
Ռիմա Գյոդակյանի քարե զարդերն ու թղթե խաղալիքները
Մասնագիտությամբ գեղանկարիչ Ռիմա Գյոդակյանը երկու տարի առաջ հիմնել է ձեռագործ աշխատանքների սեփական ապրանքանիշը՝ «Դանդիլիոն»-ը: Այն անվանել է սիրած ծաղիկի՝ խատուտիկի անունով:
«Դանդիլիոն» ապրանքանիշում հիմնականում կրծքազարդեր, ականջօղեր, մատանիներ են և պապիե-մաշե տեխնոլոգիայով պատրաստված խաղալիքներ:
Ռիման մասնագիտությամբ գեղանկարիչ է, սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում: Նկարել սկսել է փոքր տարիքից:
Ապրում է Գյումրիում, իսկ ստեղծագործելու հիմնական վայրն իրենց տունն է:
Քարերից զարդեր պատրաստելու գաղափարն առաջացել է, երբ նա որդու հետ զբոսնելիս նկատել է՝ ինչպես է վերջինս մանր քարերից պատկերներ հավաքում: Ռիման այս մտքից ոգեշնչվել է, քարերը հավաքելով` տուն բերել, սկսել ձեռագործ զարդեր պատրաստել: Հետագայում քարերն ամրացնելու համար կիրառել է բնական կաշի, քանդակագործ ամուսնու գործիքներն էլ օգտագործելով՝ զարդերի վրա մանր քանդակներ արել: Զարդերի հիմնական թեմատիկան բնությունն է՝ կենդանիներ, թռչուններ, ծառեր:
«Ոգեշնչվում եմ ամեն ինչից, իսկ ամենամեծ ոգեշնչումը սերն է, սերը այն ամենի նկատմամբ ինչ շրջապատում է ինձ: Թե ինչ զարդ կսկսեմ սարքել կախված է նրանից, թե ինչ միտք կտա ինձ այդ քարը »,- ասում է Ռիման:
Զարդերը պատրաստում է առանց բնական գույների փոփոխության: Քարե ու կաշվե զարդերից բացի, Ռիմա Գյոդակյանը խաղալիքներ է պատրաստում հին չինական տեխնոլոգիայով՝ պապիե-մաշեի միջոցով:
Խաղալիքներ պատրաստելու առաջին փորձը կավով է եղել, սակայն կավի ծանր լինելու պատճառով որոշել է այլ տեխնոլոգիաներ օգտագործել: Ուսումնասիրել է խաղալիքներ, տիկնիկներ պատրաստելու մեթոդները և կանգ առել պապիե-մաշեի վրա:
Պապիե -մաշեն թարգմանաբար նշանակում է ծամված թուղթ: Թուղթը սոսնձի հետ միախառնելուց հետո ստացվում է միահյուս զանգված, որն էլ կիրառվում է խաղալիքների, զարդատուփերի պատրաստման համար:
Կերպարները հիմնականում ստեղծում է իր նկարների հիման վրա՝ ավելի արտառոց, տեսք հաղորդելով նրանց:
Սկզբից պատրաստվում է կաղապարը, հետո փայլաթղթով տիկնիկի մարմինը, հետո ծփում է թղթի և սոսնձի զանգվածը, այնուհետև չորացնում և ներկում խաղալիքը: Գործընթացը մոտ 4-5 օր է տևում: «Անչափ հետաքրքիր պրոցես է կերպարի ստեղծումը, ամենքի հետ մտնել կերպարի մեջ ու իրեն կյանքի կոչել»,- ասում է ստեղծագործողը։
«Դանդիլիոնը» ունի նաև 0-6 տարեկան երեխաների համար նախատեսված ձեռագործ կտորե գրքեր, որոնք երեխաների ընդհանուր զարգացման համար են: Առաջին գիրքը որդու համար է պատրաստել, հետո շարունակել գործը: Նպատակն ապրանքանիշն ավելի ճանաչելի դարձնելն է: «Ինչքան տարբեր գործեր անեմ, այնքան ավելի հետաքրքիր կլինի աշխատելն առաջինն ինձ համար: Սիրած գործով եմ միշտ զբաղվում, որը և´ հոբբի է, և´ ինչ-որ տեղ մասնագիտություն, ինչու ոչ` նաև եկամուտ»,- հավելում է ստեղծագործողը։
Լուսանկարները՝ Ռիմա Գյոդակյանի ֆեյսբուքյան էջից։
Մեկնաբանել