
Արմավիրի անձնագրային բաժանմունքի պետի դուստրը որոշել է ծառայություններ մատուցել Երևանի անձնագրային ծառայության ստորաբաժանումներում
Անձնագրային և վիզաների վարչության Արմավիրի անձնագրային բաժանմունքի պետ Արա Ավանեսյանը որոշել է անձնագրային և վիզաների վարչության, դրա տարածքային որոշ ստորաբաժանումների շենքերում լուսանկարահանման, պատճենահանման և նմանատիպ այլ ծառայություններ մատուցել:
Ավանեսյանի 22-ամյա դստերը պատկանող «Հուռնետ» ընկերությունը ամիսներ առաջ անձնագրային ծառայություններից մի քանիսում արդեն իսկ այդ ծառայություններ մատուցող սարքավորումներ է տեղադրել:
Անձնագրային ծառայությունների հարակից տարածքում գործող անհատ ձեռնարկատերերը իրենց մտահոգությունն են հայտնել այս ընկերության մենաշնորհային դիրքից:
«Հուռնետ» ընկերությունը գրանցվել է 2017 թվականի դեկտեմբերի 22-ին, դրա 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը Արա Ավանեսյանի դուստրն է՝ Արմինե Ավանեսյանը: Նա ընկերության սեփականատեր է դարձել, երբ դեռ 20 տարեկան էր:
Արմավիրի անձնագրային բաժանմունքի պետ Արա Ավանեսյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ «Հուռնետ» ընկերության գործունեության վերաբերյալ։ «Չէ, ոչ մի հարցի ես չեմ կարող պատասխանել: Իմ աղջիկը ստեղ չի հիմա», - նշեց նա:
Հարցին՝ տեղյակ չէ այս ընկերության գործունեությունից, Ավանեսյանն ասաց՝ ոչ և անջատեց հեռախոսը:
Արա Ավանեսյանին պատկանող ընկերությունը լուսանկարահանման, պատճենահանման և նմանատիպ այլ ծառայություններ մատուցելու համար ոստիկանություն անձամբ է դիմել հենց հիմնադրման տարում:
Ոստիկանությունից հայտնել են, որ 2017 թվականին «Հուռնետ» ընկերությունը առաջարկել է անձնագրային և վիզաների վարչության, տարածքային ստորաբաժանումներում տեղադրել լուսանկարահանող, պատճենահանող և նմանատիպ այլ ծառայություններ մատուցող սարքավորումներ: Ընկերությունը ոստիկանությանը խոստացել է՝ այդ ծառայությունների շնորհիվ էապես բարելավել բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը և որ քաղաքացին ստիպված չի լինի նմանատիպ ծառայությունների համար դուրս գալ շենքից՝ մոտակայքում փնտրելով այդ ծառայությունները մատուցող ընկերություններ:
Ոստիկանությանը այս առաջարկը հետաքրքրել է: Կնքվել է նախնական համագործակցության համաձայնագիր: Փորձնական շահագործման պայմանով տեղադրվել են սարքավորումները։ «Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մատուցվող ծառայությունների արժեքները մի քանի անգամ ավելի մատչելի են գումարային առումով, առանց շենքից դուրս գալու քաղաքացիները ստանում են այդ ծառայությունները», - հայտնել է ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ոստիկանության փոխանցմամբ՝ «Հուռնետ» ընկերության հետ վերջնական պայմանագրի կնքումից հետո պետբյուջե կվճարվեն տարածքի վարձակալության համապատասխան գումարներ, իսկ այժմ սարքավորումները չեն գործում, անջատված և հանված են, մինչ ոստիկանության կողմից փաստաթղթերը կուղարկվեն պետական գույքի կառավարման կոմիտե, որտեղ այս ծառայության մատուցման համար անցկացված մրցույթի հաղթողի հետ կկնքվի պայմանագիր:
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» պաշտոնական կայքէջի տվյալներով՝ այս ընկերությունը «1000 դրամների» հիմնադրամին մինչ օրս վճարում չի կատարել:
Անհատ ձեռնարկատերերը բողոքում են «Հուռնետ» ընկերության մենաշնորհային և արտոնյալ դիրքից: Նրանք բաց նամակով դիմել են լրատվամիջոցներին:
Սուսաննա Գրիգորյանը արդեն 15 տարի պատճենահանման, լուսապատճենման, լուսանկարչական, թարգմանչական ծառայություններ է մատուցում անձնագրային և վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքի դիմաց:
Տիկին Սուսաննան ահազանգում է, որ «Հուռնետ» ընկերության գործունեության պատճառով աշխատանքը կորցնելու եզրին է: Ասում է՝ այս ընկերությունը արտոնյալ կարգով, հենց անձնագրային ծառայության շենքում նույնատեսակ ծառայություն է մատուցում:
«Ես գրավ եմ դրել իմ տունը, գումար եմ վերցրել, նոր տեխնիկա գնել: Աստված չանի փակվի, իմ պարտքը ո՞վ է ինձ տալու: Ես ուրիշ ձև չեմ կարող գոյատևել, ես ընտանիք եմ պահում», - «Հետք»-ի հետ զրույցում նշեց նա:
Սուսաննա Գրիգորյանի խոսքով՝ այս պահին հաճախորդներ չունեն, անձնագրային բաժանմունք եկած քաղաքացիներին ուղղորդում են ներսում գտնվող գրասենյակ: Տիկին Սուսաննան որպես օրինակ նշում է, որ եթե նախկինում օրվա ընթացքում 5-10 լուսանկար էին անում, այժմ մեկ լուսանկար չեն կարողանում անել:
«Եթե այդ ընկերությանը տեղ են տալիս, թող ինձ էլ տեղ տան: Ինքը (ընկերությունը-հեղ.) անգամ չեկ չի տալիս: Ես փորձվեմ մի անգամ ՀԴՄ չտամ, դուք տեսեք ինչ պատերազմ կանեն: Եթե այդ ընկերությունը ծառայություն է մատուցում, թող բերի, ոնց իմն է դուրսը դրած, իրեն էլ դուրսը դնի, թող մարդիկ արդեն ընտրության առաջ կանգնեն»:
Անհատ ձեռնարկատերերը իրենց բաց նամակում մտահոգություն են հայտնել, որ 2018-ի նոյեմբերից անձնագրային ծառայության Կենտրոնական /Օվիր-Դավթաշեն/, Էրեբունի, Շենգավիթ, Արաբկիր վարչական շրջանների անձնագրային ծառայությունների շենքերում գործող «Հուռնետ» ընկերության պատճառով չեն կարողանում աշխատել: Վերջինս նույն ծառայությունները մատուցում է հենց անձնագրային բաժանմունքում, ինչը անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծել, գործում է արտոնյալ և մենաշնորհային պայմաններում, քանի որ տեղակայված է անձնագրային բաժանմունքի ներսում: ԱՁ-ները ոստիկանությանն առաջարկում են կամ իրենց բոլորին տեղավորել անձնագրային ծառայություններում՝ «Հուռնետ» ՍՊԸ-ի հետ հավասար պայմաններում, կամ այս ընկերությանը դուրս հրավիրել ոստիկանության անձնագրային բաժանմունքներից:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել