
Չվերահսկվող պոչամբարը վտանգ է առաջացրել Թեղուտ և Շնող բնակավայրերի համար
Փետրվարի 7-10-ը քամիների հետևանքով «Թեղուտ» ՓԲԸ-ի պոչամբարից մթնոլորտ արտանետված փոշին տարածվել է Թեղուտ և Շնող բնակավայրերի վրա: «Այդ երեք օրերին նույնիսկ մեր տան ճաշասեղանին անընդհատ պոչամբարի փոշի էր նստում»,- հայտնեց մի թեղուտցի, որը չցանկացավ հրապարակել իր անունը: «Շնողի բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ-ի տնօրեն Հերմինե Առաքելյանի խոսքով` բնակիչները նկատել են պոչամբարի տարածքից բարձրացող փոշու ամպերը: Ինքը՝ ամբուլատորիայի տնօրենը, այդ ամենը տեսել է ինտերնետով իրեն ուղարկված տեսանյութով և լուսանկարներով: «Ես անձամբ նոր տարվա օրերին գնացել եմ պոչամբար: Պարզապես, ինձ համար հետաքրքիր էր, թե ինչ վիճակ է այնտեղ: Փոշու հաստ շերտ կար պոչամբարի վրա, որն էլ քամու հետ բարձրանում է»,- պատմեց Հ. Առաքելյանը: Բժշկուհին պնդում է, որ կառավարության հանձնարարությամբ Թեղուտի պոչամբարից մթոլորտ բարձրացող փոշու բաղադրությունը պետք է անհապաղ հետազոտվի՝ պարզելու դրա մեջ վտանգավոր կոնցենտրացիաների քանակը:
Բժշկական ամբուլատորիայի տնօրենին մտահոգում է Թեղուտ և Շնող բնակավայրերի վրա տարածվող պոչամբարի փոշու մեջ ծանր մետաղների առկայությունը: «Ես ասում եմ այն, ինչ որ կա: Կարծում եմ` փոշուց պաշտպանվելու համար բնակչության հետ պետք է տարվեն նաև բացատրական աշխատանքներ: Անհրաժեշտ է պարզել, թե պոչանքային փոշիներն ինչ ազդեցություն կունենան բնակչության առողջության վրա: Այս խնդիրն ինձ խիստ անհանգստացնում է ոչ միայն որպես բժիշկ, այլ նաև որպես Թեղուտի բնակիչ: Անվերջ մտածում եմ իմ ընտանիքի` Թեղուտում ապրելու հեռանկարների մասին՝ արժե՞ հետայսու ապրել այստեղ»,- ասում է Հ. Առաքելյանը:
Նրա խոսքով` այնպես չէ, որ հենց այսօր բնակիչների մոտ վտանգավոր փոշին կառաջացնի չարորակ նորագոյացություններ, բայց խիստ անհրաժեշտ է պարզել փոշու մեջ ծանր մետաղների պարունակության քանակը: «Ուրիշ բան է, որ փոշու մեջ ծանր մետաղները սահմանային թույլատրելի նորմաները գերազանցեն 2 տոկոսով, այլ բան է, եթե գերազանցեն 200 տոկոսով: Իրապես պետք է գնահատվեն ռիսկերը»,- ասում է ամբուլատորիայի տնօրենը: Շնողցի Լյովա Ալիխանյանի խոսքով` փետրվարի 7-10-ը տևած քամիների հետևանքով մթնոլորտում նստած փոշին թեղուտցիներին խեղդում էր: «Շնողի ծայրամասային թաղամասում, որը գտնվում է պոչամբարի հենց դիմաց և կոչվում է Անանի թալա, տհաճ հոտ էր տարածվել: Ուղիղ գծով Անանի թալան պոչամբարից 1 կմ հեռավորության վրա է: Քամիների հետ գարնանը փոշու տարածումն ու վտանգները ավելի են շատանալու»,- ասաց Լ. Ալիխանյանը:
Նա նույնպես կարծում է, որ կառավարությունը պետք է մտածի Թեղուտի պոչամբարից բնակչության առողջությանը սպառնացող վտանգի մասին: Շնողի նախկին գյուղապետ Հովիկ Սահակյանի խոսքով` Թեղուտի պոչամբարը նոր փորձությունների առաջ է կանգնեցնելու Շնող և Թեղուտ գյուղերի բնակչությանը: «Պոչամբարը, ըստ Թեղուտ ՓԲԸ-ի ծրագրի, պետք է օգտագործվեր 50 տարի: Հենց առաջին տարում սկսեցին պոչամբարի պատվարը բարձրացնել: Դատարկ ապառները շատ էին, իսկ պոչամբարը մեծ արագությամբ լցվում էր: Թեղուտի պոչամբարը տարածվում է Շնողի Խառատաձոր հանդամասից մինչև Բաղաքիթ սարի փեշը: Մի քանի տարում լցվեց: Վալերի Մեջլումյանը չարաշահեց հանքի շահագործումը»,- ասում է Հ. Սահակյանը (Թեղուտի պոչամբարը ծավալով երկրորդն է, կառուցվել է 2014թ.: Այն նախատեսված է 180 մլն խմ արդյունաբերական աղբի համար-հեղ.):
«Քամու հետևանքով պոչամբարի փոշու արտանետումները կանխելու մասին դեռ ոչ մի տեղեկություն չկա: Այդ մասին ես տեղեկացրել եմ Շնող համայնքի ղեկավարին: Ինքն է զբաղվում: Եթե «Թեղուտ» ՓԲԸ-ի վերաշահագործումը շուտ սկսվի, երևի այդ ժամանակ պոչամբարի խոնավացումը կապահովվի, փոշի չի բարձրանա»,- բացատրեց Թեղուտի վարչական ներկայացուցիչ Ֆրունզե Նորեկյանը:
««Թեղուտ» ՓԲԸ-ի աշխատելու համար պետք է գնալ հին պոչամբարի պատվարի վերակառուցման և նոր պոչամբարի կառուցմանը, իսկ դա տեսականորեն կարող է տևել 1,5 տարի»,- 2018թ. օգոստոսի 16-ին բողոքի ցույցի դուրս եկած ընկերության նախկին աշխատողներին հայտնել էր հանքը շահագործող «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխտնօրեն Վարդան Արամյանը:
«Միշտ էլ պոչամբարի փոշին քամու հետ տարածվելու է: Մինչև հիմա հանքն աշխատել է, տենց բաներ չեն եղել: Հիմա չի աշխատում, լինելու է: Անընդհատ պոչամբարի մեջ ջուր է թափվել, պոչանքի չորացած փոշի չի եղել: Հիմա, որ ջուրը չկա, պոչանքը չորացել է, դրա համար էլ սրանից հետո ամեն ինչ էլ լինելու է, եթե միջոցներ չձեռնարկեն: Դա պոչամբարի փոշի է ու շատ վտանգավոր, քամու միջոցով մեկ Թեղուտում է տարածվելու, մեկ՝ Շնողում: Տարածվելուց հետո ո՞նց կարող էինք պոչանքների հոտը չզգանք, ամեն ինչ էլ զգում էինք: Եթե միջոցներ չձեռնարկեն, ամբողջ բնակչությանը վնասելու է»,- ասաց թեղուտցի Դավիթ Խաչիկյանը:
«Թեղուտ» ՓԲԸ-ի աշխատանքների դադարեցման հետևանքով ներկայումս Շնող և Թեղուտ բնակավայրերում սոցիալական լարված իրավիճակ է ստեղծվել. «Թեղուտ ՓԲԸ-ն և Վալերի Մեջլումյանը Շնողի և Թեղուտի բնակչությանն ունեզրկեցին: Բերել են մի վիճակի հասցրել, որ առանց իրենց հնարավոր չլինի տնտեսության մեջ որևէ գործ անել: Հիմա նոր ենք նկատում, թե ինչ է կատարվում Թեղուտում: Հիմա «Թեղուտ» ՓԲԸ-ի այլևս նախկին տերերը սնանկացման են ձգտում, ՎՏԲ-ի հետ միմյանց համար խնդիրներ են առաջացնում»,- ասում է Լյովա Ալիխանյանը: Նրա կարծիքով` Թեղուտի խնդիրն այնքան մեծ է, որ մարզպետարանի մակարդակով չի լուծվի: «Կառավարությունը պետք է գնահատական տա պոչամբարում և Թեղուտ ու Շնող գյուղերում ստեղծված աղետալի վիճակին»,- եզրափակում է Լ. Ալիխանյանը: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը տեղյակ չէ Շնող եւ Թեղուտ գյուղերի բնակիչների բողոքից: «Ես չեմ տեղեկացվել այդ մասին: Իմ լիազորությունների շրջանակում վաղը խնդիրը կքննարկեմ մասնագետների հետ: Ամեն ինչ կանենք պոչամբարից տարածվող փոշու վտանգները պարզելու և բնակչության անվտանգությունն ապահովելու համար»,- ասաց Անդրեյ Ղուկասյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել