
Օղակաձև այգում սրճարան է ապամոնտաժվում
Երևանի քաղաքապետարանի որոշմամբ՝ Օղակաձև այգու 5-րդ հատվածում սրճարան է ապամոնտաժվում: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նաև գրառում է կատարել քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը: Իսկ քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշված է. որ Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում ապամոնտաժվել է տարիներ շարունակ չգործող, անխնամ վիճակում գտնվող սրճարանը: Ապամոնտաժվել են նաև բետոնապատ տարածքներն ու մետաղական կոնստրուկցիաները:
«Հետք»-ի հետ զրույցում Հ. Կուբատյանը տեղեկացրեց, որ քաղաքապետարանը սրճարան կառուցողին կառուցապատում իրականացնելու թույլտվություն չի տվել, կառույցն ապօրինի է եղել, և այդ պատճառով էլ ապամոնտաժվում է: Թե ում է պատկանում տարածքը, Հովսեփ Կուբատյանն ասաց, որ այս պահին չի կարող նշել, քանի որ «որևէ հայտնի մարդու չի պատկանում», իսկ կոնկրետ հասցեն ևս հայտնի չէ:
«Տարածքը գտնվում է Օղակաձև այգու 5-րդ հատվածում՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դիմացի հատվածում»,- հավելում է Կուբատյանը: Վերջինիս խոսքով՝ վաղը ևս կշարունակվի ապամոնտաժումը:
Ըստ Կուբատյանի ՝ այգու այլ հատվածներում ապամոնտաժման աշխատանքներ այս պահին չեն իրականացվում, սակայն ուսումնասիրվում են Օղակաձև այգում գտնվող սրճարանների կառուցապատման իրավական հիմքերը, և գույքագրում է կատարվում:
Մեկնաբանել