
ԼՀԿ-ն առաջարկում է 14 նախարարություն, այդ թվում նաև՝ ԱԱԾ-ն
«Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է 14 նախարարություն ներառել կառավարության կազմում, դրանք են՝ ազգային անվտանգության, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, արտաքին գործերի, գյուղատնտեսության, իրավական հարցերի, կրթության, գիտության և սպորտի, մշակույթի, ենթակառուցվածքների և տարածքային զարգացման, ներքին գործերի, շրջակա միջավայրի պաշտպանության և պաշտպանության նախարարություն։ Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Կառավարությունն արդեն հաստատել է «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Ինչպես գիտեք, այդ նախագծով առաջարկվում է կառավարությունը կրճատել, բայց, մեր կարծիքով, այդ կրճատումն ավելի շատ ֆորմալ բնույթ ունի, քանի որ բազմաթիվ հարցերի պատասխաններ չկան, այդ հարցերն են՝ արդյոք այդ փոփոխությունը բերո՞ւմ է նրան, որ սուպերվարչապետական համակարգը փոփոխվում է, թե ոչ, արդյոք այդ փոփոխված տարբերակով կառավարությունը և գործադիր իշխանության մարմինները դառնո՞ւմ են ավելի հաշվետու, և արդյոք կառավարության առջև դրված խնդիրները լուծվում են այդ տարբերակով, թե ոչ, կառավարության տարբերակում այս հարցերի պատասխանները չկան»,-համոզմունք հայտնեց Մարուքյանը։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ իրենք առաջարկում են այնպիսի կառուցվածք, որտեղ վարչապետին և կառավարությանը ենթակա մարմիններ չկան, բոլորը ներառված են կառավարության հիմնական կառուցվածքում։
«Բոլորի համար կան քաղաքական պատասխանատուներ, որով լուծվում է խորհրդարանական վերահսկողության և խորհրդարանական երկիր լինելու խնդիրը»,- ասաց Մարուքյանը։
Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ կառավարության առաջարկած տաբերակով կրճատվում է սփյուռքի նախարարությունը, զուգահեռաբար ստեղծվում է սփյուռքի հանձնակատարի մարմին` իր գրասենյակով, որը, սակայն, գործող սահմանադրությամբ կառավարության անդամ չէ և դուրս է մնում խորհրդարանական վերահսկողությունից։
«Մենք առաջարկում ենք փոխվարչապետին վերապահել սփյուռքի ու հայրենադարձության հարցերը և պահպանել երեք փոխվարչապետերի հաստիքները»,- ասաց Մարուքյանը։
Մարուքյանի խոսքով՝ իրենք բազմաթիվ հանդիպումներ են ունեցել տարբեր ոլորտների փորձագետների հետ և այն համոզմունքին են, որ և´ գյուղատնտեսության նախարարությունը, և´ մշակույթի նախարարությունը պետք է առանձին-առանձին գործեն։
«Մեր տարբերակում ունենք 14 նախարարություն՝ ազգային անվտանգության նախարարություն, որտեղից դուրս է գալիս քննչական դեպարտամենտը և միանում է Քննչական կոմիտեին, որը եղել է նախկինում որպես ռեֆորմ, բայց ԱԱԾ նախկին ղեկավարությունը թույլ չի տվել, նույնը վերաբերում է ՊԵԿ-ին, այնտեղ էլ է նման ռեֆորմ եղել, որ ՊԵԿ-ի քննչականը միանա Քննչական կոմիտեին, բայց ՊԵԿ ղեկավարը նախկինում գնացել է նախագահի՝ Սերժ Սարգսյանի մոտ և ասել` եթե հանեք էդ գործիքը, հարկերը չեմ հավաքի, բայց բոլորն ասում են, որ այն չագուչ է այդ մարմնի ձեռքում։ Հաջորդը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, առողջապահության նախարարություն, արտաքին գործերի նախարարություն, գյուղատնտեսության նախարարություն, արդարադատությունը վերանվանում ենք իրավական հարցերի նախարարություն, քանի որ արդարադատություն իրականացնում են բացառապես դատարանները, կրթության, գիտության և սպորտի նախարարություն, մշակույթի նախարարություն, ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարություն, ներքին գործերի նախարարություն, որը ներառում է ԱԻՆ-ն ու ոստիկանությունը, շրջակա միջավայրի պաշտպանության նախարարություն և պաշտպանության նախարարություն»,- ասաց Մարուքյանը։
Լուսանկարում ձախից՝ ԼՀԿ-ի նախագիծը, աջից՝ Կառավարության նախագիծը։
Մեկնաբանել