
Կառավարության որոշումով պատկերասրահի շենքը Ալավերդի համայնքի սեփականությունն է, սեփականության վկայականով՝ «Հայէկոնոմբանկ»-ինը
Ալավերդու պատկերասրահի շենքի պատկանելության քաշքշուկի հիման վրա հարուցված քրեական գործը Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը ուզում է կարճել վաղեմության հիմքով:
Կառավարության 1997թ.-ի մարտի 14-ի 51 որոշումը, որը սահմանում է երկրի համայնքների սեփականության գույքի ցանկը, Ալավերդու պատկերասրահի մասով 19 տարի շարունակ չի գործել: Այժմ իրավաբանական ուժ ունեցող կառավարության որոշումով պատկերասրահի շենքը Ալավերդի համայնքի սեփականությունն է, կեղծված սեփականության վկայականով՝ «Հայէկոնոմբանկ»-ի սեփականությունը: Վերջինս քողարկելու համար «Հայէկոնոմբանկ»-ը 2009թ.-ին պայմանագրով թույլատրել է Ալավերդու պատկերասրահին անհատույց գործել իր շենքի 120,3 քմ տարածքում, 2015-2016 թթ.-ին կատարել է գույքի բաժանում և սեփականատիրոջ փոփոխություն: Ալավերդի համայնքի սեփականության իրավունքի նկատմամբ կատարված ապօրինությունը 19 տարի շարունակ չի կանխվել Լոռու մարզի դատախազության կողմից:
«Հետք»-ի հարցերին պատասխանում է Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը:
- «Հետք»-ի՝ «Դատարանը Քաղառի չմարած վարկերի դիմաց ճանաչել է «Հայէկոնոմբանկ»-ի սեփականության իրավունքը՝ Ալավերդու պատկերասրահի շենքի նկատմամբ» հոդվածի նյութերով հարուցվել է քրեական գործ։ Ի՞նչ ընթացքում է այդ գործը:
- Այդ հրապարակումն ինքս անձամբ 2018թ.-ի դեկտեմբերի 21-ին ուղարկել եմ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժին՝ հրապարակման հետ կապված ստուգողական գործողություններ իրականացնելու համար: Այդ գործողությունների կատարման արդյունքում, հանգել է հետևություն, որ կատարվել է ենթադրաբար Քրեական օրենսգրքի 325 հոդվածով նախատեսված հանցագործություն: 2018թ.-ի դեկտեմբերի 31-ին քրօրենսգրքի 325 հոդված 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է 55164918 քրեական գործը: Վերջինս նախաքննություն կատարելու համար հանձնվել է Լոռու մարզի քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնին: Քրգործը այժմ գտնվում է նախաքննության փուլում:
- Մեզ հայտնի է դարձել, որ պատկերասրահի քրգործում դուք փորձում եք վաղեմության ժամկետի գործառույթ կիրառել: Հրապարակման մեջ նշել ենք, որ պատկերասրահի շենքի նկատմամբ հանցագործությունը շարունակական է, իսկ շարունակվող հանցագործության դեպքում դուք իրավունք չունեք վաղեմության ժամկետ կիրառելու:
-Քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ Ձեր նշած հանգամանքները, ըստ երևույթին, ֆիքսված չեն: Հետաքննության մարմինը արձանագրել է, թե երբ է տեղի ունեցել ենթադրյալ կեղծիքը, որի արդյունքում էլ պատկերասրահի շենքն անցել է «Հայէկոնոմբանկ»-ի տիրապետման տակ: Ենթադրյալ հանցանք կատարող անձի հայտնի լինելու պայմաններում վարույթ իրականացնող մարմինը պարտավոր է ճշտել այդ անձի դիրքորոշումը քրեական գործ հարուցելուց առաջ, քանի որ անցել է օրենքով սահմանված վաղեմության ժամկետները, ինչին դատախազը ոստիկանությանը հասցեագրված համապատասխան գրությամբ արձագանքել է:
- Պատկերասրահը իր շենքից վտարման շեմին է հայտնվել «Հայէկոնոմբանկ»-ի սեփականատերերի կապերի շնորհիվ: Մեզ տեղեկություն են հայտնել, որ պատկերասրահի գործով քրեական գործ հարուցելու համար Ձեր միջնորդությամբ ծառայողական քննություն է նշանակվել Թումանյանի ոստիկանապետ Լեռնիկ Գիգոլյանի նկատմամբ: Կբացատրեք՝ ի՞նչ է դա նշանակում:
