
Կառավարությունը միտված է զինված ուժերը համալրել հրետանային խոցման և հակաօդային պաշտպանության ժամանակակից համալիրներով
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է կառավարության ծրագիրը, որն առաջիկայում ներկայացվելու է խորհրդարանին: Ծրագրի առաջնահերթություններից է պաշտպանության ոլորտի քաղաքականությունը:
Կառավարությունը նպատակադրել է պետության պաշտպանունակության մակարդակը բարձրացնել այնպես, որ այն համարժեք լինի ռազմական սպառնալիքների գնահատված (կանխատեսվող) մակարդակին և հավանական պատերազմի բնույթին՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ զինված ոտնձգությունը զսպելու և կանխելու, իսկ պատերազմի ժամանակ՝ ռազմական գործողություններն առավելագույնս վաղ փուլում և Հայաստանի Հանրապետության համար շահավետ պայմաններով դադարեցնելու համար:
«Երկրի առջև ծառացած մարտահրավերների երկարաժամկետ բնույթից ելնելով»՝ կառավարությունն առաջիկա հինգ տարիների համար պահպանելու է բնակչության և ռեսուրսների նկատմամբ անհամաչափ մեծաքանակ զինված ուժեր՝ կարևորագույն խնդիրներից համարելով պարտադիր ժամկետային և պայմանագրային ծառայության փոխլրացնող համակարգի շարունակական բարելավումը և զինված ուժերի գործունեությունն ու զարգացումն առաջնորդելով պատրաստականության բարձրացման ու մարդկանց նկատմամբ հոգածության ավելացման սկզբունքներով:
Կառավարությունը մտադիր է ներդնել ռեսուրների կառավարման և հաշվետվողականության բարձրացման բարելավված մեխանիզմներ, որոնք կնպաստեն կոռուպցիայի դեմ պայքարի ուժգնացմանը:
Ծրագրում անդրադարձ կա նաև ԶՈՒ տեխնիկայի և սպառազինության ձեռքբերմանը.
«Կառավարությունը միտված է զինված ուժերը համալրել գերճշգրիտ հեռահար հրթիռային հարվածների, հրետանային խոցման և հակաօդային պաշտպանության արդի համալիրներով, բազմաֆունկցիոնալ ավիացիայով և ավտոմատացված ու ռոբոտացված օդային և վերգետնյա համակարգերով՝ այդպիսով ավելացնելով անհրաժեշտ խորությամբ հետախուզության, զորաշարժի և կրակային խոցման հեռավորությունը, ճշգրտությունը և արդյունավետությունը: Անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչ է լինելու հայրենական ռազմական արդյունաբերության զարգացումը, ուշադրության կենտրոնում է մնալու տեխնիկական միջոցներով առաջնագծի հետևողական համալրումը և մարտական հերթապահության արդյունավետությունն ու անվտանգության բարձրացումը»,- ասված է նախագծում:
Թե ինչ ժամկետներում է ԶՈՒ-ն համալրվելու վերոնշյալ նորագույն սպառազինությամբ, այս մասին ծրագրում ոչինչ չկա:
Իշխող ուժը խոստանում է միջոցներ ձեռնարկել որպեսզի ԶՈՒ կառավարման համակարգը լինի առավելապես ավտոմատացված, ունենա ժամանակակից ռազմական գործողություններ վարելու համար բավարար օպերատիվություն, կենսունակություն, շարժունակություն և տեխնոլոգիական գերակայություն ու հագեցվածություն, ինչպես նաև կիբեր պաշտպանության ապահովման համար անհրաժեշտ կարողություններ:
Կառավարությունը նաև նախատեսում է զարգացնել զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանության համակարգը, երաշխավորել նրանց ամբողջական և որակյալ իրային ու պարենային բավարարումը:
«Սոցիալական պաշտպանվածության, զինվորական ծառայության գրավչության մակարդակի բարձրացման նպատակով նախատեսվում է իրականացնել բնակարանային և բժշկական ապահովման ծրագրեր»։
Մեկնաբանել