
Մարիամ Ալեքսանյանի և Սիլվա Չոբանյանի հիմնած «Տոտիկ» հենդմեյդը փոքր քայլերով առաջ է գնում
Մարիամ Ալեքսանյանը և Սիլվա Չոբանյանը ձեռագործությամբ զբաղվող վարպետներ են: Մասնագիտությամբ ռեժիսոր Սիլվա Չոբանյանին և ռուսաց լեզվի ուսուցչուհի Մարիամ Ալեքսանյանին հետաքրքրությունը ձեռագործության նկատմամբ միավորել է, և ծանոթությունից մի քանի ամիս հետո նրանք հիմնել են «Տոտիկ» հենդմեյդը:
«Տոտիկը» ձեռագործ աշխատանքների հարթակ է, որտեղ վարպետները ձեռագործ տիկնիկներ, խաղալիքներ են գործում, կտորից պայուսակներ և տոպրակներ կարում:
«Մենք ամեն ինչ սկսել ենք փոքր-փոքր քայլեր անելով, փոքր ներդնումներ անելով, մենք տոտիկ-տոտիկ քայլերով առաջ ենք շարժվում: Նախաձեռնությունն էլ հենց «Տոտիկ» անվանեցինք, որպես փոքր քայլ»,- ասում է Մարիամ Ալեքսանյանը:
«Տոտիկում» առաջնային նպատակ է ձեռագործության ուսուցանումը և ցանկացած դիմողի Մարիմաը և Սիլվան փոխանցում են իրենց հմտությունները. վարպետության դասեր են կազմակերպում ձեռագործությամբ հետաքրքրվողների համար: «Առաջին աշակերտը, երբ մեզ տեսավ, զարմացավ. եկել էր այն մտքով, որ պիտի տեսնի տարեց կանանց: Այս կարծատիպի պատճառով է, որ մարդիկ հաճախ մտածում են, եթե ձեռագործությամբ զբաղվում ես, ուրեմն տարեց կին ես »,- պատմում է Սիլվան:
Ձեռագործության վարպետներին այսօր կարելի է հանդիպել քաղաքի տարբեր վայրերում հելյունով կամ շյուղերով խաղալիքներ, հագուստ գործելիս: Այսպես փորձում են ձեռագործության նկատմամբ հետաքրքրություն առաջացանել:
«Հիմա ուր գնում ենք, գործում ենք, շատ տարբեր հետաքրքրություն ունեցող կանայք ու աղջիկներ կարող են ձեռագործությամբ զբաղվել, տարիքը կապ չունի: Սա տխուր կյանքի ներկայացում չէ, այլ գեղեցիկ իրերի պատրաստում է»,- ասում է Մարիամը:
«Տոտիկի» հիմնադիրներն իրենց աշխատանքներում հիմնականում օգտագործում են թել, կտոր, բուրդ: Ձեռագործ աշխատանքների մի մասի էսքիզավորումը արել են երեխաները՝ «Ֆեյսբուք»-ում տեղադրված հայտարարությունից հետո. «Երեխաները նկարում են, իսկ մենք այդ նկարները վեր ենք ածում խաղալինքների»,- ներկայացնում է Մարիամը:
Մարիամի ու Սիլվայի նպատակն է ստեղծել ձեռագործ իրերի մի մեծ հարթակ, որտեղ կհամախմբվեն ձեռագործության վարպետները և հետաքրքրվողները ու կհամագործակցեն միմյանց հետ: Նպատակ ունեն միավորել նաև մարզերում ապրող վարպետների և տարբեր համայնքներում ձեռագործության կենտրոններ հիմնել:
«Տոտիկի» ծրագրերց մեկն էլ Մովսես գյուղում ձեռագործության 5-օրյա դասընթաց անցկացնելն էր, և այնտեղ ձեռագործ տոպրակների փոքր արտադրություն հիմնելը:
«Փորձեցինք գյուղի կանանց կյանքում շարժ առաջացնել, որպեսզի որոշ ժամանակով կտրվեն իրենց առօրյայից և կարողությունները զարգացնեն: Սկզբնական քայլը իրենց ուժերի և մեր նկատմամբ վստահություն ձեռք բերելն էր»,- ասում է Մարիամ Ալեքսանյանը:
Մովսեսում «Տոտիկի» նախաձեռնությանը միացած կանանցից 30-ը յուրաքանչյուրն իր տանը տոպրակներ կարելու պատրաստակամություն են հայտնել, տոպրակները վաճառվում են առցանց պատվերներ ստանալուց հետո:
Լուսանկարները՝ «Տոտիկ» հենդմեյդի էջից
Մեկնաբանել