
Բռնազավթված հողամասի 1քմ-ի համար 1,5 ձվի գնի չափով փոխհատուցում է սահմանվել
Հալիձորցի 12 սեփականատեր սպասում է Սահմանադրական դատարանի վճռին
«Ինստեյտ մենեջմենթ ընդ ադմինիսթրեյշն քամփնի» ՓԲԸ-ն ընդդեմ հալիձորցիների հակամարտությունը շարունակվում է: Կառավարության 2009թ. հունիսի 26-ի թիվ 944-Ն որոշմամբ գերակա շահ հռչակված հողատարածքների գնումը հիշյալ կազմակերպության կողմից դեռ չի հասել իր տրամաբանական ավարտին:
Երեք տարի առաջ 12 հալիձորցիներ հրաժարվել էին վաճառել գերակա շահ հռչակված իրենց հողաբաժինները՝ համարելով այն կողոպուտ օրը ցերեկով:
Նրանց չէին բավարարել ոչ արված գնահատումները, ոչ իրենց առաջարկվող գինը, ոչ տարածքներն իրացնող կազմակերպության`«Ինստեյտ մենեջմենթ ընդ ադմինիսթրեյշն քամփնի» ՓԲԸ-ի գործելակերպը:
«Եղել են բազմաթիվ խախտումներ»,- պնդում է բողոքող կողմի փաստաբան Կարեն Մեժլումյանը:
12 հալիձորցի 2009թ. նոյեմբերի 16-ին դիմել էր դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 2009թ. հունիսի 26-ի թիվ 944-Ն որոշումը՝ «ՀՀ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղական համայնքի քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողամասերի նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին»:
Վարչական դատարանն, առանց գործի հրապարակային քննության, 2010թ. մարտի 1-ին կայացրել էր որոշում, որով սկզբունքորեն խախտել էր հրապարակային դատաքննության հայցվորների իրավունքը:
Խնդիրը բոլորովին այլ տեսանկյունից դիտարկող «Ինստեյտ մենեջմենթ ընդ ադմինիսթրեյշն քամփնի» ՓԲԸ-ն էլ իր հերթին էր հայցով դիմել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` հալիձորի բնակիչներ Ավագ, Աշալույս, Արկադիա, Արտավազդ և Աննա Գևորգյաններին, Սաշիկ, Ջուլիետա, Հրայր և Նելլի Զախարյաններին, Շավարշ, Ռայա, Վրեժնիկ և Արմինե Մխիթարյաններին սեփականությունն օտարելու և օտարելու պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու /հարկադրելու/ պահանջով:
Առաջին ատյանում դատը շահել էր «Ինստեյտ մենեջմենթ ընդ ադմինիսթրեյշն քամփնի» ՓԲԸ-ն: Պատասխանող կողմը վճիռը բողոքարկել էր վերաքննիչ դատարան: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2010թ. դեկտեմբերի 24-ի որոշումով վերաքննիչ բողոքը մերժվել էր: Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բերվել էր վճռաբեկ բողոք, որը 2011թ. ապրիլի 27-ի որոշումով հետ էր վերադարձվել:
Հայցվորների նյութական և դատավարական իրավունքի խախտման հիմքով նրանց շահերի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը դիմել էր Սահմանադրական դատարան:
ՀՀ Սահմանադրական դատարանի 2011թ. փետրվարի 8-ի ՍԴՈ-936 որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասով, որով արգելափակվում է անձի իրավունքը` դատավարական իրավունքի նորմի խախտման հիմքով բողոքարկելու նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով, վարչական դատարանի դատական ակտերը ճանաչվել էին ՀՀ Սահմանադրության 3-րդ, 18-րդ և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
