
Փաշինյանը՝ Քոչարյանի մասին. «Եթե հաշվեհարդարի տրամադրություն լիներ, շատ կոնկրետ հնարավորություն կար»
Գործող իշխանության խնդիրն է ունենալ այնպիսի դատարան, որ և՛ Ռոբերտ Քոչարյանի հարցը, և՛ պայմանական ցանկացած քաղաքացու հարց քննարկվի օրինականության շրջանակներում։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 2008 թվականի մարտի 1-ի դեպքերով հարուցված քրեական գործին։
«Մեր կառավարությունը և ես անձամբ հարյուր տոկոսով հավատարիմ ենք այդ քաղաքականությանը»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելը որոշ շրջանակների կողմից բնորոշվում է որպես հաշվեհարդար, Փաշինյանն արձագանքեց՝ հաշվեհարդարն անհամատեղելի բառապաշար է սիրո ու համերաշխության կառավարության համար:
«Եթե հաշվեհարդարի տրամադրություն լիներ, շատ կարճ, կոնկրետ և հնարավորություն կար, և ժամանակը կար: Ես ուզում եմ ասել, որ որևէ գործողություն երբևէ չդիտարկել անձնական պատկերացումների շրջանակներում»,- ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ Մարտի 1-ի դեպքով նոր քրեական գործ հարուցելու անհրաժեշտություն չկա:
«Մարտի 1-ի պարկուճները փոխվել են. ինչու են փոխվել՝ որովհետև այդ պարկուճների փորձաքննությունը կարող էր տալ շատ հարցերի պատասխաններ, այդ թվում՝ սպանությունների կոնկրետ կատարողներին բացահայտելու առումով»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ որևէ կասկած չի կարող լինել այն հարցում, որ Մարտի 1-ի գործի բացահայտման առումով արվելու է ամեն ինչ:
Մեկնաբանել