
Պատգամավոր Լեւոն Սարգսյանի թիկնապահին կալանավորեցին
Հենց նոր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց քննչական մարմնի միջնորդությունը եւ որոշեց երկու ամսով կալանավորել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Սարգսյանի (մականունը՝ Ալրաղացի Լյովիկ) թիկնապահ Արմեն Սարգսյանին:
Այս մասին «Հետքին» հայտնում է դատարանում գտնվող ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը եւ մանրամասնում, որ Գդըռ մականունով հայտնի Արմեն Սարգսյանին իրավապահները ձերբակալել են մաքսանենգության կասկածանքով:
Արմեն Սարգսյանի մասին «Հետքը» ժամանակին գրել է. նրա անունը տարիներ առաջ քննարկվում էր մի աղմկահարույց սպանության գործի շրջանակներում:
2008թ. սեպտեմբերի 21-ին Երեւանի Խանջյան փողոցում գտնվող «Ադնակլասնիկ» սրճարանում դաժանաբար ծեծի ենթարկված Անդրանիկ Բաբայանն, այդպես էլ ուշքի չգալով, հիվանդանոցում մահացավ: Իսկ նրա ընկերը` Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրի այն ժամանակվա ղեկավար Արթուր Սահակյանը, հայտարարեց, որ երկու երեխաների հորը` 35-ամյա Անդրանիկին, սպանել է պատգամավոր Լեւոն Սարգսյանի «բանդան»:
Մեկ շաբաթ հետո ոստիկանությունը հայտարարեց, որ 1974 թ. ծնված Արմեն Սարգսյանը մեղայականով ներկայացել էր ոստիկանություն եւ խոստովանել, որ «Ադնակլասնիկ» սրճարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հեղինակն ինքն է:
Սակայն օրեր անց ոստիկանությունը նոր հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ Արմեն Սարգսյանն արդեն նոր ցուցմունք է տվել եւ նշել, թե ընդամենը «ներկա է եղել սրճարանում տեղի ունեցած միջադեպին, հայհոյել է, սակայն ոչ մեկին չի հարվածել ու ծեծկռտուքին չի մասնակցել»:
Այսպիսով, այն բանից հետո, երբ նշյալ սպանության գործը ստացավ հասարակական մեծ հնչեղություն եւ հայտնվեց լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, գլխավոր «հերոսներից» մեկի՝ Արմեն Սարգսյանին վերապահված դերը փոխարինվեց չորրորդականով:
Արդյունքում նա դատապարտվեց կես տարվա ազատազրկման եւ մինչ դատավճիռը կստանար օրինական ուժ, հայտնվեց ազատության մեջ՝ կալանքի ժամկետը լրանալու կապակցությամբ:
Լուսանկարում՝ պատգամավոր Լեւոն Սարգսյանը
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել