HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Դատավորը խախտել է օրենքը և անհարգալից վերաբերմունք դրսևորել

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը`հանձին դատավոր Ռուբեն Ներսիսյանի, խախտել է Դատավարության օրենսգրքի դրույթները:

«Վանաձոր» ՔԿՀ-ում մահացած կալանավոր Սլավիկ Ոսկանյանի կինը`Շուշանիկ Ոսկանյանը`որպես տուժողի իրավահաջորդ, և նրա ներկայացուցիչները`փաստաբաններ Էդմոն Մարուքյանն ու Կարեն Թումանյանը, պահանջում են վերացնել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Գաբրիել Պետրոսյանի կողմից`Սլավիկ Ոսկանյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը:

Վերադասության կարգով քննիչի որոշման դեմ բողոք է ներկայացվել գլխավոր դատախազություն, որը մերժվել է, որից հետո այն բողոքարկվել է դատական կարգով: Տուժողի իրավահաջորդների կողմից դատարան բերված բողոքի քննությունը նշանակված էր սույն թվականի փետրվարի 3-ին`ժամը 17.15-ին:

Դատական նիստի վերաբերյալ ծանուցագրի մեջ նշված չէր գործը քննող դատավորի անունը: Նշանակված օրը ներկայանալով դատարան` տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը գրասենյակից է ճշտել, որ գործը դատավոր Ռուբեն Ներսիսյանի վարույթում է գտնվում:

Փաստաբանը գնացել է թիվ 2 դահլիճ, որտեղ նույն դատավորը քննելիս է եղել մեկ այլ քաղաքացիական գործ: Այդ ընթացքում ընդմիջում է հայտարարվել: Փաստաբանը մոտեցել է գործավարին և տեղեկացրել, որ ինքը ժամը 17.15-ին նշանակված դատական գործի մասնակից է: Նրան առաջարկել են սպասել: Ընդմիջումից վերադառնալով`դատավոր Ներսիսյանը շարունակել է ընդհատված նիստը մինչև ժամը 18.00-ն: Ապա հայտարարել է, որ աշխատանքային օրն ավարտվելու կապակցությամբ նիստը հետաձգվում է:

Դատավորի`դահլիճից դուրս գալու պահին փաստաբանը մոտեցել է նրան`հիշեցնելու ժամը 17.15-ին նշանակված դատական նիստի մասին, որն այդպես էլ չբացվեց նրա կողմից: Դատավորը չի լսել փաստաբանին և հեռացել է:

Գործավարը փաստաբանին ասել է, որ նա իզուր է դատավորին դիմում, ինքը նրա փոխարեն պարզաբանումներ կտա: Ժամը 18.20 րոպեին`դատավորի օգնականը մոտեցել է փաստաբանին և հայտնել, որ նիստը չի կայանա: Այն հետաձգվում է:

Փաստորեն`դատավոր Ռուբեն Ներսիսյանը խախտել է Քրեական դատավարության օրենսգրքի 317-րդ հոդվածը, ըստ որի`նախագահողը գործը քննելու համար նշանակված ժամին բացում է դատական նիստը և հայտարարում, թե որ գործն է ենթակա քննության: Ավելին, դատավորը ոչ միայն չի բացել նշանակված նիստը, այլև չբացած`հետաձգել է այն:

«Մեր կառավարությունը, դատական իշխանությունը, արդարադատության նախարարությունը բարեփոխումներ են փորձում իրականացնել, որպեսզի դատարանների նկատմամբ վստահության մակարդակը բարձրացվի, իսկ նմանատիպ գործողություններով դատարաններն այնպես են անում, որ եղած վստահությունն էլ վերանա, որ մարդ իրեն նվաստացած զգա, գա 1 ժամ սպասի, որ նիստը տեղի չունենա»,-ասում է Էդմոն Մարուքյանը:

Տվյալ դեպքում`քաղաքացիրների հարկերից աշխատավարձ ստացող դատավորի և նրա աշխատակազմի կողմից ցուցաբերված վերաբերմունքը փաստաբանը գնահատում է անհարգալից և արհամարհական`առաջին հերթին մարդու, ապա դատավարության մասնակցի նկատմամբ:

