
Երևանի քաղաքապետարանում երկու միլիոն դրամի պարգևավճարներ են տրվել
Հունվարի 26-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հայտնեց, որ քաղաքապետարանը կհրապարակի Ամանորի կապակացությամբ քաղաքապետարանի աշխատակիցներին տրամադրած պարգևավճարների հավելվածները:
Դրանց հրապարակումից հետո «Հետք»-ն ուսումնասիրել է քաղաքապետարանի վարչության պետերի ստացած պարգևավճարները և պարզել, որ քաղաքապետարանի որոշ վարչության պետեր, բացի իրենց ստացած 13-րդ աշխատավարձից, 1-2 միլիոն դրամ պարգևավճար են ստացել:
Վարչության պետերի պարգևատրումները տարբեր են եղել: Նրանցից ոմանք իրենց աշխատավարձի չափ պարգևատրում են ստացել, ոմանց պարգևատրումն էլ մի քանի անգամ գերազանցել է աշխատավարձը:
Քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը վարչության պետերից ամենաբարձր պարգևավճարն է ստացել: Հարությունյանը բացի իր՝ 346 հազար դրամ կազմող 13-րդ աշխատավարձից, 2,2 միլիոն դրամ պարգևավճար է ստացել: Այսինքն՝ այս վարչության պետը պարգևատրվել է իր աշխատավարձի 635 տոկոսով:
Մյուս վարչության պետը, ով քաղաքապետից շռայլ պարգևատրում է ստացել, անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանն է: Ամյանի պարգևատրումը կազմել է 2 միլիոն դրամ՝ դրան գումարած 346 հազար դրամ 13-րդ աշխատավարձ: Այս վարչության պետը պարգևատրվել է իր աշխատավարձի 576 տոկոսի չափով:
Ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանի պարգևատրումը ևս ամենաբարձրներից է եղել: Նա պարգևատրվել է 1,9 միլիոն դրամով՝ իր աշխատավարձի 549 տոկոսի չափով, բացի այդ ստացել է 13-րդ աշխատավարձ՝ 346 հազար դրամ:
Իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը, բացի իր 13-րդ աշխատավարձից, քաղաքապետի կողմից պարգևատրվել է 1,6 միլիոն դրամով: Դա Առաքելյանի աշխատավարձի 462 տոկոսն է:
Առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը ևս քաղաքապետից շռայլ պարգևատրում է ստացել՝ 1 մլն 375 հազար դրամ: Այս պարգևատրումը Բաբինյանի աշխատավարձի 397 տոկոսն է:
Քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանի պարգևավճարը կազմել է 888 հազար դրամ: Սա Գևորգյանի աշխատավարձի 256 տոկոսն է:
Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետ Արթուր Մկրտչյանը, բացի իր 346 հազար դրամ 13-րդ աշխատավարձից, որպես պարգևատրում ստացել է 742 հազար դրամ՝ իր աշխատավարձի 214 տոկոսը:
Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչություն պետ Տիգրան Սարգսյանը քաղաքապետից 487 հազար դրամ պարգևավճար է ստացել: Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գրիգոր Հարությունյանի պարգևավճարը կազմել է 397 հազար դրամ:
Քաղաքապետարանի վարչության պետերից միայն կոմունալ տնտեսության վարչության ժամանակավոր պետ Արարատ Խաչիկյանն է, որ իր աշխատավարձից՝ 346 հազար դրամից, ցածր պարգևատրում է ստացել՝ 294 հազար դրամ:
Մեր չթվարկած մնացած բոլոր վարչության պետերը քաղաքապետի որոշմամբ ստացել են 13-րդ աշխատավարձ և նույնչափ պարգևատրում:
Քաղաքապետ Հայկ Մարությանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղադրած տեսաուղերձում հրապարակել էր փոխքաղաքապետերին և վարչական շրջանների ղեկավարներին տրամադրած պարգևավճարների չափը, սակայն չէր հիշատակել քաղաքապետարանի վերոհիշալ վարչության պետերի ստացած պարգևավճարների չափը, որոնք հիմնականում գերազանցել են փոխքաղաքապետերի պարգևավճարներին:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը հրաժարվում էր քաղաքապետարանի աշխատակիցներին տրամադրած պարգևավճարների չափը հրապարակելուց: Սակայն քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնեց, որ հաշվի առնելով հանրային հետաքրքությունը՝ դրանք կհրապարակեն:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել