
Դեբեդավանի դպրոցի տնօրենը նկատողություն է տվել ուսուցչին՝ դասասենյակի ցածր ջերմաստիճանի մասին տեղեկացնելու համար
Տավուշի մարզի Դեբեդավան համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Մարինե Հարությունյանը հունվարի 14-ին աշխարհագրության ուսուցիչ Լուսինե Սիմոնյանին գրավոր նկատողություն է տվել՝ հիմք ընդունելով մանկավարժական էթիկայի կանոնները խախտելը եւ սուտ տեղեկատվություն հաղորդելը։
«Հետք»-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Մարինե Հարությունյանը հայտնեց, որ ուսուցիչը դասասենյակների ջերմաստիճանի եւ աշակերտների բացակայության մասին կեղծ տեղեկություն է փոխանցել ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն։ «Ամեն օր սանէպիդկայան տեղեկատվություն ենք հաղորդում դասասենյակների ջերմաստիճանի եւ բացակա աշակերտների մասին։ Հունվարի 9-ին սանէպիդկայանից զանգեցին, հարցրին՝ սխա՞լ տեղեկատվություն եք մեզ հաղորդում, ասացի՝ ինչի՞ պիտի սխալ տեղեկատվություն տամ։ Հայտնեցին, որ ուսուցիչներից մեկը զանգել եւ ասել է, որ դասասենյակում 10 աստիճան ջերմաստիճան է 20-ի փոխարեն, եւ 20 բացակա կա»։
Տնօրենը պնդում է, որ ուսուցչի հաղորդած տեղեկատվությունը ճիշտ չէ, քանի որ հունվարի 7-ից սկսած՝ բոլոր դասասենյակները ջեռուցվել են եւ ապահովվել համապատասխան ջերմաստիճանով։
Տնօրենն ուսուցչի զանգը որպես զրպարտություն է համարել եւ գրավոր նկատողություն տվել։
Մարինե Հարությունյանն այս պատմությունը կապում է նախորդ տարվա հունիսին դպրոցի մի քանի աշխատողի հետ ստեղծված լարված մթնոլորտի հետ։ «Մեր դպրոցի ամբողջ խնդիրը մի անուն ունի՝ ուսմասվար, նա փորձում է տնօրենի վրա ցեխաջուր լցնել, եւ ինքը պաշտոնի գալ»,- ասում է տնօրենը։
Ըստ Մ. Հարությունյանի՝ դեպքից հետո ուսուցիչ Լուսինե Սիմոնյանը հայտնել է, որ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն կատարված հեռախոսազանգի մասին տեղյակ չէ, եւ ինքը չի զանգահարել։
Մարինե Հարությունյանը որպես նկատողության հիմք ընդունել է մանկավարժական էթիկայի կանոնները։
«Աշխատանքային վարքի կանոնները խախտվել է, ուսուցիչը գալիս է դպրոց՝ դասապրոցեսն իրականացնելու, աշակերտին գիտելիք տալու համար եւ իր պահվածքով դաստիարակելու։ Դպրոցում տնտեսվար կա, ուսմասվար կա, տնօրեն կա, աշակերտներ կան, որեւէ մեկը ջերմաստիճանից բողոքե՞լ է»,- ասում է Մ. Հարությունյանը։
Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մանե Ղազումյանը դեպքի մասին տեղյակ է։ Ըստ նրա՝ կարգապահական տույժ նշանակվում է Աշխատանքային օրենսգրքով. «Կարող էր տնօրենն առաջնորդվել կանոններով, բայց հիմք ընդունել Աշխատանքային օրենսգրքի տվյալ հոդվածը, իսկ էթիկայի նորմը օրենք չէ եւ օգտագործվում է ըստ տնօրենի ցանկության»,- ասում է վարչության պետը։
Մանե Ղազումյանը հայտնեց, որ զբաղվածության պատճառով դպրոց չի այցելել, որ տեղում ծանոթանա իրավիճակին եւ դպրոցի պայմաններին։
Մեկնաբանել