
Հրաշագործ թեյերի վարպետը. Զորայր Վասիլյան
Զորայր Վասիլյանը թեյ պատրաստելու վարպետ է: «Ֆեյսբուքում» նրան կարելի է գտնել «Թեյերի հրաշագործ» անունով: Անվան ընտրությունը բացատրում է նրանով, որ «թեյը հրաշքներ է գործում»: «Թեյը տրամադրություն է փոխում, լարվածությունն է թուլացնում, հանգստացնում»,- ասում է Զորայրը:
Ըստ Զորայրի՝ թեյն իր պատրաստման մշակույթն ունի: Զորայրին կարելի է հանդիպել Երևանի սրճարաններում, այգիներում թեյ պատրաստելիս. նրա նպատակը թեյ պատրաստելու արվեստը հասարակությանը ներկայացնելն է: Մեր հանդիպման ընթացքում էլ պատրաստում է չինական հայտնի թեյերից մեկը, լցնում 4-5 սմ բարձրություն ունեցող բաժակների մեջ: Ասում է, որ համը զգալու համար այդպես պետք է քսան անգամ թեյ խմել: Զորայրի խոսքով՝ յուրաքանչյուր անգամ թեյնիկից լցնելուց հետո թեյը նոր համ է ստանում:
Թեյերը ձեռք է բերում Չինաստանից, հիմնականում առցանց պատվերներ է կատարում կամ ուղարկում են թեյասեր ընկերները:
Յուրաքանչյուր թեյի պատրաստման համար օգտագործում է տարբեր տարաներ և թեյնիկներ:
Թեյի պատրաստման տարբեր եղանակներով հետաքրքրվել է 4 տարի առաջ, երբ հանդիպումներ է ունեցել թեյագործ վարպետների հետ, լսել նրանց խորհուրդները: «Սկզբնական փուլում ծանոթանում ես, սովորում, հետո պետք է ինքնակրթությամբ զբաղվել, անընդհատ փորձեր անել»,- ասում է Զորայրը:
Յուրաքանչյուր թեյի պատրաստմանը նա մինչև մեկ ժամ է հատկացնում: Այդ ընթացքում թեյը թրմվում է: Իր կարողությունները զարգացնելու համար Զորայրը ցանկանում է մեկնել Չինաստան: Իսկ հետո նպատակ ունի Հայաստանում զարգացնել թեյերի պատրաստման եղանակները:
Մեկնաբանել