Փաստաբանը ուշադրություն է հրավիրում երևույթի զուտ բարոյական կողմի վրա. դատավորը հաշվի չի առել նույնիսկ այն, որ տուժողի իրավահաջորդը և նրա ներկայացուցիչները Վանաձորից են գնալու Երևան (ծանուցագիրը Վանաձոր է ուղարկվել, տուժողի իրավահաջորդ Շուշանիկ Ոսկանյանի անունով), իսկ դատավարության մասնակիցը նշանակված ժամին դատարանում է եղել`չնայած բնակավայրի հեռավորությանն ու ձմռան պայմաններում ճանապարհների դժվարանցանելիությանը:

Փաստաբանը նկատում է, որ եթե դատավորի ծանրաբեռնվածությունն էր նիստը չկայանալու պատճառը, նա կարող էր գոնե բացել այն, հետաձգել և շարունակել իր մյուս գործի քննությունը, որով զբաղված էր: Ինքն էլ այդ մասին իմանալով`գոնե 1 ժամ շուտ կվերադառնար Վանաձոր: Չնայած, նրա կարծիքով, ծանրաբեռնվածությունն էլ չի կարող արդարացում լինել. «Եթե ծանրաբեռնված են, չեն հասցնում, թող պետությունը դատավորներ նշանակի»,-ասում է Էդմոն Մարուքյանը:

Դատավոր Ներսիսյանի կողմից վերը նշված հոդվածի խախտումով խախտվում է նաև օրենքի մեկ այլ դրույթ: Քննիչի որոշման դեմ բողոքը դատարան է ներկայացվել Քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն: Նշված հոդվածի 4-րդ կետով` բողոքը դատավորի կողմից միանձնյա քննվում է այն ստանալու պահից 10 օրվա ընթացքում`այդ մասին տեղյակ պահելով դիմողին և վարույթն իրականացնող մարմնին:

Դատական նիստի վերաբերյալ ծանուցագրից չի երևում`երբ է դատարանն ստացել քննիչի որոշման դեմ բողոքը: Ծանուցագիրը տուժողի իրավահաջորդին է ուղարկվել հունվարի 10-ին, դատական նիստը նշանակվել է փետրվարի 3-ին, այսինքն`23 օր հետո: Բացի դրանից, նշանակված օրն էլ դատավորը չի բացել դատական նիստը: Նշանակում է`չի պահպանել օրենքով սահմանված`բողոքը քննելու 10-օրյա ժամկետը: Նշանակում է`դատավորի կողմից խախտվել է նաև Քր. դատ. օր.-ի 290-րդ հոդվածը:

«Փետրվարի 3-ին նիստը չի բացում, որ գոնե սկսի քննությունը, որպեսզի խախտումը չհոսի, այսինքն`10-օրյա ժամկետի խախտումը հոսում է»,-օրենքի մի խախտումից բխող մյուս խախտումն է արձանագրում փաստաբանը:

Մեկնաբանություններ (6)

Արման
Հարգելի Կարեն, փաստորեն մեր հարկատուներիս հաշվին աշխատավարձ ստացող դատավորի նման գործելաոճը էական խախտում չի համարվում հա, երբ դատավորը 17:15 նիստ է նշանակում մարդկանց վանաձորից այս ճանապարհներով հասցնում է Երևան և ալարում է նշանակված ժամին նիստ անի և ասի, որ հետաձգում է մարդիկ էլ շուտ գնան վերադառնան Վանաձոր... այլ սպասեցնում և մեկ ժամ հետո ասում է Ձեր նիստը հետաձգվում է, հարկ էլ չի համարում անձամբ բացատրություններ տալ... սա ոչ էական խախտում է, երբ որ օրենքով պետք է 10 օրյա ժամկետում լսի, բայց մեկ ամիս անցել է այդ ժամկետից չի քննել գործը մի հատ էլ առհամարում է մարդկանց դա էական խախտում չէ... Ավելին, այս մեկնաբանություններից ես տեսա, որ շատերն են նման բաների հանդիպել այս դատավորի գործերով, հիմա ինչ տենց անպատիժ պետք է մարդկանց առհամարի... և դա էական խախտում չի համարվելու... վերջի վերջո պետք է հասկանալ, որ այս դատավորը պետության և դատական համակարգի հեղինակության հետ է չէ խախում:
Karen
Ոչ ոք չի ցանկանում խնդիրը դիտարկել այն տեսանկյունից, որ գրեթե բոլոր զարգացած եվրոպական երկրների՝ Ֆրանսիայի, Իտալիայի և այլն /ի տարբերություն Պակիստանի, Աֆղանստանի և այլն/ դատական համակարգերը ևս անմասն չեն նամն իրավիճակներից, երբ, օրինակ, գործի քննությունը այս կամ այն, այդ թվում՝ դատավորի կողմից մեկ այլ գործի քննությունը դեռևս ավարտված չլինելու պատճառով, ձգձգվում են: Դրա վառ ապացույցն է այն, որ Եվրոպական դատարանը նրանց նկատմամբ բազմաթիվ վճիռներ է կայացրել գործի քննության ողջամիտ ժամկետները խախտելու համար: Այնպես որ, փաստաբանի հաճախորդը, եթե որոշել է մինչև վերջ պայքարել, պետք է պատրաստ լինի այս ամենին, իսկ փաստաբանը, կարծում եմ, պետք է զերծ մնա ի հեճուկս հաճախորդի ամեն մի ձևական խախտման մասին լրատվամիջոցներով ազդարարելուց: Հակառակ դեպքում, վաղը մյուս օր լրջորեն կարժեզրկվեն էական խախտումների մասին հնարավոր հրապարակումները:
Վաչագան
Առանց էն էլ մի եսիմինչ հարգանք ու պատկառանք չկա դատավոր ու դատարան հասկացությունների ու ինստիտուտների մասին ու սա բոլորը շատ լավ գիտեն... էդքանից հետո փոխանակ ամեն առիթ օգտագործեն, որ գրամ-գրամ հեղինակություն վերականգնեն, լրիվ հակառակն են անում... մարդկանց մի փոքր արդարություն ա պետք, որ մնան էս երկրում, ու պետք ա, որ դատարանն ապահովի էդ արդարությունը, ոչ թե մարդիկ դիմեն գողականն ու հանցագործ աշխարհը...
Lara
Հենց դատավոր նշանակելուց առաջ են մտածում, թե ինչ դատավոր նշանակեն, պատահական մեկը չկա ու չի էլ լինի, գործելաոճը հիմնականում գլխավոր դատախազության կամակատարումն է, իսկ երբ իրենց պետք լինի օրենքը դեմ կտան, ով պետք է ինչ ասի ?, թույլ մի տվեք թող չանեն
Հովհաննես Ղազարյան
Ասա լսի, դու, որ դատավոր ես, ուրեմն քեզ ու քո նմաններին ամեն ինչ կարելի է??? դուք, որ օրենքը խախտում եք, ինչ բարոյական իրավունքով եք քաղաքացուց պահանջում կատարել կամ հարգել այդ նույն օրենքը??? ՈՒ սա միակ դատավորը չէ, նիստերի ժամանակացույցից շեղվելը դատարաններում դարձել է համատարած, չես հասկանում սրանց դատավոր նշանակելուց առաջ մտածել են, թե ինչ են անում??? կամ ում են դատավոր նշանակում???
GT
Ռուբիկ Ներսիսյանի համար նման գործելաոճը դարձել է սովորական երևույթ: Ցանկացած միջնորդությունից հետո կարող է հեռանալ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու պատրվակով և ժամեր հետո օրվա վերջում իջնելով և հրապարակելով միջնորդության վերաբերյալ որոշումը և աշխատանքային ժամվա ավարտի պատրվակով հետաձգում է դրան հաջորդող մի քանի դատական նիստերը: Այն դատավորի մոտ դարձել է սովորական ու բնական երևույթ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter