
Վարորդների տուգանքները 2018թ-ին կազմել են 8 մլրդ դրամ
2018 թվականին վարորդները երթևեկության կանոնները խախտելու համար տուգանվել են 8 մլրդ դրամով։ Այդ գումարը հաշվարկվել է ՃՈ տեսուչների կազմած տուգանքներից, արագաչափ և տեսանկարահանող սարքերի, «կարմիր գծեր»-ում կայանելու և չվճարելու տույժերից։
Նախորդ տարի վարորդները միայն արագության գերազանցման 771 հազար խախտում են կատարել։ Եղել են վարորդներ, ովքեր արագությունն առավելագույն չափով են գերազանցել և տուգանվել ամենաբարձր չափի տուգանքով՝ 500 000 դրամով։ Այդպիսի 45 վարչական տույժ է կայացվել: Փաստորեն, միայն այդ տուգանքների գումարից ՃՈ-ի արտաբյուջե է մուտքագրվել 22․5 մլն դրամ։
500 000 դրամի տույժ արձանագրվում է, երբ վարորդը երթևեկության սահմանված արագությունը գերազանցում է 81 կմ/ժ-ով կամ դրանից ավելի։
2018-ին՝ 2017-ի համեմատ, տեսանկարահանող սարքերով հայտնաբերված խախտումներն առավել քիչ են եղել՝ մոտ 575 հազար։ Ճանապարհային ոստիկանությունը «Հետք»-ին հայտնել է արագաչափ և տեսանկարահանող սարքերով արձանագրված տույժերի ընդհանուր չափը՝ 6 մլրդ դրամ։
Ոստիկանության փոխանցմամբ՝ արագաչափ և տեսանկարահանող սարքերի արձանագրած խախտումների վճարումների առանձնացված հաշվառում չի իրականացվում։
Վարորդները երթևեկության կանոները խախտելու համար տուգանվել են նաև ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից։ ՃՈ ծառայողները վարորդների նկատմամբ 298 հազար վարչական տույժ են կազմել։ Դրանց հանրագումարը կազմում է 1 մլրդ 817 մլն դրամ:
Տուգանքներ կազմվել են նաև կարմիր գծանշված ավտոկայանատեղիում կայանելու և չվճարելու համար։ Այդ տուգանքները հաշվարկում է Երևանի քաղաքապետարանը, և դրանց գումարը մուտքագրվում է քաղաքային բյուջե։ Քաղաքապետարանի վերջին՝ մինչ 2018 թվականի նոյեմբերի 27-ը հաշվարկած տվյալներով, կարմիր գծանշված տարածքում կայանելու և չվճարելու 51 777 տուգանք է կազմվել։ Այդ տույժերից քաղաքային բյուջե է մուտքագրվել մոտ 259 մլն դրամ:
Երթևեկության կանոնների խախտման տուգանքների քանակն ու հավաքագրված գումարի չափն այսպիսին է՝
2017-ի տուգանքների մասին
Եթե համեմատենք 2018 թվականը 2017-ի հետ, կարձանագրենք, որ նախորդ տարի արագաչափ սարքերի խախտումներն առավել շատ են եղել։ Դրան հակառակ, տեսանկարահանող սարքերի և ՃՈ տեսուչների կողմից կազմված տուգանքներն են նվազել։ Այդ տարի արագաչափ և տեսանկարահանող սարքերով տուգանքներից ոստիկանության արտաբյուջե է մուտաքագրվել 10 մլրդ դրամ, իսկ ՃՈ ծառայողների կազմած տուգանքներից՝ մոտ 2.8 մլրդ դրամ:
Ի տարբերությունը 2018-ի, 2017-ին «կարմիր գծեր»-ի 39 հազար տուգանք համաներվել է։ Դրա արդյունքում «կարմիր գծեր»-ը չվճարելու մոտ 26 հազար տուգանքի գումար է հաշվարկվել՝ մոտ 129 մլն դրամ։
Մեկնաբանել