
Ծառուկյանն արեց իր գործը. Ծառուկյանը պետք է հեռանա՞
«Նոր Հայաստանում բիզնեսն ու քաղաքականությունը պիտի անջատվեն»,-հեղափոխության ամբիոնից խոստանում էին շարժման առաջնորդները: ԲՀԿ ղեկավար, օլիգարխ Գագիկ Ծառուկյանը, հակառակ հեղափոխության հռչակած արժեքների, խորհրդարանում է:
«Քաղաքացու որոշում» (ՔՈ ՍԴԿ) կուսակցությունը դիմում է ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահին՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով դիմելու ՍԴ:
Նման քայլ անելով՝ ՔՈ-ն, թերևս, չէր բացառում, որ Գագիկ Ծառուկյանն իր մանդատը կամավոր վայր կդնի՝ նոր իշխանություններին ազատելով գործարարի հետ ուղիղ առճակատման գնալու անախորժությունից:
Ի՞նչ հիմքով պիտի այդ քայլին գնա Ծառուկյանը, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն է Ծառուկյանին «խոշոր սեփականատեր» համարում, ԿԸՀ-ն գրանցել էր նրա թեկնածությունը, քանի որ ներկայացրած փաստաթղթերում օրենքի հետ հակասություն չէր գտել, իսկ ընտրությունների արդյունքների օրինականությունը որևէ մեկը չի վիճարկում:
Սրանից բացի՝ խորհրդարանում Ծառուկյանի ներկայությունը վարչապետ Փաշինյանի և Ծառուկյանի համատեղ ստորագրած «հուշագրի» տրամաբանական շարունակությունն է: «Հուշագրով» Ծառուկյանը հաստատել էր իր «հավատարմությունը հեղափոխությանը», Փաշինյանն էլ պարտավորվել էր, ըստ էության, չխանգարել Ծառուկյանին՝ զբաղվել բիզնեսով և մասնակցել ԱԺ ընտրություններին:
Եվ «ՔՈ»-ն հիմա ստեղծում է քաղաքական մի նոր իրավիճակ, երբ իշխանությանը ստիպում է կատարել իր խոստումը՝ քաղաքականությունից հեռացնել օլիգարխին: ԱԺ նախագահը նամակ է ուղարկել Գագիկ Ծառուկյանին՝ «ներեցեք, որ անհանգստացնում ենք, բայց նեղություն չէի՞ք քաշի հանրությանը ևս մեկ անգամ ներկայացնել այն փաստաթղթերը, որոնք հավաստում են Ձեր՝ ոչ թե գործարար, այլ սեփականատեր լինելու մասին» ոճով: Ինչի հետևեց Գագիկ Ծառուկյանի պատասխանը՝ «մանդատս վայր չեմ դնում, հարցե՞ր» ոճով:
Որքանո՞վ է, առհասարակ, անկեղծ իշխանության ցանկությունը՝ ԲՀԿ-ն չօգտագործել որպես արհեստական բևեռ: Եվ որքա՞ն հետևողական կլինի «ՔՈ»-ն՝ օլիգարխին քաղաքականությունից հեռացնելու հարցում ընդդիմանալով իշխող ՔՊ-ին:
2006 թ-ից մինչ օրս ԲՀԿ-ն կատարում է իրեն վերապահված՝ «երկրորդ քաղաքական ուժի» դերը: Եվ երբ գործող համակարգն ունենում է վստահության հերթական ճգնաժամի խնդիր, այն ժամանակ Գագիկ Ծառուկյանը որոշակի ծառայություններ է մատուցում, ձայներ փախցնում ընդդիմությունից և այլն:
ԱԺ վերջին ընտրություններին ևս ԲՀԿ-ն իրենով փակեց քաղաքական մյուս ուժերի մուտքը խորհրդարան՝ ՔՈ, «Սասնա ծռեր», ՀՅԴ, անգամ ՀՀԿ:
Նախադեպերը վկայում են, որ Ծառուկյանը իրեն տեսնում է ոչ միայն իշխանությունների գործիքի դերում, այլ նաև ինքնուրույն խաղացողի: Նրա հավակնությունները բարձր են, նա իրեն տեսնում է ընդհուպ՝ կառավարության ղեկավարի պաշտոնում:
2015-ին Ծառուկյանը «երկրորդ քաղաքական ուժից» փորձեց հավակնել առաջինին՝ դառնալով ընդդիմադիր ուժերի առանցքը:
Սերժ Սարգսյանը նրան ցույց տվեց իր տեղը՝ սպառնալով հանձնարարել ստուգել «օդում կախված» մի շարք լուրերի իսկությունը:
Այդ ժամանակ Ծառուկյանին պաշտպանեց Ռոբերտ Քոչարյանը. «Կանգ առնել և չդիմել ոչ մի ակտիվ վարչական գործողության ԲՀԿ ղեկավարի նկատմամբ, մնալ բացառապես բանավոր մենամարտի սահմաններում, վերադառնալ ընդդիմախոսների հետ հակադրման քաղաքական հարթություն»: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ «ընդդիմադիր» ԲՀԿ-ի դեմ ՀՀԿ-ի քայլերը որակեց իբրև «քաղաքական տեռոր»:
Այս պաշտպանությունը Ծառուկյանին գործնականում ոչինչ տալ չէր կարող: 2015-ի փետրվարի 5-ին Ծառուկյանն ասում էր. «Մարդիկ պետք է հիշեն, որ ոչ մի պաշտոն հավերժ չէ: Եվ եթե պետության զարգացումը, պետության անվտանգությունը պահանջում են իշխանության փոփոխություն, ուրեմն այդպես էլ պետք է լինի»: Մարտի 5-ին, սակայն, նրա հռետորաբանությունը լրիվ այլ տոնայնությամբ էր. «Ես որոշում եմ կայացրել՝ այլևս չզբաղվել ակտիվ քաղաքականությամբ, վայր դնել կուսակցության նախագահի և խմբակցության ղեկավարի լիազորությունները»:
Մեկ տարի անց Ծառուկյանը վերադարձավ քաղաքականություն: Շատերը կհիշեն բեմականացված տեսարանները, թե ինչպես էին մարդիկ տասնյակներով գնում նրա դուռը և աղաչում, որ վերադառնա քաղաքականություն: Ծառուկյանի ընտրազանգվածի, նրա կուսակցությունում հարմարավետ տեղավորված կուսակցականների վերաբերմունքը իրենց առաջնորդի հանդեպ հիշեցնում է Հասարակածային Գվինեայի քաղաքացիների ներքին երկյուղածությունը 1979-ից այդ երկրի նախագահ Նգեմանի հանդեպ: Ի դեպ, 2003 թ.-ին այդ երկրի պետական ռադիոն հայտարարեց, որ նախագահ Նգեման նույնական է երկնքում գտնվող Աստծո հետ և մշտական կապի մեջ է Բարձրյալի հետ: Եվ, ահա, այսօր դարձյալ օրակարգային է գործարար Ծառուկյանի քաղաքականությամբ չզբաղվելու հարցը: Իշխանությունը, սակայն, պետք է ազնվություն ունենա ինքն իրեն հարց տալու՝ ո՞վ է մեղավոր, որ Ծառուկյանը ակտիվ քաղաքականության մեջ է՝ օլիգարխն ի՞նքը, թե՞ օրվա իշխանությունը:
Խնդիրն այն է՝ Փաշինյանը քաղաքական կամք կունենա՞ հեռացնել Ծառուկյանին հիմա, երբ հասցրել է օգտվել նրանից ճիշտ այնպես, ինչպես օգտվել են նախորդ երեք նախագահները:
Ծառուկյանն իրեն խաբված է զգում: Սակայն որքան էլ փաստաթղթային առումով սեփականատեր Ծառուկյանը ամենևին գործարար Ծառուկյանը չէ, միևնույն է, ԲՀԿ ղեկավարը պատրաստ է հերթական անգամ նոր ճակատ դառնալ գործող իշխանության համար: Նրա գործողությունների արսենալն այնքան էլ մեծ չէր. նա կարող էր հրաժարվել մանդատից՝ արժանապատվորեն հիմնավորելով իր քայլը, սակայն գիտակցում է, որ այդ քայլն էլ իր սեփականության անձեռնմխելիության երաշխիքը չէ: Ծառուկյանը նախընտրեց մնալ խորհրդարանում՝ բարձրացնելով ԲՀԿ-ի՝ որպես «իսկական» ընդդիմության ինքնարժեքը: Հիմա նա կարող է հավակնել նաև նախորդ ռեժիմի ուժերի միավորման առանցքի դերին: Հիշենք, որ ԲՀԿ-ի գործառույթներից մեկն էլ ԱԺ-ում «ականի» դերն է՝ ճիշտ ժամանակին անցնել ավելի ուժեղի կողմը:
Սակայն Ծառուկյանն ինքը չափազանց խոցելի է: Նախ՝ «Մարտի 1-ի գործով» նրա անունը ևս կա օլիգարխների ցանկում, որոնց թիկնազորերը հատուկ համազգեստ էին ստացել: Եվ հետո, մինչ օրս չեն հերքվել « չստուգված լուրերը չմուծած միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից և երիտասարդների կրթվելու իրավունքից գողացած միլիարդները` չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին: Շարունակում են օդում կախված մնալ բազմաթիվ քրեական հանցագործություններ պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը»: Իսկ ԱԱԾ-ի ձեռքերը, որքան տեսնում ենք, այսօր ավելի երկար են, քան երբևէ..
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել