
«Կրթություն և համերաշխություն». ձևավորվել է կրթական ոլորտի առաջին անկախ արհմիությունը
Ապրիլի 6-ին ձևավորվել է «Կրթություն և համերաշխություն» անունով արհեստակցական միությունը, որի կազմում են մի քանի նախաձեռնությունների անդամներ, դպրոցների և նախակրթարանների ուսուցիչներ:
Արհեստակցական միությունը նպատակ ունի վեր հանել կրթության ոլորտի խնդիրները, օրենսդրական բացերը՝ փորձելով մշակել իրավակարգավորման մեխանիզմներ:
Հիմնադիրներից մեկը «Կրթական քաղաքացիական նախաձեռնության» անդամ Վահրամ Սողոմոնյանն է: «Հետք»-ի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ «Կրթություն և համերաշխություն» արհմիությունը կբարձրացնի ուսուցիչների, կրթության ոլորտում աշխատողների ձայնը և կբարձրաձայնի կրթական համակարգում եղած խնդիրները։
Ըստ Վահրամ Սողոմոնյանի՝ կրթությունը եւ կրթական համակարգը գտնվում են փոփոխությունների փուլում, և կարեւոր է, որ ոլորտի աշխատողները կարողանան ինքնակազմավորվել եւ մասնակցել կրթական նոր համակարգի կայացմանը: «Արհմիութենական կազմակերպությունները կարեւոր են ուսուցիչների թե´ սոցիալական, թե´ աշխատանքային իրավունքների օրակարգը ձեւակերպելու, թե´ բովանդային կրթության համակարգի զարգացման մասին դիրքորոշումներ ունենալու հարցում»,- ասում է Սողոմոնյանը:
Վահրամ Սողոմոնյանի պնդմամբ՝ այսօր աշխատող Արհմիությունների կոնֆեդերացիան ձևական բնույթ է կրում և կարողանում է «միայն քեֆերի, ծաղկեփնջերի հարցեր լուծել», իսկ կրթական ոլորտի այլ հարցեր այդպես էլ լուծում չեն ստանում, քննարկման մակարդակից վերև չեն բարձրանում: «Նոր արհմությունը կրթության ոլորտի աշխատողներին կտա ձայն, և ուսուցիչներին մեկ ձայնով խոսելու, միասին օրակարգ ձևավորելու հնարավորություն»,- հավելում է Սողոմոնյանը:
Մինչև արհմիության ձևավորումը հիմնադիրները կրթության ոլորտի աշխատակիցներին ներկայացրել են նոր ձևավորվող արհեստակցական միության նպատակները, գործառույթները: Հիմնադրման մասին հայտարարությանն արձագանքած ուսուցիչներից մի քանիսը ակտիվորեն մասնակցել են արհմիության ստեղծմանը և ձևավորել խորհուրդ: Հիմնադիր ժողովի անդամները Հայաստանի տարբեր մարզերից են: Արհմիության խորհրդի նախագահ է ընտրվել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչ Վահրամ Թոքմաջյանը:
Մեզ հետ զրույցում Վահրամ Թոքմաջյանն ասաց, որ արհմիության գործառույթները կարգավորվում են «Արհեստակցական միությունների մասին» օրենքով, թեև օրենքը բացեր ունի, և իրենք նախագիծ են մշակում՝ առկա բացթողումները վեր հանելու վերաբերյալ: Վերջինիս խոսքով՝ «Կրթություն և համերաշխություն» արհմիության գլխավոր նպատակը կրթության ոլորտի աշխատողին իրավական կարգավիճակ տալն է. «Կա քաղծառայող, օրենքով սահմանվում է նրա դերը, գործառույթը, նա ունի պաշտպանվելու մեխանիզմներ, իսկ կրթության ոլորտի աշխատակիցը չունի այդ մեխանիզմները՝ հատկապես հաշվի առնելով, որ կրթությունն ամենախոցելի ոլորտներից մեկն է, և այդ ոլորտի շահառուները թվով ամենաշատն են»: Արհմիության մյուս նպատակն է ուսուցիչներին ընդգրկել կրթական համակարգի ոլորտային քննարկումներում դասագրքերի պատրաստման գործընթացում, բարձրացնել աշխատողի պաշտպանվածությունը:
Արհմիությանը կարող է միանալ կրթության ոլորտի ցանկացած աշխատակից:
Մեկնաբանել