
Հիմնանորոգվում է Գյումրիի «Երեխաների տուն» մանկատունը
Հեռախոսամարաթոն 2011-ի շրջանակներում գերմանահայ համայնքի նվիրաբերած միջոցներով «Հայաստան» համահայկական հիմնադրամը հիմնանորոգում է Գյումրիի «Երեխաների տուն» մանկատունը:
Մանկատան շենքը կառուցվել է 1924թ. և մինչև 1972թ. գործել որպես գիշերօթիկ մանկապարտեզ: 1946 և 1993թթ. կառուցվել է ևս երկու մասնաշենք: Հիմնադրամը նախաձեռնել է երեք մասնաշենքից երկուսի վերանորոգումը (ընդհանուրը' 900քմ մակերես տարածք):
Ծրագրի շրջանակներում կբարեկարգվեն ննջարանները, մարմնամարզության դահլիճը, ճաշարանը, խոհանոցը, սանհանգույցները, կտեղադրվեն օդափոխության և հակահրդեհային համակարգեր: Տարածքն առավելագույնս կհամապատասխանեցվի հաստատության կարիքներին:
Մանկատանը խնամք է ստանում մտավոր և ֆիզիկական շեղումներ ունեցող մինչև 6 տարեկան ավելի քան 120 երեխա: 6 տարեկանը լրանալուց հետո մանկատան սաները տեղափոխվում են դեռահասների համար նախատեսված մանկատներ, այդ թվում' Խարբերդի մասնագիտացված և Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատներ:
Երեխաներին տեղաբաշխելիս հաշվի են առնվում նրանց մտավոր և ֆիզիկական վիճակը, նրանց վիճակի բարելավման հնարավորությունները: Օրինակ՝ տեսողական խնդիրներ ունեցող երեխաներն էլ տեղափոխվում են ապրելու և ուսանելու Երևանի տեսողական խնդիրներ ունեցող երեխաների թիվ 14 գիշերօթիկ դպրոցում: Իսկ այն երեխաները, որոնց վիճակը զգալիորեն բարելավվում է անհրաժեշտ բժշկական միջամտությունից հետո, ծնողների ցանկությամբ երբեմն վերադառնում են ընտանիք:
«Խնդիրներն օրեցօր ավելանում էին: Կոյուղագծերն ու ջրագծերը քայքայվել էին: Դրանց մաշվածության պատճառով սանհանգույցներն ավելի ու ավելի հաճախ էին անօգտագործելի դառնում, իսկ պատերը խոնավությունից քայքայվել էին: Շենքի օդափոխության համակարգը վաղուց արդեն չէր գործում, մի բան, որ անընդունելի է առողջական ամենատարբեր խնդիրներ ունեցող երեխաների համար»,- պատմում է մանկատան տնօրեն Ռուզաննա Ավագյանը:
Նա հավելում է, որ շենքային բարեկարգ պայմաններում հույս ունեն նաև լիարժեք վերականգնողական թերապիա անցկացնել իրենց սաների համար:
«Մեր ցանկությունն է, որ հայ մանուկները լինեն առողջ ու ապրեն լիարժեք կյանքով: Իսկ եթե կան երեխաներ, որոնք խնդիրներ ունեն, պետք է անենք հնարավորը, որ նրանց կյանքը լինի հնարավորինս լուսավոր ու իմաստալից»,- ասում է «Հայաստան» հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի ատենապետ Ժիլբեր Մոմջյանը:
Մեկնաբանել