
Առաջարկվում է՝ թույլատրել թմրամիջոցներն ու հոգեմետ նյութերը օգտագործել գիտահետազոտական նպատակով
Առողջապահության նախարարությունն առաջարկում է Հայաստանում արգելված թմրամիջոցներն ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը թույլատրել օգտագործել գիտական և ուսումնական, փորձագիտական նպատակներով:
Այս փոփոխության նպատակով նախարարությունն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրել «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ:
Գործող իրավակարգավորումների համաձայն` թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառությունը կարող է իրականացվել միայն բժշկական և օպերատիվ-հետախուզական նպատակներով:
Նախարարության փոխանցմամբ՝ գիտահետազոտական նման հետազոտությունների արդյունքները կարող են խթանել հայրենական և համաշխարհային դեղագործությունը, ինչպես նաև բարձրացնել հայկական գիտության համաշխարհային համբավը:
Գիտահետազոտական նպատակներով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործումը արգելվել է 2010 թվականի դեկտեմբերին՝ կրկին «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» օրենքի փոփոխության արդյունքում:
Մեկնաբանել