենտրոնացված, չի նշանակում, որ այլ տեղում միրգ չկա»,- ասում է Դանիելը:
Մրգերը ձեռք են բերում գյուղացիներից, արդեն ծանոթ են մոտակա գյուղերի այգեպաններին, նրանց հետ պայմանավորվածություն ունեն: «Գյուղացի այգեպաններն արդեն վստահ են, որ հաջորդ տարի եւս իրենցից ենք միրգ գնելու»:
«Չրենիում» աշխատում են գյուղի կանայք, ըստ Դանիելի՝ իրենց նպատակը գյուղի կանանց բիզնեսում ներգրավելն է։ Արտադրամասում, բացի մրգային չրեր պատրաստելուց, նաև բանջարեղենային չրեր են պատրաստում։ Չորացնում են լոլիկ, գազար, ճակնդեղ, դդմիկ: «Չրենին» իր արտադրանքն արտահանում է Ռուսաստան, նպատակ ունեն արտադրանքը հասցնել նաեւ Եվրոպա:
Մեկնաբանել