
Դավիթ Սանասարյան «Գյուղացին վճարում է իր օգտագործած ջրի դիմաց, բայց դա տեղ չի հասնում»
Ջրային համակարգի վրա 10.5 միլիարդ դրամի պարտք կա: Կառավարության նիստին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ասաց՝ այս հարցով պետք է զբաղվեն՝ հասկանալու համար այն երբ և ինչպես է գոյացել. «Որովհետև մենք ինչքան քննարկում ենք, քիչ հավանական է, որ գյուղացին չի վճարել: Այստեղ մենք ունենք վարկած, որ լուրջ կոռուպցիոն սխեմաներ են գործել», - նշեց Փաշինյանը:
Ի հավելում վարչապետի խոսքին, պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը տեղեկացրեց, որ մարտի 15-ին կներկայացնեն այս ոլորտի ուսումնասիրման արդյունքները. «Գյուղացին վճարում է իր օգտագործած ջրի դիմաց, բայց դա տեղ չի հասնում, հետո վերջում գրում են կորուստի մասին: Հիմնական ձեռագիրը սա է»,- ասաց նա:
Վարչապետը դատախազությանը, իրավապահ մարմինների ներկայացուցիչներին հանձնարարել է լուրջ զբաղվել այս հարցով, քանի որ 2019 թվականի ոռոգման սեզոնը պետք է լինի խիստ կարգապահ սեզոն:
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն էլ վարչապետին տեղեկացրեց, որ փոքր ՀԷԿ-երի 30 տոկոսի մոտ արդեն տեղադրվել են ջրաչափեր: Ասաց նաև ծրագիր են մշակել, որ բոլոր ՀԷԿ-երը ջրաչափական համակարգ են ունենալու, որը առցանց միացված է լինելու տեղեկատվական համակարգին: Այս դեպքում նախարարությունը իրական համակարգում կստանա ՀԷԿ-երի ծախսած ջրի քանակի մասին տեղեկատվություն:
Մեկնաբանել