
Գյուլագարակի անասնատերերը անբարեկարգ ճանապարհների պատճառով անասուններին հեռագնա արոտավայրեր չեն տանում
Վրույր Այվազյանի Շեգան անունով կովը մեր այցելության օրը որձ հորթ էր ծնել: Վրույրին տեսնելուն պես նրան աչքալուսանք տվեց կթվորուհի Աստղիկ Մուրադյանը: Վրույրի ֆերման Գյուլագարակի ծայրամասի՝ խորհրդային տարիներից ժառանգություն մնացած անասնագոմում է: Վրույրը գյուղի խոշոր անասնատերերից է, 30 խոշոր եղջերավոր անասուն ունի: Կովերից 21-ը Աստղիկն է կթում:
«Էնա ծնված օրվանից ֆերմայում եմ աշխատում: Հիմա 51 տարեկան եմ: Աշխատանքս հաճելի է, լավ վարձատրվում եմ: Մի կով կթելու համար 4000 դրամ եմ ստանում: Գոհացնելը էսենց է, շատ կարիքներ ունենք, բայց որ էդ էլ չլինի, ի՞նչ կանենք»,- ասաց Աստղիկը։ Նա ամեն առավոտ ժամը 04:30-ին գնում է գոմ:
Գյուլագարակի ծխամատյանում 1149 խոշոր եղջերավոր անասուններ են գրանցված: Գյուլագարակը 113 հա արոտավայր ունի, որից 40 հա-ը գյուղի շրջակա տարածքում է, 83 հա-ը հեռագնա արոտավայրեր են: Անասնատերերը իրենց խոշոր եղջերավոր անասուններին հիմնականում արոտի են դուրս բերում 40 հա արոտավայրում: Հեռագնա 83 հա արոտավայրերը չեն օգտագործում՝ սարերի անբարեկարգ և անանցանելի ճանապարհների պատճառով: Հետխորհրդային տարիներին Գյուլագարակի հեռագնա արոտավայրերի ճանապարհները երբևէ չեն վերանորոգվել:
Անասնապահ Ռուդիկ Ծատինյանին հարցրի իր աշխատավարձից: Ասաց՝ 100 հազար դրամ աշխատավարձ է ստանում: Չդժգոհեց ֆերմայի աշխատանքից. «Աշխատող մարդու համար ոչ մի աշխատանք էլ դժվար չէ»՝ ասաց: Ֆերմայի 3-րդ աշխատողը Արենն է: Արենի հետ չկարողացա զրուցել, լեզվական խնդիրներ ուներ: Աստղիկն ու Ռուդիկը նրա փոխարեն հայտնեցին, որ Արենը նույնպես 100 հազար դրամ աշխատավարձ է ստանում և լավ աշխատող է:
Վրույր Այվազյանը մասնագիտությամբ իրավագետ է: Պատմեց, որ զինվորական ծառայության տարիներին Նոյեմբերյանի սահմանային դիրքերի պաշտպանության համար պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով: Վանաձորի մանկավարժական համալսարանն ավարտելուց հետո աշխատել է հարկային և մաքսային մարմիններում: «Բայց գյուղն ինձ ձգում էր, վերադարձել եմ գյուղ»,- ասաց նա:
Վրույր Այվազյանը 2018թ.-ից Գյուլագարակի համայնքապետ Մհեր Գևորգյանի խորհրդականը և համայնքի զարգացման ծրագրերի պատասխանատուն է: Նա Գյուլագարակի ամենաշատ կով ունեցողներից մեկն է: Ասում է՝ 30 կովը հանգուցյալ հորից է ժառանգություն ստացել: Վրույրն այս պահին օրական մոտ 200 լիտր կաթ է ստանում: Կաթը հանձնում է Ամրակից գյուղում՝ 1 լիտրը 130 դրամով:
«Այդ գինը ինձ ձեռք է տալիս»,- ասում է Վրույրը:
Գյուլագարակի անասնատերերի համար գյուղամերձ արոտավայրերը չեն բավարարում գյուղի անասուններին, զրույցում ասում են՝ կովերը արոտից երբեմն սոված են տուն վերադառնում:
Վրույր Այվազյանը իր անասունները սար է տանում. «Կոնկրետ Պուշկինոյի լեռներն եմ տանում, բայց փոքր ֆերմերների համար, ովքեր 5-15 գլուխ խոշոր են պահում, մեծ խնդիր է արոտավայրի հարցը»,- բացատրեց նա: Արոտավայրի քչության պատճառով Գյուլագարակի փոքր ֆերմերները իրենց վարելահողերը ստիպված կամ որպես արոտավայր են օգտագործում, կամ՝ խոտհարք:
«Հիմա մի հատ ծրագիր ունենք, 3 կմ հեռագնա արոտավայրի ճանապարհ ենք ուզում վերականգնենք՝ «Ցխոտ» կոչվող արոտավայրի ճանապարհի մասին է խոսքը: Տեսնենք, կստացվի՞, բայց հույսներս մեծ է, որ պետք է ստացվի ու նպատակադրված ենք, որ «Ցխոտ» տանող ճանապարհը Գյուլագարակի մասով անպայման վերականգնենք»,- ասաց նա:
Վրույրն ասաց, որ սարի անբարեկարգ ճանապարհը դժվարեցնում է գյուղի հետ սարվորների կապը, անհնար է լինում ժամանակին սարվորներին սնունդ հասցնելը, օրվա կաթը սարից տեղափոխելը: Սարում արտակարգ պատահարների ժամանակ անբարեկարգ ու անանցանելի ճանապարհներով անհնար է լինում նաև սարվորներին ժամանակին օգնության հասնելը: «Սարերում բռնկվող անասունների համաճարակի դեպքում շատ անասնաբույժներ խուսափում են անանցանելի ճանապարհով սար բարձրանալ: Այդ պատճառով անասնատերերը խուսափում են գնալ սարերը»,- բացատրեց Վրույրը:
Վրույրի խոսքով, եթե հեռագնա արոտ տանող մյուս ճանապարհներն էլ վերականգնվեն, խոշոր եղջերավորները գյուղից դուրս կգան, մանր եղջերավորներին էլ եղած 40 հա արոտավայրը կհերիքի:
Անասնաբույժ Մարտուն Դավոյանի ասելով՝ խորհրդային տարիներին Գյուլագարակում խոշոր եղջերավոր անասունները ավելի շատ են եղել: Էն ժամանակ ամբողջ անասուններին տարել են գյուղից 20 կմ հեռավորության վրա գտնվող Սողրուշան, Չորգիաճ, Չոգյաճ, Ցխոտ, Ցավոտ և Գյուրդ սարերը: Եթե Գյուլագարակի սարերի ճանապարհները վերանորոգվեն, Գյուլագարակի անասնատերերը մեծ ուրախությամբ սարեր կգնան, անասունների գլխաքանակն էլ կավելանա»,- ասում է Մարտուն Դավոյանը:
Մեկնաբանել