
Վարչապետը՝ իրանական գազի և ԵՄ ներդրումների մասին
Իրան կատարած այցից առաջ Նիկոլ Փաշինյանը խոսել է Վրաստանի վարչապետի, Ռուսաստանի և Թուրքմենստանի նախագահների հետ և նրանց ներկայացրել քննարկվելիք հարցերի շրջանակը:
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին՝ երբ Իրան կատարած այցի ժամանակ անդրադարձ եղավ իրանական գազ Հայաստան ներմուծելուն, արդյո՞ք նոր գազատարի մասին է քննարկում եղել, և ինչ կարծիք ունեն այս մասին հարևան Վրաստանն ու Ռուսաստանը։
«Խոսքը նոր գազատարի մասին չէ: Իրան կատարած այցից առաջ ես հեռախոսազրույց եմ ունեցել ՌԴ նախագահի, Վրաստանի վարչապետի և Թուրքմենստանի նախագահի հետ, նրանց տեղեկացրել եմ, թե ինչ հարցերի շրջանակ եմ պատրաստվում քննարկել Իրանում, կարևոր է եղել նրանց մոտեցումն այս հարցում»,- ասաց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ վերոնշյալ անձանց հետ քննարկումների արդյունքում որոշվել է, որ Իրանում կարևոր անելիքներից մեկը պետք է լինի քննարկումներն այդ հարցով։
«Այդ քննարկումները կշարունակվեն, քանի դեռ եզրահանգման չենք եկել, մեր ընդհանուր տրամադրվածությունը պետք է լինի հետևյալը, որ հնարավոր բոլոր ուղղություններով պետք է շարունակենք մեր համագործակցությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հարց հնչեց նաև Բրյուսել կատարած այցի և ԵՄ ներդրումների մասին։ Վարչապետն արձագանքեց, որ այդ ծրագրերը վերաբերում են ենթակառուցվածների զարգացմանը, ջրամբարաշինության մեծ նախագիծ իրականացնելուն, որը ներառում է մոտ երկու տասնյակ ջրամբարներ կառուցելը, ոստիկանության համակարգի բարեփոխումները, էներգետիկ համակարգի զարգացումը և ներդրումները, կրթության, դատաիրավական համակարգի և հարկային վարչարարության բարեփոխումները։
«Մենք լիարժեք պատրաստ ենք բարեփոխումների ողջ օրակարգի շրջանակում համագործակցել, բայց կա մի արձանագրում. ԵՄ-ն ասում է՝ պատրաստ են լուրջ աջակցություն ցույց տալ այդ ծրագերին, սակայն այդ ծրագրերն ամբողջությամբ չի ֆինանսավորելու, ՀՀ-ն իր բաժին ներդրումը պետք է ունենա այդ հարցում, բայց մի խոչընդոտ ունենք «Պետական պարտքի մասին» օրենքում, որում առկա է սահմանափակում, որը չի կարող գերազանցել ՀՆԱ-ի որոշակի տոկոսը։ ԵՄ-ի առաջարկած մեխանիզմը հետևյալն է՝ պատրաստ են դրամաշնորհ տալ, բայց ՀՀ-ն ևս պետք է ներդրում անի»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ առաջիկայում այս հարցով քննարկում կլինի ԿԲ-ում, որպեսզի որոշում կայացվի։
Մեկնաբանել