
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործով դատավոր Վարդան Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել: Այս մասին տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին դատական դեպարտամենտից:
Նշենք, որ Վարդան Գրիգորյանը 2000-ից մինչև 2014 թվականը եղել է փաստաբան, և 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո ստանձնել է երկու անձի պաշտպանություն: Ամենայն հավանականությամբ հենց այդ հանգամանքն է հիմք հանդիսացել դատավորի ինքնաբացարկի համար:
Վարդան Գրիգորյանի պաշտպանյալներից մեկը` Կառլեն Մանուչարյանը մեղադրվել և դատապարտվել է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ դրանց մասնակցելու համար, մյուսը` Մհեր Սարգսյանն, ըստ մեղադրանքի, մասնակցել է «Ռոբերտո» խանութի թալանին:
Նշենք, որ ՀՀ դատական օրենսգրքի համաձայն՝ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մասին, մասնակցել է տվյալ գործի քննությանն այլ դատարանում:
Քոչարյանի և մյուսների գործը Գրիգորյանին մակագրվել էր ապրիլի 29-ին:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:
Սեյրան Օհանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ:
Յուրի Խաչատուրովը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ:
Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:
Մեկնաբանել