- Ձեր հարցն ունի մի քանի կոմպոնենտ, Ձեր կոմպոնետներին ես առանձին պատասխան կտամ: Առաջին հարցը վերաբերում էր «Հայէկոնոմբանկ»-ի սեփականատերերի՝ հանրապետությունում զբաղեցրած դիրքին: Ես Ձեզ պաշտոնապես հավաստիացնում եմ, որ անկախ բանկի սեփականատերերի ունեցած դիրքից, որևէ բան մեզ չի կաշկանդելու: «Հայէկոնոմբանկ»-ի ներկայացուցիչ չէ, ով ուզում է լինի, եթե գործում կպարունակեն հանցագործության հատկանիշներ, մենք մինչև վերջ հետևողական ենք լինելու:
Թումանյանի ոստիկանապետ Լեռնիկ Գիգոլյանի նկատմամբ իմ կողմից ծառայողական քննություն անցկացնելու միջնորդության մասին կարող եմ ասել հետևյալը, քրեական գործ հարուցելու որոշումը հետաքննության մարմինը պարտավոր էր 24 ժամվա ընթացքում ուղարկել հսկող դատախազին: Հսկող դատախազը քրեական գործ հարուցելու մասին որոշման և քրեական գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերել է, որ կան ուղղակի հանգամանքներ, որոնք վարույթ իրականացնող մարմինը պարտավոր էր նյութերի նախապատրաստման ընթացքում պարզել վաղեմության ժամկետները լրացած լինելու պայմաններում ենթադրաբար հանցանքը կատարած անձի դիրքորոշումը: Քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նմանատիպ հանգամանք վարույթ իրականացնող մարմինը հարուցման որոշում կայացնելիս չի ստուգել, չի պարզել ենթադրաբար հանցանք կատարած անձանց դիրքորոշումը: Քանի որ դուք ինքներդ Ձեր հաղորդման՝ հրապարակման մեջ ֆիքսել եք, որ այս ենթադրաբար հանցագործությունը կատարվել է «Հայէկոնոմբանկ»-ի կողմից: Եվ բնականաբար վարույթ իրականացնող մարմինը պարտավոր էր նյութերի նախապատրաստման ընթացքում ֆիքսել՝ ով է առնչություն ունեցել այդ գործընթացի հետ և պարզել նրա դիրքորոշումը:
Ինչ վերաբերում է ոստիկանության Թումանյանի բաժնի պետի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելուն, ո´չ, Թումանյանի բաժնի պետի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու միջնորդություն չի ներկայացվել դատախազի կողմից: Դատախազը պարզապես էս հանգամանքի վրա հրավիրել է ոստիկանության համապատասխան ծառայության ուշադրությունը: Խոսքը վերաբերում է հարուցման որոշում կայացնող ծառայողին, ոչ թե ոստիկանության Թումանյանի բաժնի պետին:
- Հրապարակման մեջ նշված են ոչ միայն բանկի, այլ նաև Ալավերդու համայնքապետերի, Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանի, Քաղառի լուծարային հանձնաժողովի և կադաստրի կատարած ապօրինությունները: Խնդրում եմ ասել՝ ո՞վ է իրավասու կառավարության որոշումը չեղարկելու, շրջանցելու, կամ չկատարելու:
- Որևէ մեկը, անկախ իր կարգավիճակից, դա կլինի մարզի դատախազը, թե այլ պաշտոնատար անձ, իրավասու չէ շրջանցելու ոչ միայն կառավարության որոշում, այլև ցանկացած իրավական փաստաթղթի պահանջ:
- Մարզի դատախազության կողմից ինչո՞ւ ժամանակին չի կանխվել կառավարության որոշման նկատմամբ իրականացվող ոտնձգությունը:
- Դրա պատասխանները բացառապես պետք է տրվի նախաքննության շրջանակներում: Դրա համար մենք ստեղծել ենք բոլոր իրավական հիմքերը: Վարույթ իրականացնող մարմինը հարցում է արել կոնկրետ դատական դեպարտամենտ, պահանջել են էդ բոլոր փաստաթղթերի հիմքերը, որը դրվելու է դատարանի վճռի հիմքում: Քանի դեռ վարույթ իրականացնող մարմինը էդ փաստաթղթերը չի ուսումնասիրել, հետևաբար ես Ձեր տված հարցերին չեմ կարող պատասխանել: Մինչև այս քրեական գործը հարուցելը և այս գործը ոստիկանություն ուղարկելը, գխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ: Ես երեկ եմ կապվել վարչության պետի հետ, ինձ ասաց, որ հարցումներ են կատարվել տարբեր իրավասու մարմինների: Հիմա այդ հարցումների պատասխանները կուղարկեն, ես դրանք կուղարկեմ քննչական մարմնին՝ այդ ուղղությամբ էլ քննություն կանեն:
Վստա´հ եղեք, մարզի դատախազությունը հետևողական է լինելու, որ յուրաքանչյուր հանցանք կատարած անձ, այդ թվում նաև այս դեպքով ենթադրյալ անձը, արժանի պատասխան տա, իհարկե, օրենքի սահմաններում:
Մեկնաբանել