
Ֆինանսների նախարարը խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության հետ փակ հանդիպման է
Այս պահին խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ փակ հանդիպում է անցկացնում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Խմբակցությունը նախարարին հրավիրել է հարկային օրենսգրքի նախագծի փոփոխությունների և պարգևավճարների թեմայով քննարկման:
Մինչ հանդիպումը ֆինանսների նախարարն անդրադարձավ այն քննադատություններին, որ կառավարության ծրագրում հստակ ներկայացված թվեր քիչ կան:
«Շատ օրինաչափ է որևէ ծրագրի քննադատությունը, և համոզմունք կա նաև, որ կարծիքների բախումը որպես կանոն բարելավմանն է ուղղված լինում: Տեսակետը, որ ծրագրերը մենակ թիվ պետք է լինի կամ դրանք պետք է շատ լինեն, գոյություն ունենալու իրավունք ունի, բայց որպես բացարձակ ճշմարտություն չի կարող օգտագործվել, որովհետև չկան հստակ պահանջներ ծրագրին, հետևաբար որևէ կառավարություն ինքն է որոշում, թե ծրագիրն ինչպիսին պետք է լինի»,-ասաց Ջանջուղազյանը:
Հիշեցնենք, որ կառավարությունը երեկվա նիստում հաստատել է ծրագիրը և առաջիկա նիստին այն կներկայացվի խորհրդարան:
Մեկնաբանել