
Ազատեկի հանքավայրը շահագործող «Վայքգոլդ» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը դադարեցված չէ. նոր բաժնետեր է հայտնվել
«Վայքգոլդ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող Վայոց ձորի Ազատեկի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքի գործողությունը դադարեցված չէ:
«ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կողմից հարուցված է քրեական գործ գրությամբ նշված իրավախախտումների առնչությամբ»,- այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արտաշես Կիրակոսյանը:
Հիշեցնենք, որ Ազատեկի հանքավայրում Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինն իրականացրել էր ստուգումներ և հայտնաբերել, որ «Վայքգոլդ» ՍՊԸ-ն 2017թ. դեկտեմբերին հանքավայրում իրականացրել է 1330 տ հանքաքարի արդյունահանում, որտեղ մետաղների քանակը եղել է՝ ոսկի՝ 11,31 կգ, արծաթ՝ 84,5 կգ, պղինձ՝ 5,25 տ: Սակայն արդյունահանված հանքաքարը չի արտացոլվել լիազոր մարմնին ներկայացված հաշվետվություններում: Բացի այդ, ընկերությունը չի ունեցել ՇՄԱԳ եզրակացությունը: Մի շարք այլ խախտումներ ևս հայտնաբերվել էին: Ուստի, տեսչական մարմինը, նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ, որոշել էր արգելել ընդերքօգտագործումը: Տեսչական մարմինը գրությամբ դիմել էր նաև Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը՝ ընդերքօգտագործման դադարեցման պահանջով:
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով (Ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ կամ համապատասխան նախագծերի շեղումներով կամ առանց պայմանագրի ընդերքի օգտագործումը, որն էական վնաս է պատճառել մարդու առողջությանը, շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին, շենքերին կամ շինություններին) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:
Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Նաիրա Հարությունյանը մեզ տեղեկացրեց, որ գործը դեռևս նախաքննության փուլում է: Նշանակվել են էկոլոգիական, շինարարատեխնիկական, ապրանքագիտական համալիր փորձաքննություններ, որոնց պատասխանները դեռ չեն ստացվել:
Քանի դեռ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ընկերության բաժնետերերի փոփոխություններ են գրանցվել: Հիշեցնենք, որ հանքավայրում բաժնեմաս ուներ բնապահպանության նախկին նախարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը: Նա այժմ անմիջական մասնակցություն չունի բաժնեմասում, փոխարենը նոր ընկերություն է հայտնվել:
Համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, Միացյալ Թագավորությունում գրանցված «Քոր գոլդ հոդինգ» ՍՊԸ-ն դարձել է «Վայքգոլդ»-ի 80 տոկոսի բաժնետերը, իսկ մնացյալ 20 %-ը շարունակում է մնալ Նորայր Զոհրաբյանի ձեռքում:
«Քոր գոլդ հոդինգ» ՍՊԸ-ն նորաստեղծ ընկերություն է: Լոնդոնում գրանցվել է 2018թ. հունիսի 27-ին: Ընկերության հիմնադիր-բաժնետերը բրիտանացի է: «Քոր գոլդ հոդինգ» ՍՊԸ-ն հուլիսի 4-ին 55 մլն դոլար վարկ է վերցրել բրիտանական ընկերություններից՝ Boreas Wind Group և Geoenergy ընկերություններից: Այնուհետև ընկերության բաժնեմասի վերահսկողությունն անցել է վարկատու ընկերությունների ներկայացուցիչներին: Եվ 2018թ. նոյեմբերին նոր բաժանմամբ 3 բաժնետեր է գրանցվել:
«Վայքգոլդ» ՍՊԸ-ն մի քանի դատական գործերում է նաև ներքաշված: Արգելանքներ են կիրառվել ընկերության նկատմամբ հենց բաժնետերերին վերաբերող: Մասնավորապես՝ 2018թ. հունվարին բաժնետեր Նորայր Զոհրաբյանին արգելվել է «Վայքգոլդ» ՍՊԸ-ի բաժնեմասերի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը:
«Վայքգոլդ» ՍՊԸ-ն նաև դատական վեճ է ունեցել «Վահան ԵՀԱ» ՍՊԸ-ի հետ: «Վահան ԵՀԱ» ՍՊԸ-ն դատարան էր դիմել՝ նշելով, որ իրենց միջև 2014թ.-ին կնքվել է հորատման աշխատանքների կատարման պայմանագիր, որով «Վահան ԵՀԱ» ՍՊԸ-ն իրականացրել է պայմանագրով սահմանված հորատման աշխատանքներ Ազատեկի հանքավայրում, սակայն «Վայքգոլդ» ՍՊԸ-ն ամբողջությամբ չի վճարել աշխատանքների կատարման դիմաց:
2019թ. հոկտեմբերի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է 101,2 մլն դրամ բռնագանձել «Վայքգոլդ» ՍՊԸ-ից: Datalex դատական տեղեկատվական կայքը այլ մանրամասներ չի հայտնում դատարանի վճռի հետագա բողոքարկման վերաբերյալ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել