
«Vedanta Resources»-ը որոշել է 80 մլն ներդնել Հայաստանում
Հարցազրույց «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Բ.Կ. Շարմայի հետ
- Անցած շաբաթ «Արմինֆո» գործակալության տարածած հաղորդագրության մեջ նշվել է, որ Անիլ Ագարվալին պատկանող «Vedanta Resources »-ը որոշել է 80 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կատարել «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունում» («ԱՈԱՁ»): Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ կառավարությունը չի արձագանքել Սոթքում գործարան կառուցելու Ձեր առաջարկին: «Vedanta Resources»-ը պատրա՞ստ է ներդրում կատարել առանց այդ գործարանը կառուցելու:
- Մեր ներդրումային ծրագիրը ներառում է հետեւյալ հիմնական փուլերը.
ա) Երկրաբանահետախուզական աշխատանքներ,
բ) դատարկ ապարի հեռացում (մակաբացում), հանքավայրի նախապատրաստում եւ նոր հանքահանման մեքենա-սարքավորումների ձեռք բերում,
գ) վերամշակող գործարանի աղացման եւ ցիանացման (CIL) նոր արտադրամասերի կառուցում,
դ) վերամշակող գործարանի «Ճնշման տակ օքսիդացման» (POX) արտադրամասի կառուցում:
Վերը նշված (ա) եւ (բ) փուլերի իրականացման համար ՀՀ կառավարության որեւէ թույլտվություն (համաձայնեցում) չի պահանջվում: Հանքի նախապատրաստման եւ մակաբացման աշխատանքները արդեն սկսվել են: Մենք ամսեկան կատարում ենք 1 մլն տոննա դատարկ ապարի հեռացում: Հանքահանման նոր մեքենա-սարքավորումների ձեռք բերման վերաբերյալ բանակցությունները գտնվում են եզրափակիչ փուլում:
Համաձայնեցման ենթակա է միայն (գ) եւ (դ) փուլերի իրականացումը: Մենք բավականին լուրջ գումարներ ենք ծախսել Սոթքում գործարանի կառուցման հետ կապված «Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման» (ՇՄԱԳ) փաստաթղթի պատրաստման, հասարակական լսումների կազմակերպման եւ դրանց առնչվող այլ միջոցառումների կազմակերպման համար: Ցավոք, մեր կողմից առաջարկված ծրագիրը չընդունվեց, քանի որ այն հակասում էր «Սեւանի մասին» ՀՀ օրենքին: Բացի ծրագրի համար ծախսած գումարների կորստից, այս առաջարկի հանդեպ առկա հասարակության բացասական կարծիքի պատճառով մեր հանդեպ ձեւավորվեց ոչ նպաստավոր վերաբերմունք: Նախորդ անհաջող փորձից խուսափելու եւ ծրագիրը հնարավորինս շուտ սկսելու նպատակով մենք դիմեցինք ՀՀ կառավարությանը' կառուցվելիք գործարանի նոր տեղի վերաբերյալ նախնական համաձայնություն ստանալու ակնկալիքով: Մենք առաջարկեցինք նաեւ կազմակերպել կառավարության համար նոր ծրագրի շհորհանդես (presentation), որից հետո կառավարությունը հնարավորություն կունենար քննարկել այս հարցը եւ համապատասխան առաջարկություն անել խնդրի վերաբերյալ: Մենք դիմել ենք կառավարությանը պարզ երեսով եւ տեղեկացրել ենք, որ մենք կհետեւենք ՀՀ կառավարության կողմից ծրագրի եւ, մասնավորապես, կառուցվելիք գործարանի վայրի վերաբերյալ ցանկացած առաջարկությանը:
Մեր ծրագրերը Հայաստանում երկարաժամկետ են, եւ ներդրումը կկատարվի անկախ որեւէ հանգամանքից: Մենք պատրաստ ենք հետեւել ՀՀ կառավարության առաջարկություններին:
-«ԱՈԱՁ»-ը մշակել էր «Փուլ III» ծրագիրը, որի շրջանակներում անհրաժեշտ է ներդնել 80 մլն ԱՄՆ դոլար: «Vedanta Resources»-ի ներդրումը նախատեսված է հենց ա՞յդ փուլի իրագործման համար, թե՞ այլ ծրագիր գոյություն ունի:
- Այո: Ներդրումը կատարվելու է «Փուլ III» ծրագրի իրականացման համար:
-Բացի «Vedanta Resources»-ից, վերջին ամիսներին այլ ընկերություններ նույնպես հետաքրքրություն են հայտնել ներդրումներ կատարել ԱՈԱՁ-ում: Եթե եղել են, ապա ո՞ր ընկերություններն են նման առաջարկներ արել:
- «Vedanta Resources»-ի կառավարումն ապահովող հիմնական բաժնետերը հանդիսանում է նաեւ «ԱՈԱՁ»-ի սեփականատեր: Այդ պատճառով «Vedanta»-ն շահագրգռված է ներդրում կատարել հենց ԱՈԱՁ-ում, այլ ոչ թե այլ ընկերությունում: Մենք չենք դիմում, ոչ էլ մեզ է դիմել որեւէ այլ ընկերություն նման առաջարկությամբ:
- Մեր տեղեկություններով «ԱՈԱՁ»-ին ներդրումային ծրագիր է առաջարկել նաեւ «Global Gold» ընկերությունը: Եղե՞լ է նման առաջարկ «Global Gold»-ի կողմից:
- Մենք տեղյակ չենք նման որեւէ ներդրումային առաջարկության մասին:
- Եղե՞լ են, արդյոք, «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկության» գնման առաջարկներ այլ գնորդներից, մասնավորապես Հայաստանից։ Մեր տեղեկություններով' նման ցանկություն է հայտնել «Մուլտի Գրուպ» ընկերության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հաստատու՞մ եք, արդյոք, այս տեղեկությունը:
- Մեր ծրագրերը Հայաստանում երկարաժամկետ են: Մենք ցանկանում ենք ընդլայնել մեր բիզնեսը' սրբորեն հետեւելով ՀՀ օրենսդրության բոլոր պահանջներին, մեր ներդրումը ունենալով Հայաստանի տնտեսական զարգացման գործում, ինչպես որ կվարվեր ցանկացած պատասխանատու ընկերություն: Մենք որեւէ մտադրություն կամ ցանկություն չունենք վաճառել մեր բիզնեսի որեւէ մասը:
- Վերջերս դատա կան նոր գործ էր ընթանում «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկության» եւ Բնապահպանության նախարարության միջեւ: Նախարարությունն իր այս տարվա մեկ այլ ակտում ներկայացրել էր, որ «ԱՈԱՁ»-ն թաքցրել է մոտ 600 կգ ոսկի: Խոսքը վերաբերում է մարված պաշարների գնահատմանը: Ի՞նչ ընթացքում է դատական այս գործը:
- Դատարանի վճիռը հօգուտ «ԱՈԱՁ»-ի էր:
- 2005 թ. նախարարության ակտում թաքցված ոսկին կազմել էր մոտ 1000 կգ: Չնայած դուք համաձայն չէիք այդ ակտի հետ, սակայն դատական որոշումից հետո պակաս հաշվարկված մարված պաշարների դիմաց ստիպված վճարել եք 97.5 մլն դրամ: Այս հանգամանքը չի՞ հաստատում, որ ԱՈԱՁ-ն որոշ պաշարներ, այնուամենայնիվ, թաքցրել է:
- Հետեւելով Հայաստանի բոլոր օրենքներին' մենք ազնիվ եւ թափանցիկ ենք մեր գործունեության մեջ: Մենք Հայաստանում ենք բիզնես անելու, այլ ոչ թե դատական մարտեր վարելու համար: Մենք հաստատակամորեն մերժել եւ մերժում ենք «ոսկի թաքցնելուն» առնչվող ցանկացած մեղադրանք:
- Ի՞նչն է պատճառը, որ ԱՈԱՁ-ն անընդհատ խնդիրներ է ունենում Բնապահպանության նախարարության հետ:
- Մենք չունենք որեւէ խնդիր ՀՀ կառավարության որեւէ օղակի հետ: Որոշակի խնդիրների վերաբերյալ կարող են լինել տարակարծություններ: Դրանք կարգավորվում եւ շտկվում են ՀՀ նախարարությունների եւ գերատեսչությունների հետ քննարկումների միջոցով: Ինչ վերաբերում է ՀՀ բնապահպանության նախարարությանը, մենք համագործակցում ենք բոլոր ուղղություններով եւ ստանում անհրաժեշտ աջակցություն:
- Սեւանի ավազանում նոր գործարանի կառուցման ծրագիրը եթե չհաստատվի, կշարունակի՞, արդյոք, «ԱՈԱՁ»-ն իր գործունեությունը, թե՞ կհրաժարվի այդ ծրագրից եւ կվաճառի ձեռնարկությունը: Ինչպես դուք տեղեկացրել եք մեր նախորդ հարցազրույցում, արդյունահանվող հանքաքարի երկրաբանական կառուցվածքի փոփոխության պատճառով չեք կարողանում այն արդյունավետ վերամշակել հին գործարանում, որի պատճառով անհրաժեշտ է շեշտակի փոխել վերամշակման տեխնոլոգիան: Ինչպե՞ս է այսօր իրավիճակը, ինչ-որ բան փոխվե՞լ է, թե՞ մնում եք նույն կարծիքին:
- Ինչպես որ արդեն ասացի, մեր ծրագրերը Հայաստանում կրում են երկարաժամկետ բնույթ, եւ մենք մեր ակտիվները վաճառելու որեւէ մտադրություն չունենք: Ճիշտ է, որ Սոթքում առկա հանքաքարի զգալի մասը «դժվար կորզվող» է, եւ այն վերամշակելու համար անհրաժեշտ է ներդնել նոր տեխնոլոգիաներ: Դրա համար ահրաժեշտ է կառուցել «Ճնշման տակ օքսիդացման» (POX) տեխնոլոգիա ունեցող նոր գործարան: Միակ խնդիրը նոր գործարանի կառուցման վայրն է: Ինչպես արդեն ասացի, մենք պատրաստ ենք կառուցել այն ՀՀ կառավարության կողմից առաջարկված ցանկացած վայրում:
- Ի՞նչ հզորությամբ է այսօր աշխատում գործարանը, եւ ինչպիսի՞ արդյունքներ են եղել առաջին եռամսյակում:
- Ներկայիս գործարանի հզորությունը տարեկան 700000 տոննա է: Իսկ մեր վնասները նշված ժամանակահատվածի համար կազմել են 3,4 մլն ԱՄՆ դոլար:
Մեկնաբանել