
Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին գրավով ազատելու միջնորդությունը. պաշտպանն այս անգամ որոշումն օրինական է համարում
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մարինե Մելքոնյանի, քիչ առաջ մերժեց Աժ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը: Մերժման հիմքում դատարանը դրել է այն հանգամանքը, որ բուն գործն արդեն ուղարկվել է դատարան:
Պաշտպան Արսեն Մկրտչյանի խոսքով՝ դատարանն առաջին անգամ օրինական որոշում է կայացրել: Ըստ Մկրտչյանի՝ եթե անգամ դատարանը որոշեր բավարարել իրենց միջնորդությունը, դա կլիներ անօրինական:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 դրամ վատնելու եւ շորթմամբ 37․101․100 դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Նրա, ինչպես նաև կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել է դատարան:
Մեկնաբանել