
«Սպայկա» ընկերության տնօրենը կալանավորվեց. դատարանի մոտ բողոքի ակցիա է
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի, քիչ առաջ հրապարակեց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու որոշումը։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց ընկերության աշխատակիցները առավոտից շարունակում են բողոքի ակցիա իրականացնել։ Աշխատակիցները պնդում են, որ իրենց աշխատանքը շարունակվելու է եւ պահանջում են Դավիթ Ղազարյանին ազատ արձակել։ Աշխատակիցները պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ նշելով, որ նա պետք է իրենց հարցերին պատասխանի։
Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը ապրիլի 5-ին հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՊԵԿ քննչական վարչության աշխատակիցների կողմից կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպք: Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ խոշոր չափով հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը:
Մեկնաբանել