
Ալեն Սիմոնյանը կոչ է անում ԱԺ նիստի տապալման հարցում քաղաքական ինտրիգներ չփնտրել
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի վստահեցմամբ՝ արտահերթ նիստի աշխատանքների ձախողումը «զուտ տեխնիկական հարց է, և այդտեղ որևէ ինտրիգ պետք չէ փնտրել»։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ արտահերթ նիստը իրավազոր չէր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների չներկայանալու պատճառով։
Սիմոնյանն ասաց, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մի մասը մեկնել է Արցախ, և դա է պատճառը, որ քվորում ապահովելու համար անհրաժեշտ պատգամավորների քանակ չկա:
«Վստահ չեմ, որ բոլորն են մեկնել, բայց օրենքը պահանջում է՝ սպասենք։ Կրկնում եմ՝ սա հատուկ քաղաքական ակցիա չէ, ուղղակի տեխնիկական է, համենայն դեպս լավ չէ, որ պատգամավորները ճիշտ չեն հաշվարկել, գուցե պետք էր, որ քվեարկությունից հետո գնան»,- ասաց նա:
Հարցին՝ արդյոք կապ կա՞ այն հարցում, որ պատգամավորները հենց այսօր են մեկնել Արցախ, քանի որ այսօր սպասվում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, Սիմոնյանն ասաց, որ եթե անգամ համընկնումը պատահական է, ապա ճիշտ որոշում է։
Սիմոնյանը, սակայն, չհստակեցրեց, թե Արցախ մեկնած պատվիրակության կազմում քանի պատգամավոր կա:
Տեղեկացնենք, որ Արցախ մեկնած պատգամավորները մեծ մասամբ հանձնաժողովների նախագահներն են, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամների գերակշիռ մասը, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը։
ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ նիստը կարող է իրավազոր համարվել, եթե չորս ժամվա ընթացքում գրանցվի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն կեսը: Այս պահին գրանցվել է 51 պատգամավոր։
Մեկնաբանել