2011թ. նոյեմբերի 14-ին հալիձորցիների շահերի պաշտպան Կարեն Մեժլումյանն երկրորդ դիմումն է ուղարկել Սահմանադրական դատարան: Դիմումն ընդունվել է վարույթ, իսկ քննությունը նշանակվել սույն թվականի փետրվար 14-ին: Որպես պատասխանող կողմ՝ գործում ներգրավված է ՀՀ Ազգային ժողովը: Կարեն Մեժլումյանն իր երկրորդ դիմումով վիճարկում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198 հոդվածի 3-րդ մասի սահմանադրականությունը:
Փաստաբան Կարեն Մեժլումյանի փոխանցմամբ՝ «Ինստեյտ մենեջմենթ ընդ ադմինիսթրեյշն քամփնի» ՓԲԸ-ն հողամասերի օտարման պայմանագրերի նախագծեր չի ուղարկել հողամասերի բոլոր սեփականատերերին, ավելին, գործի նյութերում առկա պայմանագրերի նախագծերից ոչ մեկում նրանք որպես կողմ նշված չեն:
Սահմանադրության 31-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը: Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու շահերը:
«Սեփականության օտարումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ գերակա հանրային շահի դեպքում, օրենքով սահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ,- ասում է Կարեն Մեժլումյանը:- Հալիձորցիների պարագայում համարժեք նախնական փոխհատուցում ասվածը բացակայում է: Իմ վստահորդներն ի սկզբանե չեն համաձայնվել առաջարկված գումարի հետ` կազմակերպության արած հողերի գնահատումը համարելով սխալ: Բացի դրանից՝ չգիտես ինչու, օտարման պայմանագրի նախագիծը օտարվող սեփականության համասեփականատերերից մեկին ուղարկելը համարվել է բավարար: Անտեսվել են մյուս սեփականատերերի կարծիքն ու շահերը»:
«Հետքը» 2011թ. դեկտեմբերին պաշտոնական նամակով փորձել էր «Ինստեյտ մենեջմենթ ընդ ադմինիսթրեյշն քամփնի» ՓԲԸ-ից տեղեկանալ, թե ՓԲԸ-ն արդյոք պատրաստվում է պարապուրդի մատնված տարածքում ի վերջո սկսել հյուրանոցային համալիրի շինարարությունը, և ստացել է դրական պատասխան: Կազմակերպությունը շրջանցել էր հարցը, թե ինչ քայլեր է ձեռնարկելու փոխհատուցումից դժգոհ հալիձորցիների հետ խնդիրը հարթելու ուղղությամբ և որևէ կոնկրետ պատասխան չէր տվել:
Դրա փոխարեն կազմակերպության տնօրեն Տիգրան Ղազարյանը պարզապես տեղեկացրել էր, որ դեռևս հայտնի չեն շինարարության ծավալները, այդ թվում նաև ներդրումների չափը: Մնում է զարմանալ, թե 3 տարի առաջ տարածքներ գնելիս ի՞նչ ծավալներով ու ներդրումային չափերով էին առաջնորդվել «Ինստեյտ մենեջմենթ ընդ ադմինիսթրեյշն քամփնի» ՓԲԸ-ն ու «Ազգային մրցունակության հիմնադրամը»:
Գուցե պետք չէր այդքան տարածք ձեռք բերել, եթե ամեն ինչ պիտի արվեր «համեստ» տարբերակով: Եվ ինչո՞ւ է այդքան վստահ Տ.Ղազարյանը, երբ պնդում է, թե գարնանը հյուրանոցային համալիրի շինարարությունը կսկսվի՝ անկախ ամեն ինչից, այս դեպքում պիտի ենթադրել՝ անկախ առկա տարաձայնություններից:
Նույն հարցերը, թե կարո՞ղ է արդյոք շինարարություն սկսել վիճահարույց տարածքում հողեր գնած կազմակերպությունը, և ի՞նչ հետևանքներ կունենա դա, ուղղեցինք փաստաբան Կարեն Մեժլումյանին:
«Կշարունակվի հալիձորցիների իրավունքների խախտումը, որը սկսվել է 12 հալիձորցիների հողամասերը առանց փոխհատուցման բռնազավթելով, այնուհետև դատարանի միջոցով արդեն իսկ բռնազավթված հողամասի 1քմ-ի համար 1,5 ձվի գնի չափով փոխհատուցում սահմանելով, ինչը, բնականաբար, բնակիչները հրաժարվել են ընդունել»,- պատասխանեց Կարեն Մեժլումյանը:
Մեկնաբանել