
Քաղաքացու օ՞ր. քաղաքացին դեմ է…
«Եթե այսօր ընտրություններ լինեն, ես համոզված եմ, որ «Իմ Քայլը» դաշինքն ավելի մեծ տոկոսով կհաղթի»,- մարտի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բայց վարչապետը չի կարող չիմանալ, որ ԱԺ ընտրություններին «Իմ քայլ»-ին տված ձայները նախորդ համակարգի մերժման դե յուրե արձանագրությունն էին:
Ինչպե՞ս է, որ հասարակական կարծիքը համառորեն շրջանցում է վարչապետին: Այն դեպքում, երբ դրան ականջ դնելը հնարավորություն կտար իրականությանը սթափ նայել: «Ես գիտեմ նրան, ով Նապոլեոնից, Վոլտերից իմաստուն է, բոլոր ներկա ու ապագա նախարարներից խելացի է, և այդ մեկը հասարակական կարծիքն է»: Սա Նապոլեոնյան կայսրության դիվանագետ Թալեյրանի միտքն է:
Նախորդ համակարգի մերժման գործում Նիկոլ Փաշինյանի դերը մեծ էր, հետևաբար՝ նրա հանդեպ վստահությունը Քաղաքացին արտահայտեց իր քվեով:
Բայց անընդհատ վերհուշը չի կարող կայուն վարկանիշ ապահովել: Վատ ապրող Քաղաքացին կարո՞ղ է պերմանենտ գոհ լինել իշխանությունից, որքան էլ այն լեգիտիմ լինի:
Հետևաբար, եթե ԱԺ ընտրությունները լինեին այսօր, «Իմ քայլը» անհամեմատ ցածր վարկանիշ կունենար, քանի որ Քաղաքացին ընտրության ֆորմուլան կձևակերպեր ոչ թե նախորդ համակարգը մերժելու սկզբունքով, այլ նոր իշխանության աշխատանքը գնահատելու: Իսկ աշխատանքի արդյունքի չափելիությունը մեկն է՝ Քաղաքացու կենսամակարդակը ու վստահությունը, որ ինքը մասնակցել է ոչ թե իշխանափոխության գործընթացին, այլ արժեքների հեղափոխությանը:
Նույն ասուլիսին վարչապետը հայտարարեց նաև. «Այսօր մեր պետական կառավարման համակարգում չկա պաշտոնյա, որին ասենք՝ «գործդ ձախողել ես», ուրիշ բան, որ արագության և դանդաղության հետ կապված խնդիր կա»:
Որևէ ձևով դժվար է պատկերացնել, որ քաղաքականության մեջ տասնամյակներ կոփված ընդդիմադիր գործիչը, այսօր արդեն վարչապետը, չի ցանկանում նկատել իրականությունը: Կադրային քաղաքականությունը, ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացնող պատգամավորներից շատերի անպատրաստվածությունը, հում մտքերը, խոսքը, պահվածքը չափազանց տեսանելի են:
Այն, որ նոր իշխանությունները բարդ խնդրի առաջ են՝ փորձել ոտքի կանգնեցնել ավերված, թալանված, չաշխատող համակարգը, ստիպում է ենթադրել, որ ավելորդ ժամանակ, ոչ մի պաշտոնյա, պիտի որ չունենա:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի նախաձեռնությունը, սակայն, փոխել Հայաստանի հիմնը, պարզ դարձրեց, որ «Իմ քայլ»-ը դաշինքի ներկայացուցիչների ազատ ժամանակը չափազանց շատ է:
Եվ այդ ազատ ժամանակի ընթացքում էլ, հավանաբար, հասունացել է հաջորդ միտքը՝ օրացույցում ամրագրել Քաղաքացու օրը. «Ոչ բռնի թավշյա հեղափոխության արդյունքում համաժողովրդական շարժման հաղթանակի կապակցությամբ ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր»: ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն անգամ կարծում է, որ Անկախության օրից հետո Քաղաքացու օրը երկրորդ՝ ամենահիշարժան օրն է, ինչը և Կառավարությունն արձանագրում է:
Քաղաքացու դերը ապրիլյան իրադարձություններին, այո՛, առաջնային էր: Ունի՞, սակայն, Քաղաքացին օրացույցում հատուկ օր ունենալու ցանկություն: Իշխանությունը Քաղաքացուց նման պատվեր ստացե՞լ է: Որևէ հանրային քննարկում՝ քաղաքացիների մասնակցությամբ, եղե՞լ է: Ո՛չ:
Եթե ոչ, նշանակում է՝ իշխանությունը փոքր-ինչ սեթևեթում է՝ ապրիլի վերջին շաբաթը Քաղաքացու օր հայտարարելով: Ապրիլյան իրադարձությունների կադրերում, տասնյակ հազարավոր մարդկանց մեջ Քաղաքացին իրեն դժվար գտնի: Բայց հեշտությամբ կտեսնի այն ՄԵԿԻՆ՝ բոլոր քաղաքացիների հավաքական կերպարին: Այդ մեկը Նիկոլ Փաշինյանն է:
Առավել ևս, օրացույցում Ապրիլի 24-ի հարևանությամբ կարմիրով նշված նոր տոնը հիշեցնում է շեքսպիրյան մասշտաբի խնայողությունը, որը հնարավորություն տվեց Համլետի հոր մահն ու մոր հարսանիքն այնպես դասավորել, որ հոր հոգեհացի կերակուրները մատուցվեն մոր հարսանիքին:
Կա չգրված օրենք, որ քաղաքական դեմքերին, պատմական իրադարձություններին գնահատականներ տալու համար առնվազն մի քանի տարի է անհրաժեշտ:
Եթե հիշում եք, հոկտեմբերի 27-ից հետո տարօրինակ արագությամբ հանրապետության կարևոր նշանակության շինություններ, փողոցներ անվանակոչվեցին զոհերի անուններով: Անգամ Վազգեն Սարգսյանին սրբադասելու առաջարկներ եղան: Այսօր, ժամանակի հեռավորությունից, նման գաղափար որևէ մեկի գլխում դժվար թե ծագի:
Քաղաքացին էյֆորիկ տրամադրություններից անցում է կատարել սթափ գնահատականներին: Նույնը պիտի տեղի ունենար նաև իշխանության բարձր օղակում: Սակայն այնտեղ շարունակում են ապրել հիշողություններով և Քաղաքացու վստահության քվեն համարել առաձգական: Այդպես չէ...
Քաղաքացուն նվիրել օր՝ առանց նրա համար արժանապատիվ աշխատանքի, ապրելու միջավայր ստեղծելու, ինքնախաբեություն է:
Որևէ Քաղաքացու մտքով չէր անցնի Կառավարության որևէ անդամից հետաքրքրվել՝ ինչու՞ ապրիլյան օրերին իր մասնակցությունը համաժողովրդական շարժմանը, օրացույցում չի արձանագրվել: Սակայն Քաղաքացին կարող է հետաքրքրվել՝ ինչու՞ է իր վստահության քվեն այսպես մսխվում:
Եվ հետո, Քաղաքացին ինքը դեռ պետք է համոզվի՝ որքանով կարող է ազդել գործող իշխանության որոշումների վրա՝ կանխելու անտրամաբանական և իրեն՝ որպես հարկման ու տուգանքի աղբյուր ընկալելու դեռևս շարունակվող քաղաքականությունը:
Քաղաքացին դեմ է…
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել