
Դվինի բնակիչները Արարատի մարզպետի հետ հանդիպում են պահանջում
Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչներն առավոտյան` ժամը 10:30-ից, հավաքվել են գյուղի սկզբնամասում և պահանջում են վերանորոգել գյուղը շրջակա այլ գյուղերի հետ կապող ճանապարհը: «Հետք»-ի հետ զրույցում Դվին գյուղի բնակիչ Արտյոմ Բադալյանը նշեց, որ, ըստ նախնական ծրագրի, գյուղի ճանապարհը պետք է վերանորոգվեր այս տարվա օգոստոսին, սակայն մինչ օրս հիմնանորոգման որևէ աշխատանք չի կատարվել:
«Ճանապարհը կիսագրունտային է, գրեթե անանցանելի: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո չի վերանորոգվել, մի քանի անգամ միայն խճապատվել է, բայց ասֆալտը տեղ-տեղ մաշվել է»,- ասում է գյուղի բնակիչը:
Ըստ Արտյոմ Բադալյանի՝ ճանապարհը կարևոր դեր ունի. այն միացնում է հարակից Նորաշեն, Քաղցրաշեն, Վերին Արտաշատ գյուղերը, բացի այդ` դեպի Դվինի հնավայր տանող ճանապարհն է:
Այս պահին գյուղացիները պահանջում են մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ հանդիպում:
Մենք զրուցեցինք նաև համայնքի ղեկավար Արծրուն Աբրահամյանի հետ, ով նշեց, որ ծրագրի իրականացման համար պետք է մրցույթ անցկացվի, որի պատճառով էլ վերակառուցման աշխատանքները չեն իրականացվում:
Այս պահին համայնքի բնակիչները փակել են դեպի Արտաշատ տանող մայրուղին:
Մեկնաբանել