HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Կարմիր գծում» կայանված մեքենան կողոպտել են, դեպքի բացահայտման համար տեսագրություն չկա

2018թ․ հոկտեմբերի 31-ին Սահմանադրական դատարանի մոտակայքի կարմիր գծանշված ավտոկայանատեղում կողոպտել են Արման Ղազարյանի ավտոմեքենան: Անհայտ անձինք կոտրել են մեքենայի ապակին և իրենց հետ տարել ներսում դրված համակարգիչը, կարևոր փաստաթղթեր, անձնագիր: Ղազարյանին պատճառվել է ավելի քան 100 000 դրամի նյութական վնաս:

Վարորդը դեպքի մասին հայտնել է ոստիկանություն, հարուցվել է քրեական գործ, այն դեռ քննվում է:

«Ըստ քննիչների՝ իրենք դիմել են Երևանի քաղաքապետարան՝ տրամադրելու տվյալ տարածքում տեղադրված տեսախցիկի ձայնագրությունները, սակայն քաղաքապետարանից հայտնել են, որ տվյալ տարածքում չունեն ֆիքսված տեսախցիկ և նկարահանում իրականացնում են միայն շրջիկ ավտոմեքենաների միջոցով։ Իմ դեպքը պարզ ներկայացնում է, որ, փաստացի մենք վճարում ենք չմատուցված ծառայությունների համար, ինչը ես որևէ կերպ հիմնավորված չեմ համարում»,- «Հետք»-ի հետ զրույցում նշեց Ղազարյանը:

Վարորդը սկզբունքորեն չի վճարում «կարմիր գծերի» համար նախատեսված վճարը: Ասում է՝ չմատուցված ծառայության համար վճարելը նույնքան անհեթեթ է, ինչքան չգնված ապրանքի համար: Որպես օրինակ՝ ընդգծում իր հետ պատահած դեպքը:

Ղազարյանը հույս ունի՝ Երևանի քաղաքապետարանը կվերանայի «կարմիր գծերի» վերաբերյալ մոտեցումները, կապահովի որակյալ ծառայություններ, ինչը ենթադրում է մշտական տեսահսկողության իրականացում բոլոր կայանատեղիներում և որոշակի պարտավորությունների ստանձնում՝ կապված ավտոմեքենաների անվտանգության հետ։

Սոցիալական ցանցերում վարորդները հաճախ են բարձրաձայնում «կարմիր գծեր»-ում կայանված մեքենան վնասելու դեպքերի մասին:

Երևանի քաղաքապետարանի տվյալներով՝ կարմիր գծանշումով վճարովի ավտոկայանատեղի գործում է Երևանի բոլոր վարչական շրջաններում՝ 155 փողոցում:

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ վճարովի ավտոկայանատեղիների հստակ քանակը հաշվելի չէ, իսկ կարմիր գծանշվել են այն փողոցները, որտեղ թույլատրելի է կայանատեղի:  

Քաղաքապետարանի՝ 2017-ի մարտին Հետք»-ին տրամադրած տվյալներով՝ Երևանում այդ պահին գործում էր կարմիր գծանշումներով 463 վճարովի կայանատեղի։

Չնայած կարմիր գծանշմամբ վճարովի կայանատեղի գործում է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում, տարածքը հսկող տեսախցիկներ տեղադրված են միայն Կենտրոն վարչական շրջանում և Արաբկիրի որոշ փողոցներում:

Որոշ վարորդներ կարմիր գծերում կայանելու և չվճարելու տուգանքը բեկանում են հենց այն հանգամանքով, որ տարածքը հսկող տեսախցիկ չկա: Նման դեպքերի անդրադարձել էինք դեռևս 2016 թվականին:

2017-2018-ին «Կարմիր գծերը» չվճարելու քանի՞ տուգանք է բեկանվել

Երևանի քաղաքապետարանի տվյալներով՝ 2018 թվականի նոյեմբերի 27-ի դրությամբ մեքենան կարմիր գծանշված տարածքում կայանելու և չվճարելու համար 56 117 տույժ է կազմվել (յուրաքանչյուր տույժի համար 5000 դրամ է սահմանված-հեղ.): Տույժերից 4400-ն անվավեր է ճանաչվել: 51 777 տուգանքից քաղաքային բյուջե է մուտքագրվել մոտ 259 մլն դրամ:

2018 թվականի տուգանքների տվյալները քաղաքապետարանը հաշվարկել է մինչ նոյեմբերի 27-ը, քանի որ մյուս ժամանակահատվածի իրավախախտումներով նիստերը դեռևս տեղի չեն ունեցել:

2017 թվականին կարմիր գծերի համար չվճարված տուգանքները առավել շատ են եղել՝ 64 933: Սակայն վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներմամբ 39 118 տուգանք անվավեր է ճանաչվել, և քաղաքային բյուջե այդ տուգանքներից մուտքագրվել է 129 մլն դրամ՝ 25 815 տուգանքի համար:

«Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղեր կազմակերպելու» որոշման մեջ նշվում է՝ ավտոկայանատեղին պետք է ունենա տարածքի մակերեսի կոշտ պատվածք, ավտոկայանատեղի սահմանների սահմանազատում՝ փողոցի երթևեկելի մասում, տուրքի գանձման, տարածքի վերահսկման և երթևեկության կազմակերպման այլ տեխնիկական միջոցներ (հնարավորության դեպքում), կառուցվածքային տարրերով տարանջատում:

Ըստ որոշման՝ տարածքում պետք է լինի նաև վճարովի ավտոկայանատեղիի մասին տեղեկատվական ցուցանակ, որում պետք է լինի ավտոկայանատեղիի կազմակերպչի լրիվ անվանումը կամ անուն-ազգանունը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, կայանատեղիի աշխատանքային ռեժիմը, ծառայության մատուցման դիմաց սահմանված տուրքի չափը:

Մենք շրջել ենք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կարմիր գծանշված մի շարք կայանատեղիներում և արձանագրել, որ դրանք միայն կարմիր գծանշված են, բացակայում են տարածքը հսկող տեսախցիկն ու կայանատեղին հավաստող վահանակը: Իսկ որոշ հատվածներում էլ, եթե կա կայանատեղին հավաստող տեղեկատվական վահանակ, ապա բացակայում է տարածքը հսկող տեսախցիկը: 

Երևանի ավագանու նախկին անդամ, «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանն ասում է, որ  «կարմիր գծեր»-ը հսկող տեսախցիկներ պետք է տեղադրվեն կարմիր գծանշված բոլոր կայանատեղիներում, դրա փոխարեն շրջիկ մեքենաները պետք է դուրս բերվեն գործածությունից:

Ղահրամանյանը՝ որպես վարորդների իրավունքները պաշտպանող ՀԿ-ի համահիմնադիր, վարորդներից «կարմիր գծերի» վերաբերյալ ամենաշատ բողոքները ստանում է տուգանքների անփաստարկ վարչարարության վերաբերյալ:

Որպես ավագանու անդամ՝ իրավաբանական վարչության պետին մշտապես բարձրաձայնել է վարչարարության սխալ կիրառման մասին, սակայն մեկ տարվա ընթացքում ոչինչ չի փոխվել:

Ղահրամանյանի գնահամամբ՝ հաճախ կարմիր գծով գծանշվում են փողոցներ, որոնք ավտոկայանատեղի չեն: Նրա խոսքով` շատ քիչ ավտոկայանատեղիներում են տեղադրված տեսախցիկներ, և դա հանգեցնում է օրենքի սխալ կիրառման: Նրա խոսքով՝ բողոքարկվող տուգանքների 98 տոկոսը բեկանվում է, նաև այն պատճառով, որ տարածքում տեսախցիկ չկա: «Եթե հանել են օրենք, որը Վարչական դատարաններում բեկանվում է, հետևաբար այդ օրենքը սխալ է աշխատում, և այդտեղ խնդիր կա: Մենք ոչ թե ասում ենք՝ վերացրեք կարմիր գծանշված այդ ավտոկայանատեղիները, մենք ասում ենք՝ հստակ սահմանումներ պետք է տրվեն կայանատեղիին, ոչ թե քայլել փողոցի երկայնքով և ասել՝ այստեղ պետք է լինի վճարովի կայանատեղ, և այն կազմակերպել ընդամենը կարմիր գիծ գծելով: Դա միաժամանակ որոշ փողոցներում հանգեցրեց երթևեկության դանդաղեցմանը»:

Ղահրամանյանն ընդգծում է՝ եթե անգամ վարորդները վճարովի կայանատեղիում մեքենան կայանելիս վճարում են, դա անում են չտուգանվելու համար: Ապա հավելում է, որ թեեւ վարորդները տարեկան վճարում են «կարմիր գծերի» համար նախատեսված վճարները, ապահովագրված չեն, որ ցանկացած ժամի, ցանկացած վայրում կայանատեղի կգտնեն: «Վճարում են, բայց մարդիկ, միևնույն է, իրենց կայանման խնդիրը չեն լուծում: Ստիպված մեքենան այլ վայրում են կայանում, որը բերում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման և տուգանքների»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter