
Վերանայել ներդրումային բոլոր առաջարկները. վարչապետի հանձնարարականները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հայտնեց, որ կառավարության գործունեության հնգամյա ծրագրի խորհրդարանական քննարկումների արդյունքներով` կարող է արձանագրել, որ Հայաստանի քաղաքացիներն ընկալել են տնտեսական հեղափոխության կառավարության բանաձևը:
«Իհարկե կառավարությունը դեռ պետք է ընդունի գործունեության ծրագրից բխող միջոցառումների ցանկը: Հիմա ուզում եմ բարձրաձայնել մի քանի ուղղություններ, հանձնարարականներ, որոնց ուղղությամբ մենք իրար հետ և առանձին նախարարություններ, պաշտոնյաններ պետք է աշխատենք», - ասաց վարչապետը և կառավարության անդամներին մի շարք հանձնարարականներ տվեց:
Վարչապետը հանձնարարեց վերանայել մինչ այժմ ներկայացված բոլոր ներդրումային առաջարկները, գույքագրել դրանցից յուրաքանչյուրի ընթացքը, բացահայտել դրանց իրականացման հետ կապված խնդիրները և այդ տեղեկատվությունը կենտրոնացնել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն:
Փաշինյանը հանձնարարեց արագացնել «Ներդրումային հայկական հիմնադրամ»-ի ստեղծման աշխատանքները:
Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին հայտնեց, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առաջարկությամբ ներդրումային ծրագրերի քննարկման զտիչ միջոց են մշակել:
Ասաց՝ լինում են դեպքեր, երբ ներդումային ծրագրերի քննարկման վրա ժամանակ են վատնում, քանի որ ներդրողը հստակ ֆինանսական երաշխիքներ չի ներկայացնում: Առաջարկեց՝ ներդումային ծրագրերի հետ կապված խոսակցություններ ունենալ միայն այն մարդկանց հետ, ովքեր բանկերից կներկայացնեն տեղեկանք՝ հավաստելով, որ ունեն բանկային պատմություն:
Վարչապետը նշեց, որ սա կարևոր է նրա ներդումային պոտենցիալը հասկանալու համար .«Եթե մարդ, որը ենթադրենք կյանքում իր բանկային հաշվում 5000 դոլար չի ունեցել, եկել, ասում է՝ 50 միլիոն կամ 5 միլիոն դոլարի ներդրում եմ ուզում անել: Հասկանալի է, որ այդտեղ ինչ-որ բան այնպես չէ: Եթե բանկը հավաստիացնում է, որ այս մարդը ունի ներդրումային պոտենցիալ և գիտի՝ ինչ թվերի մասին է խոսում, դա արդեն շատ կոնկրետ և պաշտոնական ազդակ է, որ պետք է օգտագործել այդ ժամանակը: Հետևաբար մենք ժամանակ չենք ծախսում որևէ այնպիսի խոսակցության վրա, որը այսպիսի հավաստիացումով ամրագրված չէ: Հակառակ դեպքում, մենք անլուրջ խոսակցությունների վրա կծախսենք ժամանակ, և ժամանակ չի մնա այն պոտենցիալ ներդրողների համար, ում հետ խոսակցությունը արժի և իմաստ ունի տանել», - նշեց Փաշինյանը:
Վարչապետն ասաց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մոտենում է սեզոնային աշխատանքի շրջանը, պետք է մշակվի մեխանիզմ, որ սեզոնային ժամանակավոր աշխատանքի ընդունվելու պարագայում քաղաքացին չզրկվի ընտանեկան կամ սոցիալական նպաստից:
Նշեց, որ պետք է հաշվառվեն հանրապետությունում առկա բոլոր թափուր աշխատատեղերը՝ ըստ գործատուի:
Հանձնարարականներից մեկով՝ պետք է արագ բացահայտել բոլոր այն մարդկանց, ովքեր ամսական 100 հազար դրամ և ավելի վարկեր են վերցնում և միևնույն ժամանակ օգտվում են ընտանեկան և սոցիալական նպաստից:
Փաշինյանը հանձնարարեց բանկային տոկոսադրույքների նվազեցման խնդիրը պահել օրակարգում և մշակել ռազմավարություն միկրոբիզնեսը, անասնապահությունը վարկավորելու նպատակով:
Ասաց՝ պետք է մեծ թափով սկսել մասնագիտացված ուսումնական կենտրոնների հիմնումը և վերամասնագիտացման ծառայություններ մատուցել՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան:
«Ակտիվացնել և զարգացնել բոլոր այն ուսումնական կենտրոնները և նախագծերը, որոնց նպատակը մարդկանց բիզնես հմտություններ սովորեցնելն է և ֆինանսական գրագիտության շարունակական բարձրացումը», - նշեց նա:
Ընդգծեց, որ պետք է ակտիվացնել մասնավոր հատվածի ներգրավումը միջին մասնագիտական կրթական հաստատությունների վերակենդանացման, ակտիվացման և զարգացման գործում:
Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին՝ նշեց, որ կաթիլային ոռոգման, հակակարկտային ցանցերի և գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների ներդրման բյուջետային ծրագրերի արդյունավետությունը պետք է բարձրացնել այնպես, որ բյուջեով նախատեսված ծրագրերը իրականանան: Հանձնարարեց նաև պատրաստվել պտուղ-բանջարեղենի արտահանման սեզոնին և նոր պոտենցիալ արտահանողների համար շուկայի հասանելիության երաշխիքներ ստեղծել:
Հանձնարարեց նաև ջրամբարաշինության և ճանապարհաշինության առկա նախագծերի գույքագրում իրականացնել և նոր նախագծեր նախաձեռնել:
Մեկնաբանել