
Հինգ տարվա պայքար՝ ԱՊՊԱ-ից մեքենայի փաստացի վնասը դատական կարգով ստանալու համար
«Հայկական ծրագրեր» ընկերությունը 5 տարի պայքարում էր՝ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունից վնասի փաստացի փոխհատուցում ստանալու համար։
Ընկերությունն իր մեքենան վնասած ավտոմեքենայի ապահովագրական ընկերությունից դատական կարգով պահանջում էր մոտ 800 000 դրամ։
Առաջին ատյանի դատարանը գտել էր, որ «Հայկական ծրագրեր» ընկերության՝ դատարան ներկայացրած դատական փորձաքննության եզրակացությունը թույլատրելի է, սակայն Վերաքննիչ դատարանն այն համարել է անթույլատրելի։ Ի վերջո, Վճռաբեկ դատարանը նախորդ ամիս մերժել է ընկերության բողոքը վարույթ ընդունել։ Դատարանը պարզաբանել է՝ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, իսկ այս դեպքում դատարանը ներկայացված հիմնավորումները համարել է ոչ բավարար:
«Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի գտել բողոքն ընդունել վարույթ՝ համարելով, որ իրավունքի զարգացման տեսանկյունից բողոքը լավ հիմնավորված չէ։ Այսինքն՝ այս տեսանկյունից Վճռաբեկ դատարանը գտել է, որ գործը ենթակա չէ քննության»,- նշում է «Հայկական ծրագրեր» ընկերության փաստաբան Նարինե Բեգլարյանը։
Փաստաբանն ասում է՝ իրենց դատական հայցերը մերժվեցին, որպեսզի վարորդները ԱՊՊԱ-ներից պահանջվող իրենց փաստացի հատուցումները չփորձեն ստանալ դատական կարգով, չստեղծվեն նման նախադեպեր։
Ինչից սկսվեց հինգ տարի տևողությամբ դատական գործընթացը
2014 թվականի փետրվարին Վարդանանց և Նար-Դոս փողոցների խաչմերուկում իրար բախվեցին Mercedes-Vito և Mitsubishi-Emdeavor մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի պատճառը Mitsubishi-Emdeavor ավտոմեքենայի վարորդն էր, ով ժամանակին չէր արգելակել լուսացույցի տակ՝ բախվելով առջևից համընթաց երթևեկող և լուսացույցի արգելակման նշանի տակ կանգնած ավտոմեքենային։
Ապահովագրական ընկերության առաջնային՝ 2014 թվականի եզրակացությունում նշվել է, որ վնասվել է Mitsubishi-Emdeavor ավտոմեքենայի բեռնախցիկի դուռը։ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը մեքենային պատճառված վնասը գնահատել էր 100․000 դրամ։
«Հայկական ծրագրեր»-ը «Սիլ Ինշուրանս» ընկերությանը հայտնել է, որ վնասված դուռը ենթակա չէ վերանորոգման, այն պետք է փոխարինվի, վճարվելիք գումարը 5-8 անգամ գերազանցում է ապահովագրական ընկերության հատուցման գումարի չափը։
«Սիլ Ինշուրանսը» հրաժարվել էր հավելյալ գումար վճարել, նշելով, որ իր հատուցման գումարը անփոփոխ է՝ 100 000 դրամ։
«Հայկական ծրագրեր» ընկերությունը վնասված մեքենան ձեռք էր բերել ավտովթարից ամիսներ առաջ։ Ընկերությունը հրաժարվում էր մեքենայի դուռը վերանորոգել՝ պնդելով, որ այն նոր գնված մեքենա է, ունի երաշխիքային սպասարկում։
«Մեքենան եղել է նոր ձեռք բերված, եղել է երաշխիքային ժամկետի մեջ։ Որպեսզի մեքենան շարունակեր մնալ երաշխիքային ժամկետի մեջ, երաշխիքային սպասարկում իրականացնող կազմակերպությունը, պնդել է, որ հետևի բեռնախցիկի վնասված դուռը պետք է փոխարինվի և ենթակա չէ վերանորոգման։ Փոխարինման ծախսերը մոտավորապես 800 հազար դրամ արժեն։ Իսկ ԱՊՊԱ-ն վնասը գնահատել է 100 հազար դրամ՝ պատճառաբանելով, որ այդ դուռը հնարավոր է վերանորոգել, ոչ թե փոխարինել»,- ասում է Նարինե Բեգլարյանը։
«Հայկական ծրագրեր» ընկերությունը փաստացի վնասն ապացուցելու համար՝ առաջին ատյանի դատարանին միջնորդում է դատական փորձաքննություն նշանակել։ 2016 թվականի հունիսին ստացվում է փորձագիտական եզրակացություն, որ մեքենայի պատշաճ օգտագործման համար անհրաժեշտ էր կատարել բեռնախցիկի դռան փոխարինում, ոչ թե վերանորոգում։
«Փորձագետի եզրակացությունը քաղաքացիական դատավարությունում ապացույցների տեսակների մեջ թվարկված է որպես առանձին տեսակ։ Փորձագետը մասնագիտական կարծիք է տվել, որ վնասի չափը մոտ 800 հազար դրամ է, դատարանը հիմք է ընդունել փորձագետի հաշվարկը և բավարարել մեր հայցը»,- ասում է փաստաբանը։
Սակայն ապահովագրական ընկերությունն այս որոշումը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում։ Դատարանը, անդրադառնալով փորձագետի եզրակացությանը, հայտնել, որ վնասների բռնագանձման հայցերով, այդ ապացույցը չէր կարող լիներ թույլատրելի, քանի որ անձը ժամանակին ապահովագրական ընկերության որոշումը չի բողոքարկել ապահովագրական բյուրոյում։
«Սա արվում է նախադեպ չստեղծելու համար։ Եթե մի քանի նման գործեր լինեն, հետագայում այս գործերը շարքով գալու են դատարան։ Դատարանն ասում է՝ նման դեպքերում դատարան մի եկեք, գնացեք ապահովագրական ընկերություններում, փորձագիտական եզրակացություններով վիճարկեք։ Ստացվում է՝ դատական փորձաքննություններով չի կարող որոշվի վնասի չափը, դա պետք է որոշեն ապահովագրականի փորձագետները»,- ասում է Նարինե Բեգլարյանը։
Փաստաբանի գնահատմամբ՝ խնդիրը ավելի շատ ապահովագրական քաղաքականության մեջ է, եթե վնասի փաստացի փոխհատուցման պահանջը դատարանը բավարարեր, ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից ցանկացած վարորդ, ով համաձայն չէ ապահովագրական ընկերության վնասի գնահատման հետ, կարող է դատական հայց ներկայացնել ապահովագրական ընկերության դեմ ՝ պահանջելով վնասի փաստացի փոխհատուցում։
«Եթե դատարանները որոշեին՝ նորմալ է, երբ վարորդը փորձագիտական, ոչ ապահովագրական եզրակացությամբ, գալիս է դատարան և հաստատում իր կրած փաստացի վնասի չափը, պատկերացրեք ինչ կկատարվեր ԱՊՊԱ-ների շուկայում։ Ավտոմեքենաների սեփականատերերից շատերը բնականաբար կգնային իրենց վնասի փաստացի փոխհատուցման ճանապարհով։ Շատ դեպքերում վարորդները զուտ վերանորոգում են մեքենայի որևէ հատված, որովհետև դա է իրենց հատկացված փոխհատուցման չափը, և դիտարկվում է, որ վարորդները քչով էլ պետք է բավարարվեն»,- ասում է Նարինե Բեգլարյանը։
Նարինե Բեգլարյանն ասում է՝ իրենք փաստացի փոխհատուցման գումարը դատական կարգով ստանալու ճանապարհն ընտրեցին, քանի որ դա յուրաքանչյուրի սահմանադրական իրավունքն է, և որևէ իրավական ակտ չկա, որը կպարտադրի ԱՊՊԱ փորձաքննությունը վիճարկել ապահովագրական բյուրոյում։
«Եթե դատական փորձաքննությունը թույլատրելի չէ, վարորդները մնում են ապահովագրական ընկերությունների փորձագետների եզրակացության շրջանակներում, մենք դատական փորձաքննությամբ չենք կարող «հերքել» ապահովագրական ընկերության եզրակացությունը»,- ասում է փաստաբանը։
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել