
Մեղսունա՞կ է Կիլինկարովի սպանության մեջ մեղադրվող 24-ամյա Վասիլը. գործը վարող քննիչի կարծիքը
Այսօր «Հետքը» ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի Թումանյանի քննչական բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռուդոլֆ Ստեփանյանից տեղեկություններ խնդրեց այս տարվա հունվարի 12-ին Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովայի անվան հրապարակում հրազենային կրակոցներից սպանված, 35-ամյա Գագիկ Կիլինկարովի սպանության գործի նախաքննության ընթացքի մասին:
Հիշեցնենք, որ սպանությունից անմիջապես հետո մեղայականով ոստիկանություն էր ներկայացել Ալավերդու 24-ամյա բնակիչ Վասիլ Գագիկի Շահվերդյանը:
Ռուդոլֆ Ստեփանյանը հայտնեց, որ դեպքի առթիվ նախաքննող մարմինը քրեական գործ է հարուցել ՀՀ քր. օրենսգրքի 104 հոդվածի 1-ին, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 235 հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի զենք կրելու, շատերի կյանքի համար վտանգավոր, դիտավորյալ սպանություն կատարելու համար:
«Այս մասով նշանակված են մի շարք փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռ չենք ստացել: Հանցագործություն կատարած անձը գտնվում է կալանքի տակ»,- ասաց Ռուդոլֆ Ստեփանյանը:
Ըստ Ալավերդի քաղաքում շրջանառվող լուրերի՝ սպանության հեղինակ Վասիլ Շահվերդյանը ներկայում հոգեբուժարանում է: Քննչական բաժանմունքի պետը հայտնեց, որ Վասիլ Շահվերդյանի՝ հոգեբուժարանում գտնվելու մասին տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը: «Անգամ փորձաքննություն չի նշանակվել: Մեր ձեռքի տակ համապատասխան բժշկական փաստաթուղթ չկա»,- ասաց նա:
Միաժամանակ Ռուդոլֆ Ստեփանյանը փաստեց. «Զինվորական փաստաթղթերի համաձայն՝ Վասիլ Շահվերդյանը զինվորական ծառայությունից ազատվել է փսիխոպատիա հիվանդության պատճառով: Քրեական գործում, սակայն, դեռևս նման ապացույցներ չունենք: Բժշկական փորձաքննությամբ պետք է պարզել՝ նա մեղսունա՞կ է, թե՞ ոչ: Ես՝ որպես գործը վարող քննիչ, կասկածանք չունեմ նրա մեղսունակության վրա: Նա այնքան հավասարակշռված է վարել իր գործողությունները, որ սպանությունը կատարելուց հետո ատրճանակում թողել է մեկ փամփուշտ՝ իր անվտանգության համար»:
Գագիկ Կիլինկարովի և 10 տարի առաջ վերջինիս եղբոր՝ Արմեն Կիլինկարովի կողմից սպանված Արսեն Շաքարյանի սպանությունների առնչությունների հետ կապված՝ նախաքննող մարմնի ղեկավարն ասաց, որ այդ փաստի հետ կապված դեռևս ապացույցներ չունեն:
Ռուդոլֆ Ստեփանյանը հերքեց նաև Վասիլ Շահվերդյանի կողմից Արսեն Շաքարյանի վրեժը լուծելու մասին տարածված լուրերը: «Վասիլ Շահվերդյանը ոստիկանությանը հանձնվելիս նման հայտարարություն չի արել»,- ասաց նա:
Ռուդոլֆ Ստեփանյանը, այնուամենայնիվ, հավելեց, որ նախաքննությունը որևէ վարկած չի բացառում. «Դրդապատճառները նախաքննության փուլում են: Շարժառիթների մասին հստակ տեղեկատվություն չեմ կարող տալ»:
Մեկնաբանել