
Դատախազությունը բողոքարկել է առողջապահության նախկին փոխնախարարի խափանման միջոցի կիրառումը
Դատախազությունը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելով առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանի խափանման միջոց՝ 5 մլն դրամ գրավի կիրառումը։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մարտի 9-ին 5 մլն գրավի դիմաց ազատ է արձակել Վահան Պողոսյանին՝ մերժելով քննիչի ներկայացրած կալանավորման միջնորդությունը։
Ավելի վաղ քննչական կոմիտեից տեղեկացրել էին, որ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարար Վ. Պողոսյանը: «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացված աուդիտորական ուսումնասիրության արդյունքում ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձ հանդիսացող նախկին աշխատակիցների կողմից առերևույթ կատարված մի շարք չարաշահումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Մեկնաբանել