
Քաղաքապետարանը հաստատեց «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ստեղծելու մասին նախագիծը
Երևանի ավագանին այսօրվա նիստում հաստատեց Երևանում «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՊՈԱԿ-ի կանոնադրությունը հաստատելու մասին նախագիծը:
Այն ներկայացրեց բնապահպանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խաչիկ Հակոբյանը: «Թափառող շները հանդիսանում են բնակչության դժգոհությունների, դժբախտ պատահարների պատճառ, հանրային առողջապահության և անվտանգության խնդիր են դառնում: Սոված և հիվանդ շների տեսարանը մտահոգիչ է ողջ բնակչության համար»,- նշեց ավագանու անդամը:
Ըստ կատարված ուսումնասիրության՝ Երևանում թափառող շների քանակը մոտ 10-15 հազար է: 2016-2018 թեժ գծին շուրջ 5000 բողոք է ստացվել, օրական՝ միջինը 25 ահազանգ:
Խաչիկ Հակոբյանը նշեց, որ շների դեմ պայքարելու երեք տարբերակ կա՝ ոչնչացնել բոլոր էգ շներին, վերացնել աղբը՝ կերակուրը, որով նրանք սնվում են, և երրորդը՝ որսալ, ամլացնել և բաց թողնել նույն միջավայր, որտեղից որսացել են: Քաղաքապետարանը նախատեսում է իրականացնել 3-րդ տարբերակը:
«Ծրագիրը պետք է իրականացվի համալիր. որս, տեղափոխում անասնաբուժարան, հետազոտություն, ստերջացում, համարակալում, խնամք և վերադարձ բնակավայր: Նախատեսված է 2019-ին ստերջացնել 6000 թափառող շների՝ առկա շների 75 տոկոսը»,- ներկայացրեց Հակոբյանը:
Որոշման նպատակն է թափառող կենդանիների վնասազերծման և նրանց թվաքանակի կանոնակարգման համալիր ծրագրի մշակում, իրականացում, անասնաբուժական ծառայությունների (ախտորոշումներ, պատվաստումներ, բուժումներ, վիրահատություններ, խնամք և այլն) ներառում և համագործակցում հայաստանյան և միջազգային հասարակական կազմակերպությունների հետ:
Մեկնաբանել